Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա թե ինչու էր գիրանում Վարդան Այվազյանը

Դեկտեմբեր 26,2007 00:00

Գաղտնիքը բնապահպանության նախարար լինելն է

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Ամանորը նշելու է քաղաքից դուրս՝ Ծաղկաձորում, ընտանիքի եւ մոր հետ: Այս մասին նա ասաց «Առավոտի» հետ զրույցում տարին ամփոփելու կապակցությամբ հրավիրված միջոցառմանը. «Ես չէի ուզենա տանը մնալ, քանի որ այդ գնալ-գալու մեխանիզմը շատ ծանր է: Բացի այդ, ուզում եմ նաեւ մյուսներին դրանից ազատել, որովհետեւ երբ իմանան, որ տանն եմ, անպայման պիտի գան»: Նախարարը ընդհանուր առմամբ տարին լավ գնահատեց, թեեւ նշեց, որ բնապահպանության ոլորտը նրա համար ավելի դժվար է, քան քաղաքաշինության ոլորտը. «Ինչ բնապահպանության նախարար եմ՝ լարվածությունից ահագին չաղացել եմ, շատ դժվար է այս ոլորտը, շատ եմ նյարդայնանում, իսկ երբ քաղաքաշինությունում էի՝ 15 կգ նիհարել էի»:

Ամանորի հետ մեկտեղ նախարարի լարվածությունն է՛լ ավելի է մեծացել. շուկայում ամենուրեք սիգ է վաճառվում, իսկ դա խոսում է այն մասին, որ նախարարությունը չի կարողանում լավ իրագործել սիգի որսի արգելքը, որսագողերն ավելի խորամանկ են գտնվում: Այս առնչությամբ «Առավոտի» հարցը պարոն Հարությունյանը չհերքեց, որ շուկաներում իրենք էլ են հանդիպել սիգի վաճառքի, որի արդյունքում արդեն առգրավել են մոտ 266 հատ սիգ: Այդ ձկները նախարարությունն ուղարկել է «Զատիկ» մանկատուն եւ տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց. «Մենք բավականին խստացրել ենք վերահսկողությունը ձկնորսության առումով եւ մի քանի տասնյակ դեպք ենք արձանագրել, անգամ շուկաներն ենք ստուգել: Ես ինքս էլ շրջել եմ շուկաներում, տեսել եմ, հարցրել եմ: Սակայն այսօր մեր երկրում ձկնաբուծությունն այնքան է զարգացել, որ ձկան պաշարներ շատ կան: Իսկ շուկաներում գուցե վաճառողը ստի, որ դա Սեւանի սիգ է, որպեսզի իր ապրանքը թանկ վաճառի»: Այդ դեպքում ինչպե՞ս որոշել՝ դա Սեւանի՞ ձուկ է, թե՞ որեւէ լճում «մեծացրած»՝ պարոն Հարությունյանն ասաց. «Այդ տարանջատումն, իհարկե, բարդ է, սակայն մենք նախեւառաջ ստուգում ենք ձեռքբերման փաստաթղթերը, թե որտեղից եւ ինչ քանակությամբ են բերել»: Եթե փաստաթղթերով էլ հնարավոր չի լինում ստուգել սիգի «ծննդավայրը», ապա նախարարությունը դիմում է հին ու փորձված մեթոդին. խաշում է ձուկն ու համտեսում. Սեւանի սիգի համը բոլորովին ուրիշ է:

Նշենք, որ նախարարության արգելքը սիգի որսի վրա սահմանված էր մինչեւ դեկտեմբերի 25-ը, այսինքն՝ այսօրվանից արդեն ձկնորսները կարող են հարձակում գործել Սեւանի վրա:

Լրագրողները Արամ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչպես են հարաբերությունները «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» նոր ղեկավարության հետ: Նախարարն ասաց, որ այդ ընկերությունը պարտավորվել է կատարել բոլոր այն վճարումները, որոնք չի իրականացրել նախկին սեփականատերը, այդ թվում նաեւ՝ հարկային վճարումները. «Ես հանդիպել եմ ընկերության նոր ներկայացուցիչների հետ եւ պայմանավորվել ենք՝ եթե շեղվեն ծրագրից, նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում քայլեր կձեռնարկի»:

Խոսելով երկրի ընդերքի մասին, պարոն Հարությունյանը նշեց, որ շատ միջազգային կազմակերպություններ հետաքրքրված են մեր երկրի ընդերքում առկա մետաղներով. «Մեզ մոտ այս ոլորտը շատ ազատ է եւ հաշվի առնելով միջազգային շուկայում մետաղների գների բարձրացումը՝ այսօր շատ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել»:

Նախկին նախարար Վարդան Այվազյանից հետո Արամ Հարությունյանը նախարարությունում որոշ փոփոխություններ է կատարել: Նախ՝ նա ստիպում է իր բոլոր աշխատակիցներին առողջ ապրելակերպ ունենալ, դրա համար էլ նախարարության կանանցից բասկետբոլի թիմ է ստեղծել:

Անդրադառնալով բնապահպանական խնդիրներին՝ պարոն Հարությունյանը նշեց, որ անտառահատման 563 դեպք է արձանագրվել Մեղրիի, Իջեւանի, Նոյեմբերյանի անտառներում: Ստուգումներ են անցկացվել նաեւ Հրազդանի, Գորիսի եւ Կապանի անտառներում, որտեղ եւս հատումներ են արձանագրվել: Պրն Հարությունյանի խոսքերով՝ արգելված է նաեւ եղեւնիների հատումը, սակայն անսահմանափակ քանակությամբ թույլատրվում է ներմուծել, որպեսզի եղեւնիների «լեւի» հատումներ չլինեն: Հողերի պահպանության ոլորտում էլ նախարարությունը խախտումներ է արձանագրել: Մարջանի հանքավայրը շահագործող «Դինո գոլդ մայնինգ» ընկերությանը նախարարությունը պատասխանատվության է ենթարկել՝ անտառածածկ տարածքների հողերն աղտոտելու համար: Ըստ նախարարության՝ «Դինո գոլդ մայնինգը» բնությանը 7,8 մլն դրամի վնաս է հասցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել