Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Հունվար 08,2008 00:00

Դրանք հավաքողներն օգտագործում են Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը

Հունվարի 5-ին մեր բնակարանի դուռը բախեցին երկու երիտասարդներ եւ հետաքրքրվեցին, թե ում օգտին ենք քվեարկելու նախագահական ընտրություններում: Եվ տեսնելով, որ տրամադրված չենք ամեն մեկի հայտնել սեփական նախասիրությունների մասին՝ ասացին. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին եք ձայն տալու՝ ստորագրեք այստեղ: Սա անում ենք, որ ընտրությունները չկեղծվեն»: Լուսանկարում պատկերված այդ բլանկի վրա արդեն ստորագրել էին Աջափնյակի 6 բնակիչներ եւ նշել ոչ միայն իրենց անուններն ու հեռախոսահամարները, այլ նաեւ անձնագրի տվյալները: Անմիջապես զանգեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պատասխանատուներին եւ հետաքրքրվեցի, թե իրենց իմացությա՞մբ են անձնագրերի տվյալներ հավաքում: Հետեւած կտրուկ հերքումը փոխանցեցի երիտասարդներին: Նրանք ի պատասխան նոր մանրամասներ հաղորդեցին, թե իբր իրենք Վանո Սիրադեղյանի բարեկամներն են, եւ այս նախաձեռնությունն արված է այն նպատակով, որ փետրվարի 19-ին բոլոր ստորագրածներին հավաքեն ու կազմակերպված տանեն քվեարկության, ու նաեւ, որ այս նախաձեռնության հեղինակը ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է, որը ոմն Գուգոյի միջոցով միայն մեր թաղամասում ստորագրություններ հավաքելու համար տրամադրել է նման 25 բլանկներ: Եվս մի հեռախոսազանգից հետո պարզվեց, որ Արարատ Զուրաբյանն ուղղակի ֆիզիկապես չէր կարող նման բան անել՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում:

Սակայն ներկայացնենք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանն ինչպես արձագանքեց այս փաստին, որ իրենց թեկնածուի անունից հավաքում են անձնագրերի տվյալներ. «Այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմն ընդհանրապես աշխատում է օրենքների սահմաններում: Իսկ այս գործելաոճը՝ մարդկանցից հավաքել անձնագրերի համարներ եւ ինչ-ինչ խոստումներ տալ՝ բնորոշ է իշխանություններին: Մենք նման բլանկներ չենք տարածել: Որեւէ մեկը լիազորված չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի անունից նման տեղեկություններ հայթայթել: Այնպես որ՝ այս ամենն ուղղակի սադրանք է, որը խստագույնս դատապարտում ենք»:

Մեր հարցին, թե բացառո՞ւմ է, որ նման նախաձեռնություն կարող էր ցուցաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանի որեւէ համակիր՝ անհատապես, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Մեր աջակիցներն աշխատում են շատ կանոնակարգված: Եվ նման նախաձեռնություններով (մանավանդ այնպիսի նախաձեռնություններով, որոնք կարող են հակասության մեջ մտնել օրենքի հետ) հանդես չեն գալիս»:

Քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի պետը նման քայլեր կատարելը համարեց իշխանությունների գործելաոճը՝ հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով իշխանության թեկնածուի ինչի՞ն են պետք այդ տվյալները, երբ նրա տրամադրության ներքո է ոստիկանության համակարգը՝ անձնագրային առավել ընդգրկուն տեղեկատվությամբ: «Չէ, բայց նրանք հարցնում են մարդկանց, թե արդյոք քվեարկելո՞ւ են Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Եվ այս մի քայլով միանգամից մի քանի «նապաստակ» են որսում,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:- Նախ՝ ճշտում են Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ձայն տվողների ցանկը: Երկրորդը՝ եթե այդ մարդիկ հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին եւ իրենց քվեն տալու Տեր-Պետրոսյանին՝ այս տեղեկությունը կարող է օգտագործվել կեղծիքներ անելու ժամանակ՝ կիմանան, թե ում փոխարեն չի կարելի քվեարկել եւ այլն: Այսինքն՝ սա շատ ձեռնտու է իշխանություններին՝ ճշտելը Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր ընտրողների ցանկը»:

 Հ. Գ. Սերժ Սարգսյանի կողմնակիցներն իրոք սկսել են այցելել մարդկանց բնակարանները եւ ՄԻԱԿ կուսակցության անունից բաժանել գրքույկներ, որոնցում մասնավորապես թվարկված են պատճառներ, թե ինչու է պետք քվեարկել ՀՀԿ թեկնածուի օգտին: Օրենքով սահմանված ժամկետից շուտ սկսված այս քարոզարշավի փաստական ապացույցները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել