Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին հաղթում է

Հունվար 08,2008 00:00

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ հունվարի 5-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլին ստացել է քվեների 52,8 %-ը, մինչդեռ նրա հիմնական մրցակից, ընդդիմադիր Lեւան Գաչեչիլաձեին բաժին է հասել քվեների 27 %-ը:

Միջազգային դիտորդները հիմնականում դրական գնահատական են տվել ընտրություններին եւ հայտարարել, որ «չնայած արձանագրված որոշ խախտումներին ու թերություններին՝ դրանք, ընդհանուր առմամբ, ժողովրդավարական էին եւ համապատասխանում էին միջազգային չափանիշներին»: ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Էլսի Հասթինգսի գնահատմամբ՝ այս ընտրություններով ժողովրդավարությունը Վրաստանում հաղթական քայլ կատարեց: «Բոլոր թեկնածուներն ընդհանուր առմամբ հնարավորություն ունեին ազատորեն քարոզարշավ իրականացնել ողջ երկրի տարածքով: Մենք ուրախ ենք եւ շարունակում ենք դրական գնահատել ընտրությունների օրն արձանագրված խաղաղ մթնոլորտը: Թեեւ կային շատ քիչ թվով թերություններ, անհանգստություն, բռնության դեպքեր, այդուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Վրաստանի ժողովուրդը կարողացավ ազատորեն արտահայտել իր կամքը ընտրատեղամասերում»,- ասել է Հասթինգսը: Իր հերթին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիաս Յոշը նշել է. «Վրացիներն արժանի են շնորհավորանքների՝ ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ մնալու համար, ինչը նրանք ի ցույց դրեցին ընտրությունների օրը: Ես ուզում եմ կոչ անել քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ հարգել ընտրությունների լեգիտիմությունը՝ հանուն Վրաստանի կայունության եւ ընտրական գործընթացի հանդեպ Վրաստանի ժողովրդի հավատի եւ վստահության ամրապնդման»:

Այս ամենով հանդերձ, Վրաստանի ընդդիմությունը չի ընդունում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներն ու պնդում է, թե հաշվարկման գործընթացում տեղ են գտել լուրջ խախտումներ: «Մենք չենք ճանաչում պաշտոնական տվյալները, քանի որ ունենք անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ ընտրատեղամասերից ստացված պաշտոնական արձանագրություններ, որոնք վկայում են մեր հաղթանակը: Իշխանություններն ամբողջ գիշեր բռնի ուժի գործադրմամբ փոխել են ընտրությունների իրական արդյունքները, որոնց համաձայն՝ ես ստացել եմ 51 տոկոս ձայն»,- հայտարարել է Lեւան Գաչեչիլաձեն:

Ուշագրավ է, որ պաշտոնական Մոսկվան հանդես է եկել վրացական ընդդիմությանը սատարող հայտարարություններով: «Վրաստանում ժողովրդավարության լայնորեն գովազդվող առաջընթացի մասին առայժմ վաղ է խոսել. ընտրություններում գործի է դրվել վարչական ռեսուրսը, եւ բացահայտ ճնշումներ են կիրառվել ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ», ահա այսպիսի զավեշտական հայտարարություն է տարածել ԱՊՀ տարածքի բոլոր խայտառակ ընտրությունները որպես կանոն լեգիտիմ ճանաչող Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել