Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԱԲՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

Հունվար 08,2008 00:00

2007 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահը եւ հայտարարել, որ կենտրոնական շտաբի պետ է նշանակել Ալեքսանդր Արզումանյանին: Ձեւավորվել է նաեւ Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբ՝ հետեւյալ կազմով. Արամ Զավենի Սարգսյան, Արարատ Զուրաբյան, Գրիգոր Հարությունյան, Դավիթ Մաթեւոսյան, Նիկոլ Փաշինյան, Մանուշակ Պետրոսյան, Աշոտ Սարգսյան: Երեւանի քաղաքային շտաբի պետ է նշանակվել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Երեւանի համայնքների շտաբների պետեր են նշանակվել Դավիթ Առաքելյանը, Տիգրան Տեր-Պետրոսյանը, Սուրեն Աբրահամյանը, Վահագն Խաչատրյանը, Ռաֆիկ Մկրտչյանը, Արամ Մանուկյանը, Մանուկ Գասպարյանը, Պարգեւ Օհանյանը, Հովհաննես Իգիթյանը:

Երեկ ԱԺՄ գրասենյակում տեղի է ունեցել հինգ կուսակցությունների՝ ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, «Ազգային պետություն» եւ «Սահմանադրական իրավունք միություն», համատեղ նիստը: Ստեղծվել է հինգ կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած քաղաքական խորհուրդ, ընտրվել է նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ՝ ի դեմս «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի:

«Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի կազմակերպչական աշխատանքները գրեթե ավարտված են, ավարտական փուլում են. ե՛ւ կարգախոսը կա, ե՛ւ ծրագրային դրույթները»,- «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կուսակցության թեկնածու, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի կարգախոսը կլինի 2008 թվականի նախագահական ընտրություններին «Առա՛ջ, Հայաստան»:

Շարմազանովի «խորին համոզմամբ», հնարավորությունը շատ մեծ է, որ իշխանությունների թեկնածուն, կոնկրետ՝ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, հաղթի առաջին փուլում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել