Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան ուզում՝ գնահատում են

Հունվար 09,2008 00:00

Բանկերն ունեն անշարժ գույքի գնահատման իրենց գործակալությունները

Հայաստանում բանկերի թիվն օրեցօր ավելանում է: Չնայած Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանի այն պնդումներին, թե բանկերի միջեւ մրցակցությունը նպաստել է վարկերի տոկոսադրույքների իջեցմանը, միեւնույն է, վարկերի տոկոսներն այսօր էլ այնքան բարձր են, որ քչերը կարող են ռիսկի դիմել եւ բանկից վարկ վերցնել: Հատկապես, որ վարկի դիմաց պետք է գրավ դնես անշարժ գույքդ: Այն բանկերն էլ, որոնք բնակարանի գրավադրման դիմաց քիչ թե շատ ցածր տոկոսներով են վարկ տալիս, այնպիսի պայմաններ են դնում քաղաքացու առջեւ, որ արդյունքում գործարքից կրկին բանկերն են շահում: Օրինակ, շատ բանկեր անշարժ գույքը գնահատելիս հիմք չեն ընդունում անկախ գործակալությունների գնահատման գինը: Նրանք քաղաքացուն վարկ են տրամադրում միայն այն դեպքում, եթե անշարժ գույքը գնահատվի իրենց նախընտրած գործակալության կողմից: Իսկ դա նշանակում է, որ, ասենք, 100 հազար դոլար արժողությամբ տունը կարող է գնահատվել 70 հազար, այսինքն՝ շուկայականից մոտ 3 տասնյակ հազար դոլար էժան:

Մարդիկ շատ դեպքերում ստիպված համաձայնում են տվյալ բանկի հետ համագործակցող գործակալության գնահատականին, քանի որ այլ բանկ դիմելու դեպքում պետք է հավելյալ ծախս անեն եւ անշարժ գույքի գնահատման համար եւս մեկ անգամ գումար վճարեն:

Մի շարք բանկերի վարկային բաժինների աշխատակիցներ, «Առավոտի» հետ զրույցում, անշարժ գույքի գնահատման մեկ գործակալության հետ աշխատելու հանգամանքը բացատրում են նրանով, թե պարզապես ուզում են հնարավոր խաբեություններից խուսափել:

«Հայբիզնեսբանկի» վարկային բաժնի վարիչ Հրաչյա Պետրոսյանի խոսքերով, իրենք վստահում են այն գործակալությանը, որն իրենց չի խաբի. «Դրանից տուժում են նաեւ մեր հաճախորդները, ուստի մենք ունենք պայմանագիր «Պարտեր» ՍՊԸ-ի հետ, որի գնահատման մեխանիզմները մենք ընդունում ենք ու վարկ տրամադրում»: Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է, որ վստահելի գործակալությունն էլ քաղաքացիների հետ «գործարքի» մեջ մտնի եւ ի վնաս բանկի գնահատի, «Հայներարտբանկից» պատասխանեցին. «Դե, այդպես էլ է հնարավոր, սակայն չենք կարծում, որ գործակալությունը կարող է նման գործելակերպով լավ համբավ ձեռք բերել ու համագործակցությունը բանկի հետ շարունակել»:

«Անելիքբանկի» վարկային բաժնից էլ մեզ տեղեկացրին, որ անշարժ գույքի դիմաց վարկ տրամադրելու համար քաղաքացին պետք է անպայման որեւէ բիզնես ունենա, եթե այդ բիզնեսով կայուն եկամուտ է ապահովում, ապա վարկը տրամադրում են: Ի տարբերություն վերը նշված բանկերի, «Ինեկոբանկից» հայտնեցին, որ իրենք որեւէ կոնկրետ գնահատման գործակալության հետ չեն աշխատում եւ վարկառուից պահանջում են միայն լիցենզավորված ցանկացած գործակալության գնահատական:

Այս բանկի սպառողական վարկերի բաժնի ավագ մասնագետ Յուրի Ստեփանյանի մեկնաբանմամբ. «Բացի գործակալության մասնագետներից, մեր բանկի գնահատող գործակալն էլ է այցելում տվյալ բնակարան եւ եթե ինչ-որ բան այն չէ, ապա մեր մասնագետը դա շտկում է»:

«Ալյանս» անշարժ գույքի գործակալության աշխատակցուհու խոսքերով՝ եթե անգամ իրենք որեւէ բանկային ընկերության հետ պայմանագիր ունեն, ապա անպայման չէ, որ իրենց գնահատած գինն ընդունվի: «ԱՆՏ ռիելթի» անշարժ գույքի գնահատման գործակալության գնահատող Ռուսլան Այվազյանն էլ ասաց, որ լավ գնահատող ընկերությունը չի կարող ծանոթով կամ գումար վերցնելով բնակարանն ավելի թանկ գնահատել, քանի որ այդպես ոչ մի բանկ էլ լուրջ չի ընդունի այդ գործակալությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031