Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՌԾ-Ն՝ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Հունվար 12,2008 00:00

2007 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը, քննարկելով ԱՀՌԾ վերանայված փաստաթղթի նախագիծը, առաջարկեց շարունակել՝ ընդլայնելով հանրային քննարկումների շրջանակը եւ հանձնարարեց ԱՀՌԾ աշխատանքային խմբին մեկամսյա ժամկետում իրականացնել ԱՀՌԾ վերանայված նախագծի լրացուցիչ քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ ԱՀՌԾ վերջնական նախագիծը ներկայացնել ԱՀՌԾ համակարգող խորհրդի քննարկմանը:

ԱՀՌԾ նախագիծն արդեն տեղադրվել է www.gov.am եւ www.prsp.am ինտերնետային կայքերում։ Ակնկալվում են բոլոր կողմերի շահագրգիռ դիտողությունները եւ առաջարկությունները, որոնք կարող են ներկայացվել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն: Առաջիկայում քննարկումներ կկազմակերպվեն նաեւ ՀՀ մարզերում եւ Երեւանում:

Հերթական քննարկումը կկայանա 2008 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 11-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Բոլլ» սրահում, որի ժամանակ կներկայացվեն ԱՀՌԾ նպատակադրումները եւ գերակայությունները:

Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցելու նշված եւ հետագա քննարկումներին:

Փաստաթղթի

ձեւավորման գործընթացը

Ծրագրի վերանայման գործընթացը մեկնարկեց 2006թ. մայիսի 19-ին ԱՀՌԾ համակարգող խորհրդի որոշմամբ հաստատված ԱՀՌԾ վերանայման հայեցակարգով: Հայեցակարգի հիմնական սկզբունքների համաձայն՝ վերանայման գործընթացը իրականացվեց «ներքեւից վերեւ», այսինքն՝ հասարակությունից դեպի որոշում կայացնողները:

Նշված սկզբունքների ներքո ԱՀՌԾ վերանայման աշխատանքները սկսելու համար հիմք հանդիսացան.

1. ԱՀՌԾ իրականացման հաշվետվությամբ, ինչպես նաեւ այդ ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված խնդիրները,

2. գերակայությունների վերանայման նպատակով անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները,

3. ինչպես նաեւ առաջին անգամ ծրագրի շահառուների դիրքորոշումների ներգրավումը ապահովելու նպատակով իրականացված «Աղքատների ձայնը» ուսումնասիրության արդյունքները: Այդ ուսումնասիրությունը հնարավորություն տվեց բնակչությանը ներկայացնել կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, սոցիալական ապահովության իրավիճակը բարելավելու վերաբերյալ աղքատների նկատառումները:

Նշված խնդիրներն ու առաջարկները խմբավորվել են եւ հիմք են հանդիսացել աշխատանքների մեկնարկին հաջորդած մեկուկես տարվա ընթացքում իրականացնել ավելի քան 50 մարզային եւ հանրապետական քննարկում:

Ընդհանուր առմամբ քննարկումներին մասնակցել է հանրության տարբեր հատվածներ ներկայացնող ավելի քան երկու հազար ներկայացուցիչ: Հանդիպումների ժամանակ արված բոլոր առաջարկություններն ամփոփվել եւ ներկայացվել են ԱՀՌԾ փորձագետների քննարկմանը:

Վերանայման ողջ գործընթացը ուղեկցվել է լայնամասշտաբ հանրային իրազեկմամբ: Մասնավորապես, զանգվածային լրատվամիջոցներում տպագրվել են ավելի քան 40 հոդված, վերլուծություն եւ հարցազրույց, քննարկումների ընթացքում վեր հանված խնդիրներն ու առաջարկություններն ամփոփվել եւ տպագրվել են «ԱՀՌԾ վերանայման գործընթաց. արդյունքներ, ազդակներ, առաջընթացի միտումներ» գրքույկում: ԱՀՌԾ աշխատանքային խմբի եւ փորձագետների մասնակցությամբ կազմակերպվել են հեռուստատեսային հաղորդումներ, տարբեր հեռուստաընկերություններ հեռարձակել են «ԱՀՌԾ ձեռքբերումներ, առաջընթացի միտումներ» տեսաֆիլմը, որը տեղադրված է նաեւ ԱՀՌԾ էլեկտրոնային կայքում:

Զուգահեռաբար էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվել են նաեւ ԱՀՌԾ վերանայման մասնակցային գործընթացի ինչպես լուսաբանման, իրազեկման աշխատանքներ, այնպես էլ սոցիոլոգիական հարցումներ: Արդյունքում ձեւավորվել է հետադարձ կապ, արվել է հնարավորը, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծվեն հանրության բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ ներկայացնելու իրենց առաջարկություններն ու մոտեցումները: Դրանք օգտագործվել են փորձագիտական խմբի կողմից՝ վերանայվող փաստաթղթի նախագծի ձեւավորման ժամանակ:

ԱՀՌԾ վերանայման

հիմնական նպատակները

1. ԱՀՌԾ-1-ի հաջող իրականացման արդյունքում էականորեն կրճատվեց աղքատության մակարդակը՝ 2006թ. դրությամբ կազմելով 26.5 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը կազմեց ընդամենը 4.1 տոկոս: Չնայած ծայրահեղ աղքատությունը կարելի է համարել հիմնականում հաղթահարված, աղքատությունը դեռեւս սոցիալական լուրջ հիմնահարց է: Այդ պատճառով աղքատության հետագա կրճատումը, ներառյալ ծայրահեղ աղքատության վերացումը, կշարունակի մնալ ԱՀՌԾ-2-ի հիմնական նպատակը:

ԱՀՌԾ-2-ը նախատեսում է, որ նյութական աղքատության մակարդակը 2012թ. կլինի ոչ ավելի, քան 12 տոկոս, 2015թ.՝ ոչ ավելի, քան 9 տոկոս եւ 2021թ.՝ ոչ ավելի, քան 6 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը սկսած 2012 թվականից կունենա 2 տոկոսից ցածր մակարդակ:

Աղքատության նմանօրինակ կրճատման հիմնական գործոններ կհանդիսանան աղքատ բնակչության աշխատանքային եկամուտների առաջանցիկ աճը եւ զբաղվածության մակարդակի ավելացումը, ինչպես նաեւ կենսաթոշակների առաջանցիկ աճը եւ նպաստային համակարգի նպատակայնության ավելացումը:

Ներկայումս աղքատության վերաբերյալ առկա տեղեկատվությունն ու իրականացված վերլուծությունները թույլ են տալիս նախատեսել աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշները նաեւ տարածքային կտրվածքով՝ առանձնացնելով Երեւանը, հանրապետության այլ քաղաքները եւ գյուղական վայրերը: Նման առանձնացման նպատակն ակտիվ տարածքային զարգացման քաղաքականության միջոցով աղքատության տարածքային տարբերություններն էլ ավելի կրճատելն է:

2. Մարդկային աղքատության հաղթահարումը եւ մարդկային զարգացման ապահովումը կհանդիսանան ԱՀՌԾ-2-ի երկրորդ նպատակը: Նախատեսվում է 3-4 տարիների ընթացքում միջին մարդկային զարգացման մակարդակ ունեցող երկրների խմբից տեղափոխվել բարձր մարդկային զարգացման մակարդակ ունեցող երկրների խումբ՝ հետագայում անընդհատ ամրապնդելով երկրի դիրքն այդ խմբում:

3. Նոր ծրագրով որպես հաջորդ նպատակ կարելի է առանձնացնել սոցիալական պաշտպանության նվազագույն մակարդակի ապահովումը բոլոր կենսաթոշակառուների համար: Այսպես, ծրագրով նախատեսվում է, որ

o 2015թ. սկսած նվազագույն կենսաթոշակի մակարդակը գերազանցելու է աղքատության շեմը,

o 2008թ.՝ միջին կենսաթոշակի՝ աղքատության շեմին հավասար մակարդակ,

o 2012թ.՝ միջին կենսաթոշակի՝ աղքատության շեմի 150 տոկոսին հավասար մակարդակ,

o 2018թ.՝ միջին կենսաթոշակի՝ նվազագույն սպառողական զամբյուղի 150 տոկոսին հավասար մակարդակ։

4. Աղքատության հիմնավոր հաղթահարման հեռանկարը տնտեսական զարգացման ճանապարհով «արժանավայել զբաղվածության» ընդլայնումն է: Արժանավայել զբաղվածությունը, նախ եւ առաջ, ենթադրում է աշխատանքի վարձատրության այնպիսի նվազագույն մակարդակ, որը առնվազն թույլ է տալիս աշխատողին եւ նրա ընտանիքի անդամներին խուսափել աղքատությունից: Այս առումով, չնայած վերջին տարիներին արձանագրված զգալի դրական տեղաշարժերին, 2006 թվականին զբաղվածների շուրջ 22 տոկոսը եւ նրանց ընտանիքների անդամները աղքատ էին համարվում: Զբաղված աղքատների նշանակալի թվաքանակը մի հիմնախնդիր է, որի լուծումը առաջիկայում լինելու է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի գերակա առաջնահերթություններից մեկը: Ծրագրի հեռանկարային նպատակներից է լինելու զբաղվածության ընդլայնմանը եւ գործազրկության մակարդակի կրճատմանը զուգընթաց զգալիորեն նվազեցնել նաեւ զբաղվածների աղքատ լինելու ռիսկը այն հաշվով, որ 2015 թվականին զբաղված աղքատների մասնաբաժինը հասցվի առնվազն 5 տոկոսի: Ակնկալվում է նաեւ, որ 2021 թվականին հիմնախնդիրը հիմնովին լուծված կլինի, քանի որ լրիվ զբաղվածություն ունեցող ընտանիքի մեկ անդամի նվազագույն վաստակը կհավասարվի միջին չափի ընտանիքի հաշվով աղքատության բերված գծին:

5. Եվս մի կարեւոր նպատակ. այն ԵՄ նորանդամ երկրների շնչային եկամուտների մակարդակի ապահովումն է: Այսպես, ծրագրով նախատեսվում է 2017 թվականին ԵՄ նորանդամ երկրների շնչային ՀՆԱ մակարդակի ապահովում (2000թ. հաստատուն ԳՀ (PPP) դոլարային արտահայտությամբ):

Նպատակների

իրականացման

գործիքները/միջոցները

Նշված նպատակներին հասնելու հիմնական ուղղություններն են.

1. Ինչպես վկայում են ԱՀՌԾ-1-ի իրականացման 4,5 տարվա հիմնական արդյունքները, հատկապես նշանակալի է եղել ծայրահեղ աղքատության եւ եկամտային անհավասարության կրճատումը: Ընդ որում՝ արդեն գերազանցված են ծայրահեղ աղքատության եւ եկամտային անհավասարության Ջինիի գործակցի 2015 թվականի համար նախատեսված նպատակային ցուցանիշները:

Աղքատության եւ անհավասարության նմանօրինակ կրճատումը հատկապես պայմանավորված էր վերջին մի քանի տարիների արագ տնտեսական աճով, որի փաստացի տեմպերը 2003-2006թթ. երկուսից ավելի անգամ գերազանցել են ԱՀՌԾ-1-ի կանխատեսումները: Արագ տնտեսական աճը միջին ամսական աշխատավարձի աննախադեպ աճի գլխավոր արդյունքը հանդիսացավ, որն էլ իր հերթին եղավ աղքատության եւ եկամուտների անհավասարության կրճատման հիմնական գործոնը:

Առաջին երաշխիքը տնտեսական զարգացումն է: Այս ոլորտում ծրագրով կարեւորվում է՝

o Կայուն մակրոտնտեսական միջավայրի ապահովումը,

o Գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումը «երկրորդ» սերնդի բարեփոխումների նախագծման եւ հետեւողական իրականացման ճանապարհով.

* 2010թ.՝ լավագույն 25 տոկոս երկրների ցուցանիշների մակարդակի ապահովում,

* 2015թ.՝ լավագույն 5 տոկոս երկրների ցուցանիշների մակարդակի ապահովում,

o 2008-2021թթ.՝ գործազրկության իրական մակարդակի կրկնակի կրճատումը,

o 2008-2021թթ.՝ ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածության կրկնակի ավելացումը (450.000-ից ավելի նոր աշխատատեղեր),

o Տնտեսական զարգացման տարածքային անհամաչափությունների մեղմումը:

Չնայած երկնիշ տնտեսական աճին, աղքատության եւ անհավասարության էական կրճատմանը զուգընթաց, սկսեցին խորանալ տարածքային զարգացման անհամաչափությունները, որոնք հասնում են վտանգավոր սահմանների: Տարածքային զարգացման միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ տնտեսական զարգացումը, համապատասխան տարածքային քաղաքականության բացակայության դեպքում, խորացնում է տարածքային անհամաչափությունները: Այդ առումով նոր ԱՀՌԾ-ում ակտիվ տարածքային քաղաքականության իրականացումը հիմնական ռազմավարական գերակայություններից է։

2. Երկրորդը մարդկային կապիտալում ներդրումներն են եւ սոցիալական քաղաքականությունը: Նախատեսվում է՝

o առողջապահության ոլորտում պետական ծախսերի մակարդակի ավելացում մինչեւ ՀՆԱ 3.1 տոկոս (2015թ.)՝ բարելավելով առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու որակը,

o կրթության ոլորտում պետական ծախսերի մակարդակի ավելացում մինչեւ ՀՆԱ 4 տոկոս (2015թ.)՝ բարելավելով կրթական ծառայությունների մատչելիությունն ու որակը, ինչպես նաեւ կրթական համակարգը համապատասխանեցնելով տնտեսական զարգացման պահանջներին,

o սոցիալական պաշտպանության ոլորտում պետական ծախսերի ավելացում մինչեւ ՀՆԱ 6.5 տոկոս (2012թ.), համակարգի արդյունավետության բարձրացում եւ հասցեականության աճ, սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ կենսաթոշակային համակարգի պարամետրիկ բարեփոխումներ:

3. Երրորդ ուղղությունն է պետական կառավարման բարեփոխումները եւ արդյունավետության աճը կառավարման բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ԱՀՌԾ-1-ի գործողության ժամանակ մշակված հակակոռուպցիոն ռազմավարության հետեւողական իրականացումը, որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության աստիճանի մեծացման ապահովումը՝ բնակչության իրազեկման եւ տեղեկացվածության աստիճանի ավելացման, սոցիալական գործընկերության, սոցիալական ներառվածության եւ սոցիալական մասնակցության զարգացման միջոցով:

4. Ծրագրի ռեսուրսային շրջանակը: Այստեղ կարեւորվում են՝

o համախմբված բյուջեի ռեսուրսային փաթեթի ընդլայնում (հատկապես՝ հարկային եկամուտների ավելացման հաշվին) 2021թ.՝ ՀՆԱ նկատմամբ շուրջ 27 տոկոս՝ 2007թ. 22 տոկոսի համեմատ,

o համախմբված բյուջեի դեֆիցիտը՝ ՀՆԱ նկատմամբ 2-2.5 տոկոսի շրջակայքում,

o պետական պարտքի անվտանգ մակարդակ (ՀՆԱ նկատմամբ 25% ցածր)։

Վերանայված փաստաթղթի առանձնահատկությունները

ԱՀՌԾ-2-ը երկրի երկարաժամկետ զարգացման համապարփակ ռազմավարության մշակման երկրորդ նախադեպն է, որտեղ հաշվի են առնվել առաջինի (ԱՀՌԾ-1) մշակման եւ իրականացման փուլերի փորձն ու բացթողումները:

Ի տարբերություն ԱՀՌԾ գործող փաստաթղթի, ներկայացվող նախագիծը հնարավորինս ամբողջական ներառել է տնտեսական զարգացման ու բարեփոխումների ամբողջ սպեկտրը՝ հստակորեն ձեւակերպված միջոցառումներով ու քանակական թիրախներով:

Նոր փաստաթղթում հիմնական նպատակադրումները ուղղված են ոչ միայն աղքատության՝ որպես երեւույթի, հաղթահարմանը, այլ նաեւ մարդկային զարգացման առումով իրական բազիսի ձեւավորմանը:

Ներկայացվող նախագծի կարեւոր առանձնահատկություններից է նաեւ այն, որ հիմնական նպատակադրումների եւ վերլուծությունների համար կողմնորոշիչ են հանդիսացել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համադրելի ցուցանիշների մակարդակները եւ դրանց հնարավոր մոտարկումները:

Ներկայացվող փաստաթղթի մշակման հիմքում դրվել են որոշակի պահանջներ, որոնք նպաստելու են ծրագրի կառավարելիության բարձրացմանը՝ թե՛ կառավարման տեսանկյունից, թե՛ ձեռքբերումների գնահատման առումով: Մասնավորապես, ծրագիրը հիմնականում կառուցված է որոշակիորեն գնահատելի քաղաքականությունների հիման վրա: Փաստաթղթում փորձ է արվել հիմնական նպատակադրումները կառուցել այնպես, որ դրանք արտացոլեն երկրի իրական պատկերը թվերով եւ դրա ներքո արդեն տեղադրվեն հիմնական քաղաքականությունները: Սա հնարավորություն կընձեռի քանակապես չափելի դարձնել հիմնական ձեռքբերումները՝ նկատելիորեն բարելավելով ԱՀՌԾ մոնիտորինգի եւ գնահատման համակարգի կատարելագործման համար անհրաժեշտ բազան:

ԱՀՌԾ աշխատանքային խումբ

Տնտեսական բարեփոխումների

վերլուծական-տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031