Լրահոս
Օրվա լրահոսը

2012 թվականին ծայրահեղ աղքատներ չեն լինելու

Հունվար 23,2008 00:00

Երեկ Վայոց ձորում խոստացավ Սերժ Սարգսյանը

Երեկ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ջերմուկցիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հաստատեց, որ մենք բազմաթիվ լուրջ խնդիրներ ունենք. «Ղարաբաղի հարցը, մեր երկրի ներսում կարգուկանոնի հաստատումը, օրինական ընտրությունների անցկացումը»: Իսկ թե ինչո՞ւ էր նա իր ընտրարշավը սկսել հենց Վայոց Ձորի մարզից, Եղեգնաձոր քաղաքում, իր ելույթի ժամանակ, վարչապետը այսպես պատճառաբանեց. «Ես համարում եմ՝ Հայաստանում մեծ եւ փոքր մարզեր չկան, մեծ եւ փոքր քաղաքներ չկան, այլ կան մեծ եւ փոքր խնդիրներ, որոնք պետք է լուծել»: Եղեգնաձորից եւ Ջերմուկից բացի, Ս. Սարգսյանը եղավ նաեւ Վայք քաղաքում եւ Մալիշկա գյուղում: Բոլոր բնակավայրերում Հայաստանի հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգներ էին կազմակերպվել: Ս. Սարգսյանը հավաքվածներին խոստանում էր, որ 2012 թվականին մեր երկրում ծայրահեղ աղքատներ չեն լինի, համախառն ներքին արդյունքը, սոցիալական ծրագրերի, թոշակների եւ աշխատավարձերի համար տրամադրվող գումարները առնվազն կրկնապատկվելու են: Անդրադառնալով նախագահական ընտրությունների անցկացմանը, դիմելով հատկապես այդ ոլորտի ակտիվիստներին՝ պարոն Սարգսյանը հորդորեց հետեւողական լինել եւ ոչ մի խախտում թույլ չտալ. «Մենք պետք է ունենանք այնպիսի նախագահ, որ ոչ ոք չկարողանա մեզ կշտամբել, թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում»: Մալիշկայում էլ խոսելով գյուղի խնդիրների մասին՝ նա ասաց, որ պետք է բոլոր մարզերն ու քաղաքները հավասարապես զարգանան. «Դեռ ԱԺ ընտրությունների ժամանակվանից տեղյակ եմ, որ գյուղում ներքին ջրագծի եւ գազիֆիկացման խնդիր կա, դրանք ժամանակի ընթացքում կլուծվեն, սակայն պետք է բոլորն էլ մասնակցեն մեր երկրի զարգացմանը, ներգրավվեն բոլոր գործընթացներին»:

Գրեթե բոլոր վայրերում, ուր եղավ Սերժ Սարգսյանը, նրան դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով, բացի այդ, հանձնեցին, խնդիրներով լի ծրարներ: Եղեգնաձորից Մումիկի առաջին նրբանցքի թիվ 9 շենքի բնակիչ Տիգրանուհի Խաչատրյանը, օրինակ, խնդրում էր իրենց 4-րդ կարգի վթարային շենքը վերանորոգել. «Մենք այդ տանն ապրում ենք 7 հոգով: Մեզ հետ է նաեւ հիվանդ մայրս, ես թոշակառու եմ, 3-րդ կարգի հաշմանդամ, զոբ ու շաքար ունեմ, գումար չունեմ այդ հարցը սեփական միջոցներով լուծելու համար: Սակայն եթե անգամ պարոն վարչապետն ինձ չկարողանա օգնել, միեւնույն է՝ իրեն եմ ընտրելու»: Վայք քաղաքի բնակիչ Գեղամ Վարդանյանի հարազատները ՀՀԿ-ի առաջնորդից խնդրում էին որոշակի օգնություն, քանի որ Գեղամը ողնաշարի վրա երկու ուռուցք ունի, չնայած դրան, նա միակ աշխատողն է, եւ բոլորն իր հույսին են: Ի տարբերություն նախորդների, Մալիշկա գյուղի բնակիչները վարչապետին ոչ մի խնդրանք էլ չունեին: 54-ամյա Քնարիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Բոլորն էլ պրոբլեմներ ունեն, բայց դրանք լուծելու համար պետք է լավ աշխատել: Ով աշխատում է՝ ապրում է: Գիտեմ, որ լավ է լինելու, դրա համար էլ ընտրում եմ Սերժ Սարգսյանին»:

Ավարտելով իր երեկվա քարոզարշավը՝ պարոն Սարգսյանը ջերմուկցիներին խոստացավ տարվա մեջ ամենաքիչը երկու անգամ գալ եւ հաշվետվություն տալ արվածի համար, այնուհետեւ, ստանալով քաղաքի բնակիչների դրական վերաբերմունքը, կրկին վերադառնալ աշխատանքի: Նա հույս հայտնեց, որ Վայոց Ձորից իրեն ընտրողների թիվը մեծ կլինի:

Հ. Գ. Ջերմուկում համերգի ժամանակ ներկա երեխաներին լուսանկարում էին եւ մի քանի րոպեից ՀՀԿ-ի թեկնածուի առաջաբանով՝ «Առաջ, Հայաստան», հանձնում երեխաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել