Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԱՎ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ»

Հունվար 24,2008 00:00

\"\"Վահան Հովհաննիսյանը նախագահ ընտրվելու դեպքում խոստանում է մեկ տարի անց այնպես փոխել երկիրը, որ հայերը չճանաչեն այն:

Վերջինս երեկ վաղ առավոտից քարոզարշավի էր դուրս եկել Շիրակի մարզի մի քանի համայնքներ՝ Սառնաղբյուր, Պեմզաշեն, Արթիկ ու Ախուրյան: Բացի Սառնաղբյուրից, որը հայտնի է որպես դաշնակցականացված գյուղ, ու բնակիչները հատուկ եկել էին իրենց թեկնածուին «դուխ տալու», մնացած բոլոր տեղանքներում ընտրազանգվածը նոր-նոր էր ծանոթանում Վահան Հովհաննիսյան թեկնածուի հետ: Ի դեպ, ինչպես պարզեցինք, Արթիկում հավաքվածների իննսուն տոկոսը գործազուրկներ էին, ովքեր ոչ միայն կարիք ունեին թեկնածուի նախընտրական ծրագրին ծանոթանալու, այլեւ անձնական պրոբլեմներով նրան դիմելու: Ընթացքում նրանք մեծ քանակությամբ նամակներ էին փոխանցում թեկնածուին: Իսկ ընտրազանգվածին հետաքրքրողը հիմնականում սոցիալական խնդիրներն էին, օրինակ՝ ինչպես անեն պեմզաշենցիները, որ դպրոցն ավարտելուց հետո գյուղի աղջիկները չբեր չդառնան: Բանն այն է, որ դպրոցը ընդհանրապես չի ջեռուցվում: Ի պատասխան այս բոլորի՝ Վահան Հովհաննիսյանն ու նրան ուղեկցողները ՀՅԴ-ի ծրագիրն էին ներկայացնում: «Պետք է փոխվի իրավիճակը, բայց ինչպե՞ս փոխվի, պիտի գա այն մարդը, որը կախում չունի, կաշկանդվածություն չունի ոչ անցյալի, ոչ ներկայիս իշխանության հետ, տնտեսական շահեր չունի, որպեսզի իրա ձեռքերը կապկպեն, ոչ մեկի հետ բիզնեսի ու չգիտեմ այլ փոխհարաբերություններ չունի, որպեսզի կարողանան կաշկանդեն, էդպիսի մարդ եւ էդպիսի ուժ մենք տեսնում ենք Դաշնակցությանը. Վահանը լինելով ամենաբարձր պաշտոնյաներից մեկը՝ երբեք չի դավաճանել իր սկզբունքներին, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե նա նույնացավ իշխանության հետ, դարձավ չինովնիկ՝ կտրեց իր կապերը ժողովրդի հետ»,- իրենց թեկնածուի առավելությունները այսպես էին բնութագրում նրան ուղեկցող դաշնակցական ընկերները:

Իսկ ՀՅԴ թեկնածուն, ով սարսափելի ցրտին նախընտրել էր ելույթ ունենալ բաց հրապարակներում՝ նախքան իր բուն ծրագրին անդրադառնալը՝ խոսում էր երկրում տիրող անարդարություններից. «Դարերով-դարերով հույս ենք ունեցել, որ մեր անկախությունը մեզնից խլած օտարը, որը ոտնահարել է արդարությունը մեր երկրում, երբ հեռանա, ու վերադառնա անկախությունը, արդարությունն էլ հետը կվերադառնա: Անկախությունը եկավ, իսկ արդարությունը՝ ոչ, պարզվեց, որ արդարության համար պետք է հավելյալ պայքար մղել, նոր զոհաբերությունների գնալ: Պետք է քո երեխաների ապագան սիրես: Ի՞նչ եմ ես երաշխավորում, ես երաշխավորում եմ արդարության վերադարձը: Բոլորս էլ գիտենք, որ այսօր կտրված է ժողովուրդ-իշխանություն կապը: Ճնշելով, ոտնահարելով պարզ ընտրողի կամքը՝ իշխանությանը արջի ծառայություն մատուցելով, բերում են, այսպես ասած, կազմակերպված քվեներ: Մատուցում են իշխանությանը ժողովրդի քվեների աղավաղված պատկերը: Շատ լավ գիտեք, թե ում մասին է խոսքը, շատ լավ գիտեք, թե ձեր մարզում եւ Հայաստանում ինչպես են անում: Բարձրաստիճան չինովնիկները, մեծահարուստները, կիսագողական թայֆաների ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են, թե ամեն ինչ շատ լավ ա, ժողովուրդը քեզ հետ ա, մենք քեզ ծառայում ենք, դու էլ մեզ արտոնություններ տուր: Եվ ստիպված իշխանությունը տալիս է արտոնությունները, եւ դրա համար օրենքի առջեւ բոլորը չէ, որ հավասար են: Եվ այն կարող է վերականգնել միայն այնպիսի ուժ, այնպիսի թեկնածու, որը այդ միջնորդներից կախված չէ, ես ոչ մի պարտավորություն չունեմ եւ ոչ մեկի առջեւ, բացի ձեզանից: Միջնորդները, որոնց մասին խոսում եմ, որոնք իրենց լավ են զգում ու ուզում են հավերժացնել էս վիճակը, սրանք անընդհատ իրենց վերարտադրում են՝ հենվելով աղքատների վրա, որոնց ձայնը կարող են գնել, օրինակ՝ նպաստառուն տնտեսական անկախություն չունի, ուրեմն քաղաքական անկախությունից էլ է զրկվում, եւ վերարտադրման մյուս ռեզերվը դա բացականերն են, խոպան գնացածները, որոնց տեղը ինչ-որ մեկը քվեարկում է: Ես կարծում եմ, որ կարող ենք սրա դեմն առնել: Տարօրինակ չէ՞, որ հայը ամեն տեղ հաջողության է հասնում՝ Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում, մի երկիր կա երկրագնդում, որտեղ հայ մարդը չի կարող հաջողության հասնել, դա իր հայրենիքն է»,- ասաց նախագահի թեկնածուն՝ խոստանալով հաղթանակի դեպքում այնպես փոխել երկիրը, որ հայը հպարտանա իր ՀՀ քաղաքացի լինելով:

Վաղը Վահան Հովհաննիսյանի քարոզարշավը կշարունակվի Գյումրիում եւ Ամասիայի ու Աշոցքի գյուղերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել