Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնահերթությունը՝ սոցիալական ծրագրերին

Հունվար 24,2008 00:00

Վարչապետի հանդիպումները Սյունիքի մարզում

«Ես թոշակառու եմ, ստանում եմ 32 հազար դրամ, բայց նվազագույն զամբյուղը 38 հազար դրամ է, մնացած 6000-ը ինձ ո՞վ պետք է տա»,- Քաջարանի մշակույթի տանը վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այցելության առթիվ կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ թեկնածուին այսպիսի հարցով դիմեց քաղաքացիներից մեկը: Պարոն Սարգսյանը նրա հարցին պատասխանեց՝ ասելով. «Եթե թոռներդ թոշակդ չտանեն, 30 հազարով հանգիստ յոլա կգնաս»: Հաջորդ հարցը բաքվեցի փախստականինն էր, որը չներկայացավ: Նա վարչապետից հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ իրեն բնակարան չեն հատկացնում, չէ՞ որ իր ամուսինը մահացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ Մաքսիմ Հակոբյանը (կոմբինատի տնօրենը) իրեն աշխատանքի չի ընդունում, որի հետեւանքով ինքը ստիպված է հավաքարար աշխատել եւ ստանում է 25 հազար 800 դրամ աշխատավարձ, որպես նպաստ կոմբինատից էլ 17000 է ստանում: Սակայն այդ գումարով ինքը չի կարող բնակարան գնել: Սերժ Սարգսյանը նրա հարցին պատասխանելով՝ ասաց. «Մի՛ չարացեք, դրանից օգուտ չկա»: Եվ անմիջապես էլ ավելացրեց, որ Մ. Հակոբյանը պատրաստ է փախստական կնոջը բնակարան տրամադրել: Ու քանի որ, ըստ թեկնածուի, այդ հարցերը մասնավոր են, իսկ ինքը պետք է խոսի ընդհանուր թեմաներից, դիմեց քաջարանցիներին եւ ասաց, որ Քաջարանում՝ ընդհանրապես, մյուս բնակավայրերի համեմատ, քիչ են խնդիրները, այդ հարցը լուծում է կոմբինատը. «Ես չեմ կարծում, որ պետք է ընդերքի հարստությունը պահպանել, ուղղակի այն անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել: Ես ցանկանում եմ, որ մյուս քաղաքներում էլ լինի այնպես, ինչպես Քաջարանում է»: Խոսելով միջազգային հարաբերություններից՝ նա նշեց, որ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատենք մեր հարեւանների հետ:

Թեկնածուի՝ Սյունիքի մարզ այցելած բոլոր քաղաքներում համերգներ էին կազմակերպվել, որոնց ընթացքում երգիչները (Սյուզան Մարգարյանը, Արմինկան, Գոգան, «Շիկերը» եւ այլք) եւ հաղորդավարները (Ավետ Բարսեղյան) պարբերաբար հնչեցնում էին Սերժ Սարգսյանի կարգախոսը՝ «Առա՛ջ, Հայաստան»: Նրանք նաեւ ասում էին, որ հայ մշակույթի գործիչների նախագահը Սերժ Սարգսյանն է: Սիսիանում մի քանի հազար մասնակիցների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոստացավ, որ իր նախագահության օրոք աղքատների թիվը 25 տոկոսից կնվազի 10 տոկոսի եւ բոլորի կյանքը կլավանա. «Ասածս չի նշանակում, որ հարուստների, օլիգարխների ունեցվածքն է կրկնապատկվելու կամ մեկ բնակարան ունեցողը երկրորդն է ձեռք բերելու: Ասածս սոցիալական ծրագրերին, աշխատավարձերին ու թոշակներին է վերաբերում»։ Նա սիսիանցիներին հորդորեց լսել բոլոր թեկնածուների ելույթները, ծանոթանալ նրանց ծրագրերին եւ կշռադատել՝ ո՞ւմ ծրագիրն է իրատեսական, եւ ընտրել հենց այդ թեկնածուին:

Գորիսցիների հետ հանդիպման ժամանակ էլ նա նշեց, որ եթե Սյունիքի մարզից իր օգտին քիչ ձայներ ստանա, ու եթե անգամ դրանից հետո ընտրվի նախագահ, իրեն հոգեպես ճնշված կզգա։ Պատճառները հասկանալի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել