Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԹՈՂԵԼ ԵՆ ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ

Հունվար 24,2008 00:00

Նախագահական ընտրությունների նախաշեմին խմբագրությունները հեղեղված են հավակնորդներին ուղղված խնդրանքներով, բողոքներով:

Քաղաքացիներից յուրաքանչյուրը հավատում է, թե նրանք հատկապես այս փուլում կլուծեն իրենց բարձրացրած հարցերը: «Ընտրվելուց հետո նրանց էլ չենք տեսնի կամ ո՞վ մեր ձայնը հաշվի կառնի»՝ – պնդում են նրանք: Նրանցից մեկն էլ Նորքի 7-րդ զանգվածի 8/18 շենքի բնակիչ Նիկոլ Բաղդասարյանն է:

Վերջինիս բողոքն առնչվում է Վանաձորի «Մալանչ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման (1996թ. սեպտեմբերի 4), դրանից հետո տեղի ունեցած զարգացումների հետ:

Նիկոլ Բաղդասարյանը Ունիս Ավետիսյանի, Վոլոդյա Ղազարյանի հետ բամբակյա գործվածքային արտադրական միավորման սեփականաշնորհման ժամանակ 2400 սերտիֆիկատներով (յուրաքանչյուրը՝ այն ժամանակ, 20 000 դրամ արժողության) մասնակցում են «Մալանչի» սեփականաշնորհմանը: Նրանք հավատում են տնօրեն Միշա Դավթյանի ասածին, թե սեփականաշնորհման համար այդքան գումար առայժմ չունի, քանի որ բանվորական ձեռնոցներ է ուղարկել Ռուսաստան՝ վաճառելու: Դավթյանը ասում է նաեւ, որ սպասում է 30 000 դոլար գումարին, որը ստանալուն պես՝ կմարի: «Միշա Դավթյանը այդ ժամանակ վկայակոչեց իր ընկերներին. ՀՀ արդյունաբերության այն ժամանակվա փոխնախարար, ԱԺ պատգամավոր Արմեն Կիրակոսյանին, «Ցանց» ՍՊԸ տնօրեն Հովսեփ Սեֆերյանին, Մարալիկի ԲԳԱՄ տնօրեն Գագիկ Հարությունյանին, ասելով, թե մեր սերտիֆիկատները նրանց համար են»,- պատմում է Նիկոլ Բաղդասարյանը («Առավոտի» տրամադրության տակ է վերոհիշյալ հայտարարությունը):

Ըստ Ն. Բաղդասարյանի, նրանք ստացականով 1996թ. նոյեմբերի 12-ի թվագրությամբ մեկ ամիս ժամանակով տրամադրում են սերտիֆիկատները Դավթյանին, այն ձեռք բերելով հարազատներից ու ընկերներից: Բաղդասարյանին հաջողվում է ձեռք բերել 2300 սերտիֆիկատ (46 մլն դրամ արժողության), որն այդպես էլ չի վերադարձվում տերերին:

Հետագայում պարզվում է, որ 1995թ. հունիսի 5-ին 6 ամիս ժամկետով Միշա Դավթյանը վարկ էր վերցրել նաեւ «Հայէկոնոմբանկի» Վանաձորի մասնաճյուղից: Ի դեպ, 1999-ին, այսինքն 4 տարի հետո միայն, բանկը գումարի բռնագանձման պահանջով դիմում է դատարան: «Դատարանը սնանկ է ճանաչել «Մալանչ» ԲԲԸ-ին, պարտատեր ճանաչել բանկին, պարտքը համարելով 89 մլն դրամ, եւ այսօր տնօրինում է գույքը»,- տեղեկացնում է Ն. Բաղդասարյանը:

Բաղդասարյանը 9 ընտանիքի հետ միասին այսօր ընկած է 30 000 դոլար պարտքերի եւ տոկոսների տակ:

Նրանք ստիպված 2001թ. մայիսի 17-ին դիմում են Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ Միշա Դավթյանի դեմ գումարի բռնագանձման պահանջով: Դատարանը հօգուտ Ն. Բաղդասարյանի, Ունիս Ավետիսյանի եւ Վոլոդյա Ղազարյանի՝ վճիռ է կայացնում, չնայած հաշվի չի առնում, որ գործարանի սեփականաշնորհման համար է այդ գումարները տրվել: «Եվ մեզ գործարանից գումարի բռնագանձմամբ պարտատեր չճանաչեց»,- ասում է դիմումատուն: Սակայն ՀՀ ԴԱՀԿ Վանաձորի ստորաբաժանման պետ Ա. Առուշանյանը չի կատարում վճիռը, քանի որ, ըստ նրա գրության, Միշա Դավթյանը հետախուզվում է եւ բացակայում է հանրապետությունից. «Մ. Դավթյանը հանգիստ ապրում է Ռուսաստանում ու մեր՝ պարտատերերիս դառը քրտինքով հավաքածը վայելելով»: Եվ որեւէ մեկը դատարանի վճռով հասանելիք գումարը չտալու համար պատասխանատվություն չի կրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել