Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրահանգված է՝ չկեղծե՛լ

Հունվար 24,2008 00:00

\"\"ՀՀԿ Վանաձորի կառույցի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հակադարձում է ընդդիմադիր ուժերի Լոռու մարզային կառույցների ղեկավարների մեղադրանքներին:

– Պարոն Դարբինյան, «Առավոտի» հետ ունեցած զրույցում մարզի մի քանի ընդդիմադիր կառույցների ղեկավարներ փաստում են, թե իրենց կուսակիցների վրա կան վարչական թաքնված ճնշումներ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

– Նման բան բացառվում է: Ես մտերիմ հարաբերություններ ունեմ ընդդիմադիր ուժերի շատ մարզային կառույցների ղեկավարների հետ եւ հարգում եմ նրանց: ՀՀՇ կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը մեծ հայրենասեր եւ պետական մտածողության մարդ է, մենք դա տեսել ենք այն տարիներին, երբ նա նախկին քաղաքապետի եւ իմ նախկին մրցակցի տեղակալն էր: Հարգում եմ թե ՀՅԴ-ի, թե ԱՄ կառույցների ղեկավարներին: «Օրինաց երկրի» Խաչիկ Հարությունյանին տեսնելիս համբուրվում ենք։ Ես ինձ թույլ չեմ տա ոչ նրանց, ոչ էլ իրենց կուսակիցների նկատմամբ որեւէ սխալ բան: Եթե որոշ մարդիկ հանդես են գալիս մեր անունից, ապա թող կոնկրետ փաստեր ու անուններ ներկայացվեն, մենք կկանխենք դա, թե չէ՝ վերացական ասելով չի լինում:

– Ասում են, թե քաղաքի բյուջետային հիմնարկներում բաժանվում են քարտեր, որոնց միջոցով վերցնում են մարդկանց տվյալները՝ ծննդյան թիվ, հասցե, անձնագրի համար: Դրանք այն տվյալներն են, որոնք կարող են օգտագործվել ընտրակեղծիքների համար:

– Այդ մասին ես առաջին անգամ իմացել եմ «Առավոտի» հրապարակումից եւ խիստ զարմացած եմ, քանի որ նման բան չկա: Իսկ ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, ապա ասեմ, որ եւ երկրի նախագահը, եւ վարչապետը խստորեն հրահանգել են, որ ոչ մի ընտրակեղծիք չլինի, որ կպատժվեն բոլորը, ովքեր կգնան դրանց ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից: Այո, նրանք մեզ հորդորել են, մարդկանց հետ բացատրական աշխատանք կատարել, տնետուն մտնել, ներկայացնել մեր գործերը, ծրագրերը, ինչու չէ՝ նաեւ բացթողումներն ու դրանց պատճառները: Մեր հաղթանակն այս ճանապարհով ենք վաստակելու: Այս ընտրությունները մի քանի քայլ առաջ են լինելու՝ Հայաստանում երբեւէ կայացած ընտրություններից:

– Քաղաքապետի վերջին ընտրություններին, որքան ես տեղյակ եմ, դուք հավաքեցիք ընտրողների ձայների մոտ 65 տոկոսը: Վստա՞հ եք, որ Ձեր ընտրազանգվածն իր ձայնն ամբողջությամբ կտա Սերժ Սարգսյանին:

– Իհարկե, նույնքան ձայներ էլ կստանա իմ նախընտրած թեկնածուն: Այդ մարդիկ ինձ վստահել են, որ ձայն են տվել, եւ, բնականաբար, իմ կարծիքը հաշվի կառնեն նաեւ այս ընտրության ժամանակ: Նախագահի բոլոր թեկնածուներն էլ արժանավոր հայորդիներ են եւ ընտրվելուց հետո կցանկանան շատ-շատ լավ բաներ անել: Այստեղ հարցն այն է, թե ով ինչ հնարավորություններ ունի, ով ավելի արագ կարող է իրականացնել իր ծրագրերը: Ես ոչ մի վատ բան չունեմ ասելու Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Նա Հայոց համազգային շարժման ղեկավարն է, Հայոց անկախ պետականության առաջին նախագահը, եւ մենք ժամանակին ազգովի համախմբվել ենք նրա շուրջը: Չի կարելի դա մոռանալ: Բայց այդ օրից անցել է 17 տարի եւ շատ բան է փոխվել: Հարգանքի են արժանի նաեւ մյուս բոլոր թեկնածուները, որոնցից յուրաքանչյուրը մեր ազգի համար կատարած գործեր ունի: Սակայն այսօր գնահատելով թեկնածուներին եւ նրանց հնարավորությունները, ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանն է այն թեկնածուն, որը կայացած է թե որպես զինվորական, թե որպես երկրի վարչապետ, հստակ տիրապետում է երկրի կադրային բանկին, գիտի յուրաքանչյուր համայնքապետի, յուրաքանչյուր գործարարի թե դրական, թե բացասական գործունեության մասին, լավ է պատկերացնում երկրի ֆինանսները: Մեր երկրին կայունություն, արագ զարգացում ու առաջընթաց է պետք, եւ դա կարող է իրականացնել Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել