Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԵՎԱՆԳՈՂԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է

Հունվար 25,2008 00:00

\"\"«Ճոյտի» օգտին գործած անձը, պարզվում է, մեղք չունի

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել Վաղարշապատ քաղաքի բնակիչ, նախկինում դատված Նշան Ասլանյանի համար: Վերջինս, անցյալ տարվա ԱԺ ընտրությունների հետ կապված, ապրիլի 7-ին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ («Ճոյտ») «ԲՄՎ» ավտոմեքենայով առեւանգել էին Պետտնկարան թաղամասի բնակիչ Սահակ Ղազարյանին:

Հայտնի է, որ նրանք Ղազարյանին տեղափոխել էին «Զվարթնոց» համալիր, մեկ ժամ պահել անազատության մեջ, ստիպել, որ Ղազարյանը թույլ չտա իր որդուն՝ Վանիկին ապրիլի 9-ին ներկայանա դատարան՝ ցուցմունք տալու: Ի դեպ, 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում Հ. Հակոբյանի թեկնածությունն առաջադրած նախաձեռնող խմբի անդամները թիվ 19 տեղամաս ներկայացրած ցուցակում հայտնաբերել էին, որ Ղազարյանի ստորագրությունը կեղծված է ու այդ մասին դիմում էին ներկայացրել ընտրական հանձնաժողովին: Այս մասին ժամանակին գրվել է «Առավոտում», որեւէ առարկություն մականունավոր պատգամավորի եւ Ասլանյանի կողմից չի եղել: Ավելին, նախաքննության ժամանակ Ասլանյանն իրեն մեղավոր էր ճանաչել եւ խոստովանել, որ կատարվածը ճիշտ է, զղջացել է, խնդրել է մեղմ պատիժ: Տուժող Սահակ Ղազարյանը նկարագրել էր, թե ինչպես են զորավոր պատգամավորը եւ Նշանը իրեն բռնությամբ գցել ավտոմեքենան: Ինքը փորձել էր մեքենայից դուրս թռչել, սակայն իր կողքին նստած Հայկազ Գրիգորյանը բռնել էր ձեռքը, թույլ չէր տվել նրան շարժվել:

Նախաքննության ժամանակ Ղազարյանի գտնվելու վայր՝ «Զվարթնոցի» տնակ են եկել քաղաքացիական հագուստով երկու անձ: Վախենալով, թե նրանք պատգամավորի թիկնապահներն են, ասել է, որ իրեն չեն առեւանգել: Հետագայում պարզվել էր, որ նրանք ոստիկանության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներ են:

Առերես հարցաքննություն է տեղի ունեցել պատգամավորական լիազորությունները դեռ վայր չդրած Հակոբ Հակոբյանի, Նշան Ասլանյանի ու տուժողի հետ: Տուժողը պնդել է իր ասածները, չնայած պաշտպանական կողմի ցանկությանը, թե «կամավոր է գնացել «Զվարթնոց» համալիր»:

Այս ամենը ներկայացվել է նաեւ Արմավիրի առաջին ատյանի դատարանում, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում: Ասլանյանն իրեն մեղսագրվածն ընդունել է, սակայն վերաքննիչ դատարանն արդարացրել է մարդուն առեւանգած Ասլանյանին:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ, միջնորդելով բեկանել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի վճիռը: «Ուրիշ ինչ ապացույցներ ու հանգամանքներ են անհրաժեշտ մեղսագրված արարքը հիմնավորված համարելու համար, երբ մեղադրվող անձը ընդունում է իր կատարած հանցանքը եւ խնդրում է մեղմ պատիժ սահմանել, երբ տուժողը առերես հարցաքննության ժամանակ հաստատում է իր նկատմամբ կատարվածը»,- ասում է ՀՀ գլխավոր դատախազը:

Հ. Գ. Նախագահական ընտրություններում հնարավոր ընտրախախտումների, հանցագործությունների համար ստեղծվում են տասնյակ գրանտային, պետական կառույցների հետ համագործակցող «թեժ գծեր», վերահսկող շտաբներ: Բոլորը պատրաստակամություն են հայտնում պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ընտրությունների հետ կապված հանցանքներ են կատարում:Եթե պիտի վերջում վարվեն ԱԺ ընտրությունների հետ կապված այս օրինակի պես, ապա մնում է տարակուսանք հայտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել