Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն կոմունիստ իր դարդն ունի

Հունվար 26,2008 00:00

Արդարանում են Սերժ Սարգսյանին կոմունիստները

«Եթե ժողովուրդն այսօր մեր ետեւից չի գնում՝ մեր մեղքն է: Ռուբեն Թովմասյանն ասում է՝ մեր գաղափարախոսությունը ժամանակավոր պարտություն է կրել. գաղափարախոսությունը չէ, որ պարտվել է, դրա կրողներն են պարտվել: Երրորդ ուժն այսօր պետք է կոմունիստները լինեին. այնքան համոզիչ պիտի գաղափարախոսությունը տարվեր, որ ժողովուրդը հասկանար՝ Կոմկուսի առաջնորդը չէր գնում թալանելու, այլ զոհաբերում էր իրեն հանուն ժողովրդի: Պետք էր ընտրությունների առիթն օգտագործել, գոնե մի մարդով կուսակցությունը համալրել»- «Առավոտի» խնդրանքով արձագանքելով նախկին մայր-կոմկուսական Նորիկ Պետրոսյանի այս տեսակետին՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն անդրդվելի մնաց եւ մեկ անգամ եւս վերահաստատեց կոմունիստական գաղափարախոսության ժամանակավոր պարտության մասին իր համոզմունքը: «Ինչքան էլ ժողովրդին լավ պահելու մասին այսօրվա իշխանությունները վարժանքներ անեն, միեւնույն է՝ ապագան սոցիալիզմինն է: Արեւն էլ երբեմն մնում է ամպերի ետեւում, բայց անպայման ճառագում է»,- պատկերավոր համեմատություն արեց մեր զրուցակիցը: Մի հարցում, սակայն, Ռ. Թովմասյանը Ն. Պետրոսյանի հետ համամիտ է՝ այս կամ այն թեկնածուին՝ պաշտոնապես, թե ոչ, պաշտպանող կոմունիստներն անպայման պատասխան են տալու:

Բավականին նեղսրտած կուսակցական նախկին ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու առիթով իր մասով ասված խոսքերից, «Միավորված կոմունիստական կուսակցության» առաջին դեմք Յուրի Մանուկյանն էլ ի պատասխան «Առավոտի» հարցի ասաց. «Թող ինքն իր համար տեղ գտնի՝ մսագործ է, թե…»: Ապա ասաց, որ Սերժ Սարգսյանի սոցիալական խոստումները չէ, որ իրենց գերել են, այլ նրան պաշտպանելու որոշումը կայացնելիս միավորված կոմունիստներն առաջնորդվել են «հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության, Հայաստանի ապագայի, ԼՂՀ խնդրի հայանպաստ լուծման խնդիրներով»: «Հայաստանին պետք է հզոր, առողջ եւ հեռանկարային ղեկավար: Դա մենք տեսնում ենք հանրապետական թեկնածուի մեջ: Այս կերպ պետք է բնութագրել, ոչ թե՝ ստրուկ ենք, ճորտ ենք… Իհարկե, սոցիալիստական համակեցությունը, սոցիալական հավասարությունը մենք չենք փոխարինի ոչ մի բանով: Բայց մեզ այսօր պետք է դողալ մեր պետականության վրա, մեր ազգի ապագայի, Ղարաբաղի համար: Այս առումով՝ Սերժ Սարգսյանի թեկնածության կողքին մեկ ուրիշ թեկնածու դնելը հանցագործության նման մի վարքագիծ կլինի»,- հավելեց Յու. Մանուկյանը: Փոխարենը, առաջադիմական կոմունիստ Վազգեն Սաֆարյանը բավականին լոյալ վերաբերվեց նախկին կուսակցի կարծիքին. «Դա Նորիկ Պետրոսյանի կարծիքն է. յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կարծիք ունենալ»: Իբրեւ կառուցողական ընդդիմության ներկայացուցիչ էլ՝ ասաց. «Եթե ընտրություն է, մեր ժողովուրդն այս կամ այն կերպ պետք է կարծիք արտահայտի, դիրքորոշում ունենա», ուստի իրենք՝ ի տարբերություն միավորվածների, հիմք ընդունելով վարչապետի հենց սոցիալական ծրագրերը, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների խորացումը՝ դիրքորոշվել են դեպի նա: Սերժ Սարգսյանին պաշտպանելով, Վազգեն Սաֆարյանի կողմնակիցները նաեւ ցանկանում են, որ պետության կողմից վերանայվի տարվող տնտեսական քաղաքականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել