Լրահոս
Օրվա լրահոսը

Որ խոստումները երեսով տա

Հունվար 26,2008 00:00

Սպառողների պաշտպանը ՀՀ նախագահի թեկնածուներից ուզում է ապացույցներ կորզել

«Մենք պատրաստ ենք աջակցել այն նախագահին, որը կխոստանա, որ ապագայում ձեռնամուխ է լինելու մեզ հետ իրականացնել սպառողների շահերը պաշտպանող մեր ծրագիրը»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Մեկ ամիս առաջ սպառողների պաշտպանը դիմել է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով նրանց նախընտրական ծրագրերում ներառել այնպիսի կետեր, ինչպիսիք են՝ կանխել անհիմն գնաճը, վերացնել մենաշնորհը, պայքարել հանրային ծառայությունների ոլորտում անարդար սակագներ սահմանելու դեմ եւ այլն: Նախագահի թեկնածուներից Ա. Եղոյանի առաջարկություններին արձագանքել է միայն Վահան Հովհաննիսյանը, որն էլ նշել է, թե իր նախընտրական ծրագրում նման կետեր արդեն կան: Պարոն Եղոյանի խոսքերով՝ գրեթե բոլոր թեկնածուներն իրենց ծրագրերում շեշտում են, որ պայքարելու են մենաշնորհների դեմ, սակայն կազմակերպությունը պահանջում է, որ նրանք հ/կ-ին գրավոր խոստում տան, որպեսզի հետագայում, ընտրվելուց հետո եթե նախագահը խոստումն ուրանա, սպառողների պաշտպանը երեսով տա. «Հիշո՞ւմ ես, նախագահ, խոստացել ես, ուրեմն բարի եղիր խոստումդ կատարել: Թեկնածուները խոսում են սպառողների իրավունքներից, մենաշնորհների վերացման եւ հանրային ծառայությունների որակի ու գների մասին, բայց խոսելը քիչ է, մենք սպառողներին հորդորում ենք, որ թեկնածուների հետ հանդիպման ժամանակ ավելի շատ խոսեն հենց այս թեմաներից ու խոստումներ կորզեն նրանցից, որովհետեւ դա անմիջապես անդրադառնում է ամեն ընտանիքի, հասարակության կենսամակարդակի վրա»: Նրա խոսքերով, եթե մեր երկիրը որդեգրել է արտաքին ռազմավարական ծրագիր, դա չպիտի միտված լինի հանրային ծառայությունների գները բարձրանալուն: Իսկ եթե միջազգային գներն իջել են, Ա. Եղոյանը գտնում է, որ անպայման մեզ մոտ էլ գների համապատասխան իջեցումներ պետք է լինեն. «Օրինակ՝ անցյալ տարի կարագի թանկացումը Եվրոպայում եղավ 18%, իսկ մեր երկրում 70%, եւ որոշ գործարարներ թալանեցին ժողովրդին: Որպեսզի այս ոլորտը կարգավորվի, այն կարգավորող մարմինները պետք է ավելի բաց աշխատեն»:

«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս պետք է հ/կ-ն պայքարի այն պատգամավոր-գործարարների դեմ, որոնք մենաշնորհային բիզնես են անում եւ ԱԺ-ում նստած օրենքներ են քննարկում, Ա. Եղոյանն ասաց. «Այն օրենքները, որ ընդունված են մենաշնորհի դեմ պայքարելու համար, դրանք լրիվ բավական են, օրենքը փոխել պետք չէ, պարզապես դրանք կիրառել է պետք: Ամբողջ խնդիրն այն է, որ օրենքը կիրառող չկա: Պետությունն ունի բոլոր գործիքները դրանց դեմ պայքարելու համար: Հասարակությունը պետք է պահանջի, ճնշի, թե ինչո՞ւ այսինչ ապրանքի գինը չիջավ»: Պարոն Եղոյանը կոչ է անում սպառողներին՝ ընտրել այն թեկնածուին, որը գրավոր կխոստանա լուծել իր մատնանշած խնդիրները:

Անդրադառնալով հետընտրական թանկացումներին, Ա. Եղոյանն ասաց, որ նախորդ ընտրություններից ելնելով, արդեն սովորություն է դարձել, որ ընտրություններից հետո զանգվածային թանկացումներ են լինում. «Մենք ընտրություններից հետո պետք է մոնիտորինգ անենք եւ հստակ հայտարարենք, թե որտեղ է մենաշնորհը: Նաեւ համեմատելու ենք իրավիճակը հարեւան երկրների հետ, հանելով հարկերը՝ պատկերացնենք իրավիճակը եւ տեսնենք, թե որտե՞ղ են մենաշնորհները եւ ո՞վ է թալանում ժողովրդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել