Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ՛ ԾՆՎԻՐ ԳԵՂԵՑԻԿ, ԾՆՎԻՐ ԵՐՋԱՆԻ՛Կ»

Հունվար 26,2008 00:00

\"\"Գեղեցկուհի մոդելի կարգախոսը \"\"

Մոդելային եւ գեղեցկության 8-9 մրցույթների մասնակից Մարինա Ավետյանը սովորում է «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանի երրորդ կուրսում, մասնագիտությամբ թարգմանչուհի է: Վեց տարի զբաղվել է մոդելային արվեստով: Հասակը 180 սմ է, մարմնամասերը՝ 86/60/91: Միայն անցյալ տարի երեք մրցույթի է մասնակցել՝ «Միսս տուրիզմի թագուհի», «Աշխարհի թոփ մոդել» եւ «Բեսթ մոդել»: «Ինձ համար գեղեցկության կամ մոդելային մրցույթի տասնյակ մտնելը հաջողության հասնել չի նշանակում, հաջողությունն այն է, երբ եռյակ ես մտնում կամ առաջին տեղը գրավում, ինչը հաճախ անհնար է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մարինան: Նա պատմեց մրցույթներում իր հետ պատահած մի քանի զվարճալի միջադեպ. «Վերջերս Շանհայում անցկացված «Աշխարհի թոփ մոդել» մրցույթին ինձ մոտեցավ մի չինացի ու ասաց, թե գեղեցիկ եմ, շատ շանսեր ունեմ անցնելու, հետո էլ հարցրեց՝ որտեղի՞ց եք: Հենց ասացի Արմենիայից եմ, ասաց՝ օ՜~, ինչ հրաշալի է, կարծեմ դա Իտալիայում է, չէ՞»: Կամ ինչպես է Շանհայում 110 հոգուց ինքը եւս մտել լավագույն տասնյակ, ու երբ անունն է հայտարարվել, շփոթմունքից գլխի չի ընկել, որ իր մասին է խոսքը: «Առաջինն իմ անունը հայտարարեցին, ինձ թվաց ոչ թե Արմենիա, այլ Ալբանիա են ասում: Ես էլ սպասեցի, որ Ալբանիայի ներկայացուցիչը մոտենա, մեկ էլ Էստոնիայի աղջիկն ասաց՝ Մարինա, գնա՛, ախր քո մասին է խոսքը»,- հիշեց մեր զրուցակիցը: Մոդելի համոզմամբ, հայուհիները դրսի մրցույթներում էականորեն տարբերվում են բոլորից. «Բացի այն, որ մեր աղջիկներն ինքնատիպ ու հետաքրքիր են, նրանց հայացքներն էլ դատարկ չեն, ի տարբերություն այլ գեղեցկուհիների»: Մ. Ավետյանը հայտնեց, որ երբ 110 երկրի ներկայացուցիչների թվում Շանհայում մասնակցում էր «Աշխարհի թոփ մոդել» մրցույթին, «Բեսթ մոդելի» նախագահը, որը ժյուրիի կազմում էր, իրեն հրավիրել է մասնակցելու նաեւ Թուրքիայում կայանալիք գեղեցկության մրցույթին. «Մեկնեցի Թուրքիա զուտ մասնակցելու համար եւ հույս չունեի, թե որեւէ տեղ կգրավեմ: Այնտեղ ապրում էի հինգ աստղանի «Շերատոն» հյուրանոցում: Մրցույթի ժամանակ ինձ շնորհվեց «Միսս ֆոտոգենիկ», «Միսս «Շերատոն», իսկ Թուրքիայի ներկայացուցչին՝ «Միստր «Շերատոն» տիտղոսը: Դրանից հետո մտածեցի, որ այլեւս չեմ հայտնվի հնգյակում, որովհետեւ շանսերը քչանում են, երբ արդեն մի ժապավեն ունես: Հետո թուրքերեն ինչ-որ բան հայտարարեցին ու իմ եւ Եգիպտոսը ներկայացնող երիտասարդի անունը հնչեց, ենթադրեցինք, որ չորրորդ տեղում ենք: Մեծ էր զարմանքս, երբ Հայաստանում ինտերնետից տեղեկացա, որ եռյակում եմ: Երկրորդ մրցանակը շնորհվեց թրքուհուն, առաջինը՝ սեւամորթ նիգերուհուն ու ադրբեջանցի տղային, որի համար ուրախ էի, քանի որ մտերիմ էինք: Ի դեպ, ադրբեջանցի աղջկա հետ նույն սենյակում եմ ապրել: Ափսոս՝ նա ոչ մի տեղ չգրավեց»: Մարինայի պատմելով՝ «Բեսթ մոդելի» տնօրեն ու մրցույթի նախագահ Էրկան Օզերմանը մրցույթից հետո մոտեցել է իրեն ու հետաքրքրվել՝ գո՞հ է արդյոք: «Նա իմ բոլոր տվյալները գիտեր, ինձ դիմում էր անուն- ազգանունով, ընդհանրապես այդ մրցույթին ես առանձնահատուկ ուշադրությամբ էի շրջապատված: Դա մի չքնաղ շոու էր, մրցույթ, որտեղ քաղաքականությունը տեղ չուներ»,- տպավորված է Մ. Ավետյանը:

Նրան կես կատակ-կես լուրջ հարցրինք, երբ մրցույթների պատճառով բացակայում է դասերից, բուհում ստուգարքներ ու քննություններ ստանալու համար գեղեցկությունն իբրեւ զենք չի՞ օգտագործում: «Ոչ, նման բան չկա: Անպայման պարապում ու բացը լրացնում եմ, երբեք առիթից չեմ օգտվում, դրա համար էլ համալսարանում հարգանքով են ինձ վերաբերվում»,- պատասխանեց նա: Մարինայի կարծիքով, եթե կնոջ համար գեղեցիկ, ապա տղամարդու համար լուրջ լինելն է պարտադիր. «Երբ տղամարդը լուրջ է, հասկանում ես, որ կարող ես հենվել նրա վրա: Այդ հատկանիշը ամուր ընտանիքի գրավականն է»: Ինչպես ցանկացած կին, Մարինան եւս երազում է լավ ընտանիք եւ սիրելի զբաղմունք ունենալ. «Մոդելային կարիերան երկար չի կարող տեւել: Առայժմ սովորում եմ, երազում եմ իմ գեղեցկության սրահն ունենալ եւ ոճաբանի կարիերա անել»: Հետաքրքրվեցինք՝ չի՞ տեսնում իրեն հեռուստահաղորդավարի «կերպարում», մի բան, որ ընդունված է Հայաստանում՝ գեղեցիկ աղջիկների պարագայում: «Այդպիսի պրակտիկա արդեն ունեմ, «Նոր ալիքով» հաղորդաշար կար՝ «Լավ, էլի», ես հաղորդավարն էի……Ո՞վ գիտի, գուցե հետագայում կրկին փորձեմ ուժերս այդ ոլորտում»,- ասաց նա: Այն հարցին էլ՝ հե՞շտ է գեղեցիկ կին լինելը, Մարինան պատասխանեց. «Ես համաձայն եմ հանրահայտ առածի հետ՝ մի՛ ծնվիր գեղեցիկ, ծնվիր երջանի՛կ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել