Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆՔԻ ՍԱՆԿՑԻԱ ԿՏԱ՞Ն

Փետրվար 01,2008 00:00

Այսօր լրանում է հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի մասնակից 4 ձերբակալված անձանց անազատության մեջ պահելու վերջնաժամկետը:

Երեկ Երկրապահ կամավորականների մի մեծ խումբ իր զինակից ընկերների՝ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, նաեւ Տիգրան Բաղդասարյանի եւ Հայկ Գեւորգյանի ճակատագրով անհանգստացած՝ Երեւանից մեկնել էր Թալին: Հիշեցնենք, որ հիշյալ չորս անձանց երկու օր առաջ ձերբակալել էին հունվարի 27-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ԵԿՄ Թալինի տարածքային կառույցի ղեկավար Մկրտիչ Սափեյանի եւ մյուս ձերբակալվածների փաստաբան Հովիկ Արսենյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ թեեւ Մ. Սափեյանը տառապում է շաքարախտ, իսկ Տ. Բաղդասարյանը տառապում է իշիեմիկ հիվանդությամբ (նա երրորդ կարգի հաշմանդամ է, Արցախյան պատերազմի շքանշանակիր), այդուամենայնիվ, ոստիկանությունը ո՛չ նրանց հիվանդությունը, ո՛չ այդ մարդկանց ծառայությունները հայրենիքի հանդեպ հաշվի չառնելով եւ արհեստականորեն՝ նրանց առաջադրել է մեղադրանք ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշով՝ խուլիգանություն, որպեսզի նրանց անազատության մեջ պահելու հիմք ունենա: Հիշեցնենք, որ ի սկզբանե Թալինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել էր քրգործ ՔՕ 108-րդ հոդվածով՝ բռնի ուժ գործադրելը, ինչը ոչ միայն նախատեսում էր տուգանք, այլեւ այդ մեղադրանքը մեղադրվող անձի համար նախնական կալանք չէր նախատեսում: «Սա այն դեպքում, երբ իմ պաշտպանյալների գործողություններում խուլիգանության հանցակազմ պարզապես չկա»,- ասաց Հ. Արսենյանը՝ հիմնավորելով, որ անգամ իրավական տեսակետից պետք էր հաշվի առնել, որ ձերբակալվածներն են եղել Թալինում նախագահի թեկնածուի հանդիպման կազմակերպիչները եւ պատասխանատու էին հանդիպումը բարձր մակարդակով եւ առանց միջադեպերի անցկացման համար, ուստի՝ խուլիգանություն անելու կանխատրամադրվածություն չէին կարող ունենալ: Խուլիգանություն հրահրողն ու դա կատարողը, փաստաբանի ասելով՝ հե՛նց Սարգիս Կարապետյանն է եղել: «Իմ պաշտպանյալները փորձել են նրան կարգի հրավիրել, ու միայն այն բանից հետո, երբ Կարապետյանը ոչ մեկին չի ենթարկվել, իմ պաշտպանյալները ստիպված են եղել ուժ գործադրել՝ նրան հեռացնելու եւ հանդիպման բնականոն ընթացքը ապահովելու համար»,- ասաց փաստաբանը: Ավելին, Հ. Արսենյանը նաեւ մի բացահայտում արեց, որն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ միջադեպի հրահրողը իսկապես Ս. Կարապետյանն է եղել, որն, ի դեպ, երեկ պաշտոնապես հայտարարել է իր մարտական ընկերոջը՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Փաստաբանի փոխանցմամբ, Թալինում տեղի ունեցած միջադեպից եւ թեկնածուի՝ Թալին այցելելուց դեռ ժամեր առաջ Ս. Կարապետյանն արդեն եղել է այն հրապարակում, որտեղ տեղի էր ունենալու Տեր-Պետրոսյանի հանդիպումը. «Մինչեւ այդ հանդիպումն էլ այնտեղ միջադեպ՝ քաշքշուկ է եղել: Ս. Կարապետյանը հարբած վիճակում մոտեցել էր քաղաքացի Երվանդ Սարգսյանին եւ հոխորտացել, թե՝ ի՞նչ ես քո գազելով մարդ բերել հանրահավաքի, եւ սկսել է քաշքշել, որի հետեւանքով Ե. Սարգսյանը դեպքի վայրում գտնվող ոստիկանին խնդրել էր Սարգիսին այնտեղից հեռացնել՝ զգուշացնելով, որ նա եկել է հատուկ նպատակով՝ խանգարել հանդիպումը, ինչը ոստիկանն արհամարհել էր, եւ հետագայում միջադեպ է եղել»:

Հ. Արսենյանի համոզմամբ, այսօր գործը քննող քննչական մարմինը դատարանին կմիջնորդի կալանքի տակ առնել Սափեյաններին եւ մյուսներին, ինչը կբավարարվի: Իհարկե, փաստաբանն ասաց, թե ինքը դատարանին կներկայացնի բավարար հիմքեր այդ հնարավոր միջնորդությունը մերժելու համար, թեեւ այս իմաստով առանձնապես լավատես չէր: Նա իր պաշտպանյալների ձերբակալությունը եւ հավանական կալանավորումը գնահատեց որպես իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում եւ Տեր-Պետրոսյանի ընտրարշավին խոչընդոտելու ակնհայտ փորձ:

Ի դեպ, երեկ կալանավորված չորս անձինք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական այցին Թալինի ամբողջ ժողովուրդը սպասում էր մեծ ոգեւորությամբ: Նրա գալու նախորդ օրերին նախկինում եղած վախի հետքն անգամ չէր մնացել: Մենք նախապես տեղեկություններ ունեինք, որ ժողովրդի ուրախությունը հարամելու համար պրովոկացիաներ են կազմակերպվում, ու դրանցից մի քանիսը կարողացել էինք կանխել: Սակայն հանդիպման ամենազգացմունքային պահին նախօրոք նախապատրաստված պրովոկատորներից մեկին հաջողվեց անել իր սեւ գործը: Նա խցկվեց առաջին շարքերը եւ անհարգալից խոսքեր ասաց նախագահի հասցեին: Զայրացած մարդիկ նրան դուրս բերեցին հանդիպման վայրից: Մեզնից ոչ մեկն իրեն թույլ չի տալիս մասնակցել այն թեկնածուների հետ հանդիպմանը, որին չենք ընդունում, չնայած մենք էլ նրանց ասելու շատ բան ունենք:

Կատարվածը իսկական պրովոկացիա էր: Պրովոկացիա է նաեւ այն, որ մեզ դրա համար ձերբակալել են: Նպատակը այն է, որ դրանով խանգարեն մեր թեկնածուի քարոզարշավը: Մենք ազատամարտիկներ ենք, պատերազմ ենք տեսել, արյուն ենք տեսել ու շատ զրկանքներ: Մենք չենք ուզում, որ իշխանության կազմակերպած այս պրովոկացիան հասնի իր նպատակին: Դրա համար էլ կոչ ենք անում, որ չխանգարվի մեր սիրելի Նախագահի քարոզարշավը, որն անպայման ավարտվելու է հաղթանակով: Եթե պետք է, մի քանի օր էլ կնստենք: Միեւնույն է՝ հանդիպելու ենք ամենաուշը փետրվարի 20-ին՝ հաղթանակի օրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել