Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Փետրվար 02,2008 00:00 Share

\"\"«Մեր թեկնածուն հաղթելու է առաջին փուլով»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը:

Դրա երաշխիքը նա համարում է առաջին նախագահի շուրջ թափ առած համաժողովրդական շարժումը: Ասուլիսի հիմնական թեման քարոզարշավի այս փուլի ամփոփումն էր: Ըստ այդմ, բանախոսը հայտարարում է՝ կարելի է արձանագրել, որ ընտրություններն արդեն իսկ կեղծված են, քանզի առկա են մի շարք անօրինականություններ: Սակայն իրենք չեն պատրաստվում այդ առիթով Սահմանադրական դատարան դիմել: Իսկ արձանագրված խախտումներն այսպիսիք են՝ դեկտեմբերի 4-ին վարչապետ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է մի հանձնաժողով, որը գտնվում է կառավարության կազմում, սակայն իրականում ծառայում է Սերժ Սարգսյանի նախընտրական նպատակներին: Հանձնաժողովն ընդունում է քաղաքացիների ամենատարբեր բնույթի դիմումները, եւ ըստ Ալ. Արզումանյանի` դրանք հիմնականում դրական լուծում են ստանում: Ներկայացվեցին դիմումի մի քանի օրինակներ: Բանախոսի հավաստմամբ` դրանք հազարավոր են: Ի դեպ, ես փորձեցի կապվել տվյալ հանձնաժողովի հետ եւ ներկայանալով ուսման վարձի խնդիր ունեցող ուսանողուհի՝ «ճշտել իմ հետագա ճակատագիրը»: Ասացի, որ կոնտակտային հեռախոսահամարն ինձ տվել են Սերժ Սարգսյանի մարզային նախընտրական շտաբներից մեկում: Լսափողը վերցրած տիկինը սիրահոժար ասաց հասցեն՝ Երեւան, Խորենացի-7, մանրամասն բացատրեց, թե ինչպես այն գտնեմ: Ապա ասաց, որ այնտեղ ինձ կտան համապատասխան դիմումի ձեւ. այն լրացնելուց հետո ինձ կմնա միայն սպասել այրերի որոշմանը:

Պարոն Արզումանյանի մատուցմամբ՝ «հանձնաժողովականների» հետ զրույցներից ինքը տպավորություն է ստացել, թե ՄԻԱԿ-ի անդամների վրա դիմումներ բերելու «պլան է դրված»: Դիմումների զգալի մասը գրված է նույն ձեռագրով, նույն ստորագրությամբ եւ երրորդ դեմքով: Նույնիսկ զավեշտալի իրավիճակներ են եղել. մուտքագրվել է երկու դիմում, որոնցում առաջարկվում է Սերժ Սարգսյանին թեկնածությունը հանել հօգուտ առաջին նախագահի: Հաջորդ խախտումը ընտրողների տվյալներով ցուցակներն են, որոնք, այսպես ասած, կոնկրետ պատասխանատուներ ունեն՝ թաղային հեղինակություններ, դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, պետական պաշտոնյաներ, օրենքով գողեր եւ այլ կատեգորիայի ՀՀ քաղաքացիներ, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցնում որոշակի մարդկանց քվեարկության համար: Այս երեւույթները բանախոսը համարում է ընտրակաշառքի պետական մեխանիզմ, ինչն արտառոց է: Իսկ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, բանախոսի մատուցմամբ, իր ենթակայությամբ գտնվող մանկապարտեզների աշխատակիցներին հրահանգել է գրանցվել Կենտրոն համայնքում, որպեսզի՝ «հետո իր հոգեւոր հորը ներկայացնի այդ թվերը»: Ելնելով այս ամենից` պարոն Արզումանյանը կարծում է, որ «ավազակապետությունն» այս իրավակարգի փաղաքշական անվանումն է: Նա հավաստիացրեց, որ ամեն դեպքում թույլ չեն տալու որեւէ կեղծարարություն եւ տեր են լինելու իրենց ձայներին: Իսկ ընտրախախտումների մասին այս եւ մնացյալ բոլոր փաստերը հանձնվել եւ հանձնվում են Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին:

«Հայաստանն այնպիսի երկիր չէ, որ անես մի կեղծարարություն՝ հազարավոր մարդկանց ներգրավելով, եւ հայտնի չդառնա: Դրա համար էլ ես վստահ եմ, որ ոչ մի կեղծարարություն իրականություն չի դառնա: Միշտ էլ ազնիվ մարդիկ կգտնվեն, ովքեր իրենց խղճի առջեւ իրենց պարտքը կկատարեն»,- այսպես արձագանքեց բանախոսը՝ որտեղի՞ց ձեզ այդ դիմումները հարցին: Այն, որ սովետական օրենքներով եւ կոմունիստական իշխանության հսկողության ներքո մեկ անգամ հաղթանակ արդեն եղել է եւ ժողովրդի ճնշման ներքո կոտրվել է դիկտատուրայի ողնաշարը 1990-ականներին, Ալ. Արզումանյանին հիմք է տալիս վստահեցնելու, որ՝ «կհաղթենք նաեւ Սերժ Սարգսյանին՝ իրենց ավազակախմբավորումներով, իրենց ավազակային օրենքներով»: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը մերժում հեռուստաեթերների հրավերները, պարոն Արզումանյանն ասաց. «Բոլոր հեռուստաեթերները ունեն հստակ պատվեր՝ խեղաթյուրված փաստերով, բամբասանքներով, խուլիգանական արտահայտություններով փորձել մարդկանց հավասարակշռությունից դուրս բերել եւ տեղափոխել այլ դաշտ: Այսօրվա եթերից այնպիսի տպավորություն է, որ հարցաքննության ես հրավիրված: Մենք պատրաստ չենք գնալ հեռուստաեթեր եւ ցուցմունք տալ»: «Գելափ»-ի հարցումներին եւ ըստ այդմ` Տեր-Պետրոսյանին տրված տոկոսներին պարոն Արզումանյանն այսպես է վերաբերվում. «Եթե Իրաք ներխուժելուց 10 օր առաջ այդ երկրում հարցում անցկացնեին, Սադամ Հուսեյնի վարկանիշը կլիներ 100+1 տոկոս: Բայց 10 օր հետո ողջ ժողովուրդը ցնծության մեջ էր: Դա նորմալ է, վախի մթնոլորտ կա. 50 տոկոս մարդիկ վախենում են եւ հարցումներին չեն մասնակցում, մյուսներն էլ վախենում են այլ թեկնածուների անուններ տալ: Դա էր պատճառը, որ ես «Գելափի» ներկայացուցիչներին այս անգամ չհանդիպեցի: Նայեք՝ քանի հոգի է մասնակցում Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին: Այդ մարդկանց թիվը 30 տոկոսից ոչ պակաս է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել