Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԿՍՏԻՊԵ՛ՆՔ ԿԻՍՎԵԼ

Փետրվար 02,2008 00:00 Share

\"\"Գեղարքունիքի մարզում հարուստներին երեկ սպառնաց ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը

Երեկ Սեւան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը նկատեց, թե հավաքվածները կարող էին լինել շատ ավելին, հրապարակը կլիներ լեցուն՝ «եթե այսօր ոմանք չփորձեին նորից հետ վերադարձնել 37 թվականի բարքերը, դրանից հետո՝ ՀՀՇ-ական բարքերը: Ես, որպես Վահան Հովհաննիսյանի վստահված անձ, մեր քարոզչական խմբով այսօր շրջեցինք 6-7 գյուղերում: Եվ տեսանք մեզ համար շատ ցավալի մի տեսարան: Այսօր մարդիկ վախենում են մոտենալ մեզ հետ զրուցելու: Վախենում են, որ հանկարծ գյուղապետը, հանկարծ մարզպետի մանկլավիկները, հանկարծ այս կամ այն չինովնիկը չտեսնի, որ ՀՅԴ գործիչների հետ են խոսում»: Ըստ նրա, մարդկանց սպառնում են, որ եթե բացի իշխող կուսակցությունից՝ լինեն որեւէ մեկի հետ, «տեղեկանքներ չեն տա, այս կամ այն հարցում զրկանքներ կունենան եւ այլն: Այդ մարդիկ պիտի հասկանան, որ պատասխան են տալու օրենքի եւ ժողովրդի առջեւ: Ցավալին ամենաշատն այն է, որ նույնիսկ ազատամարտիկ տղաներ են մոտենում գյուղերում, ասում՝ դուք կարո՞ղ եք մեր թիկունքին կանգնել, եթե վաղը հանկարծ մեզ կալանավորեն՝ եթե ՀՅԴ-ին ձայն տանք: Այդ մարդիկ ազգային-ազատագրական պայքարի ժամանակ Ղարաբաղում չեն վախեցել թուրքից, այսօր վախենում են ինչ-որ չինովնիկից, ներքին կեղեքիչից, հարստահարողից»:

Դաշնակցականներն այս այցի ընթացքում էլ էին իրենց քննադատության սլաքն ուղղում 50/50 սկզբունքով՝ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանության դեմ: Սակայն այս անգամ հայտնվել էր քննադատության նոր թիրախ, որի անունը թեեւ չէր տրվում, սակայն ակնհայտ էր, որ խոսքը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մասին էր: Եվ այս առումով, Վահան Հովհաննիսյանն իր քննադատությամբ միացավ Սերժ Սարգսյանին, որը Դավիթաշեն համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ էր տվել չհավատալ «երիտասարդ» թեկնածուին. «Նա թվեր է կրակում, կրքոտությամբ սեւացնում է մեր վերջին տարիների ձեռքբերումները, չմտածելով, որ մարդիկ կարող են հաշվել ու հասկանալ, որ թոշակներն ու նպաստները հնարավոր չէ 100 անգամ բարձրացնել՝ այն էլ հարկերը կրճատելու պարագայում։ Ինչպե՞ս են այդ ֆոկուսը անելու՝ ես չգիտեմ։ Նա չի հասկանում, որ ժողովուրդը սուտասան մարդուն թույլ չի տա նախագահ դառնալ»: Իսկ ՀՅԴ թեկնածուն էլ երեկ ե՛ւ Ճամբարակում, ե՛ւ Ծովագյուղում, ե՛ւ Սեւանում հայտարարեց. «Ամենաանպատասխանատու պոպուլիստներն ասում են, թե հենց ընտրվեց նախագահ՝ միանգամից հարկերը կիջեցնի: Սո՛ւտ են ասում: Դա հնարավոր չէ, որովհետեւ բյուջեն պետք է լցվի: Բայց մյուս կողմից՝ իշխանության ներկայացուցիչներից էլ լսում ենք, որ հարկերն են մեր բյուջեի հիմքը եւ չի կարելի դրանք իջեցնել: Էստեղ էլ է սուտ: Խնդիրն այն չէ, որ հարկերն իջեցնեն: Խնդիրն այն է, որ արդարությամբ բաշխես: Այսինքն՝ նա, ով շատ հարուստ է՝ նա՛ պիտի բյուջեն հիմնականում լցնի: Բայց էդ ամենահարուստը, որպես կանոն, խուսափում է հարկերից: Եվ հարկային, մաքսային բեռը հիմնականում ընկնում է խեղճ ու կրակ ժողովրդի, կոպիտ ասած՝ բուդկեքի տերերի ուսերին»:

Վահան Հովհաննիսյանը խոստացավ, թե նախագահ ընտրվելու դեպքում վերանայելու է սեփականաշնորհման պայմանները. «Սեփականացրե՞լ ես, չե՞ս աշխատեցնում, գործարանիդ տակի հողի հարկը էնպե՛ս կբարձրացնենք, որ կա՛մ կաշխատԵցնես, կա՛մ ստիպված պետք է վերադարձնես»:

Մի հանդիպման ընթացքում էլ ասաց, թե տնտեսական աճը լայն խավերն իրենց վրա չեն զգում, քանի որ զարգացումից առաջացած պտուղներն «անմիջապես հայտնվում են այսօրվա ուժեղների եւ հարուստների գրպաններում: Դրանք կիսվել չեն սիրում: Մենք կստիպե՛նք կիսվել»: Իսկ Սեւանում էլ ընտրողներին խոստացավ. «Կքանդե՛մ էն բետոնե պատերը, որ հնարավորություն չեն տալիս ձեզ հաջողակ լինել: Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս ենք մենք դիմանում էս խեղճության մեջ»:

Ի դեպ, չնայած նախկին իշխանությունների հասցեին քննադատությանը՝ ՀՅԴ համայնքապետերը չեն մասնակցում իշխանությունների նախաձեռնած այն գործողություններին, որոնց նպատակը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավը խոչընդոտելն է: Ծովագյուղում, որի գյուղապետը դաշնակցական է, իրար կողքի, չպատռված փակցված էին ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի պաստառները (տես՝ լուսանկարում):

Բացի այդ, ըստ հավաստի տեղեկությունների, Սեւանի «Հարսնաքար» համալիրում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպում է անցկացնելու մարզի համայնքապետերի հետ, որոնց ընթացքում տրվելու են հանձնարարականներ ե՛ւ գործող վարչապետի օգտին գործելու, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցերին խոչընդոտելու մասին, եւ ՀՅԴ համայնքապետերը հրաժարվել են մասնակցել այդ հանդիպմանը: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Ծովագյուղի համայնքապետ Գեւորգ Թովմասյանից, եւ նա միայն ասաց. «Փետրվարի 2-ին ուզում են հանդիպում ունենալ: Ինձ հրավիրել են: Բայց ես գործ ունեմ՝ մասնակցում եմ ընկեր Վահանի քարոզարշավին եւ չեմ կարող գնալ: Ու չեմ կարող ասել, այդպիսի տվյալներ չունեմ, որ ուզում են արգելել»:

… Ծովագյուղում Վահան Հովհաննիսյանի համար սեղան էին գցել, եւ նա բաժակ բարձրացրեց՝ «Ծովագյուղցիների կենացը. թասիբով ժողովրդի»: Իր կռվազանությամբ հայտնի այս գյուղի բնակիչների հերթական ծեծկռտուքի ընթացքում Վահան Հովհաննիսյանը պահպանեց կատարյալ հանդարտություն, ու մինչ ամբոխը ծեծի էր ենթարկում հանդիպումն իր ազդանշաններով խանգարած վարորդին՝ ՀՅԴ թեկնածուն առանձին գյուղացիների բացատրում էր, որ իրենք սոցիալիստական կուսակցություն են:

 Հ. Գ. Մի քանի՝ ավելի թեթեւ լուրեր ՀՅԴ թեկնածուի այցից: Ծովագյուղում իրեն ազգային տարազով հաց ու աղ մատուցող աղջնակի առողջությունը մտահոգեց Վահան Հովհաննիսյանին. «Մրսեց երեխեն»: Հենց այս գյուղում ՀՅԴ թեկնածուն առաջին անգամ տեսավ իր կենսագրության մասին պատմող բուկլետը: «Էս ի՞նչ նկար է»,- ասաց՝ իր պատկերը տեսնելով, ու երեխայի ձեռքից վերցնելով՝ սկսեց ուսումնասիրել սեփական բուկլետը: Մեր զարմանքին՝ մի՞թե չէր տեսել այն, արձագանքեց. «Մարդ չպիտի իր շտաբների գործին խառնվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել