Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը մարզերում էր

Փետրվար 02,2008 00:00 Share

Այսօր եւ վաղը այցերը ՀՀ մարզեր կշարունակվեն

ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ մեկնել էր Լոռու եւ Տավուշի մարզեր: Նա նախ եղավ Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթի գյուղում, Նոյեմբերյան, Ալավերդի քաղաքներում, ապա կարճ ժամանակով այցելեց մեր երկրի ամենամեծ գյուղերից մեկը՝ Օձուն, նաեւ՝ Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներ: Մինչեւ Կոթի մտնելը՝ գյուղի հենց մուտքին գյուղացիները մեծ պաստառ էին փակցրել՝ «Կոթին ողջունում է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Վերջինիս աջակիցներին կոթեցիները դիմավորեցին բացառիկ ջերմությամբ՝ նախ գյուղի մատույցներից եռագույնը պարզած մի ձիավորի ուղեկցությամբ, ապա գառ մորթելու ավանդական դարձած արարողությամբ: 2 հազարից պակաս բնակչություն ունեցող այս գյուղում Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման էր եկել մի քանի հարյուր կոթեցի: Տեր-Պետրոսյանն իր այցը Կոթի խորհրդանշական համարեց, «որովհետեւ կոթեցի է մեր ժողովրդի պատմության մեջ լավագույն գրողներից մեկը, որին պետք է դասել Հրանտ Մաթեւոսյանի եւ Աղասի Այվազյանի կողքին»: Տեր-Պետրոսյանը հիշեցնելով, որ վերջերս այդ գյուղ էր այցելել Սերժ Սարգսյանը, հայտարարեց, թե դա ուղղակի սադիզմ է. «Նա եկել է մի գյուղ, որտեղի մեծագույն մարդուն՝ Վանո Սիրադեղյանին, իրենք՝ իշխանություններն աքսորել են Հայաստանից»: Տեր-Պետրոսյանը կոթեցիներին վստահեցրել է, որ Սերժ Սարգսյանը եկել է Կոթի գյուղացիներին նվաստացնելու հատուկ նպատակով եւ ասելու, որ ես ձեր հայրենակցին աքսորել եմ, բայցեւ մտնելու եմ այս գյուղ, եւ դուք ինձ ընդունելու եք: Տեր-Պետրոսյանը հույս է հայտնել, որ կոթեցիները «հանուն Վանոյի՝ Սերժ Սարգսյանին ոչ մի քվե չեն տալու», ինչի հետ կոթեցիները համաձայնություն հայտնեցին՝ «տենց էլ լինելու ա» հավաստիացումներով:

Հատկապես մարդաշատ եւ ջերմ էր ընդունելությունը Նոյեմբերյան քաղաքում, որտեղ թեկնածուն ներկայացրեց իր անելիքները, քաղաքականություն վերադառնալու պատճառները:

Ալավերդիում տեղի ունեցած հանդիպմանը իշխանությունները վաղօրոք էին պատրաստվել: Նրանք կանգնեցրել էին ներքաղաքային տրանսպորտը, որ Սարահարթից մարդիկ քաղաքի կենտրոն՝ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման չկարողանան գալ, չէր աշխատում նաեւ ճոպանուղին: Այդուհանդերձ, այստեղ թեկնածուի հետ հանդիպումը եւս մարդաշատ էր, ավելին՝ հավաքվածներն ակտիվորեն արձագանքում էին Տեր-Պետրոսյանի ելույթին եւ իշխանությունների հասցեին ուղղված նրա մերկացումներին:

Ու թեեւ առջեւում դեռ վանաձորյան հանդիպումն էր, իսկ ժամանակը՝ սուղ, բայց Տեր-Պետրոսյանը հարկ համարեց թեկուզ մի քանի րոպեով, բայց այցելել նաեւ Օձուն, որովհետեւ ստացված տեղեկություններով, այդ համայնքի գյուղապետ «Ալաբաշ» մականունով ՀՀԿ-ական Մելիք Այվազյանը գյուղացիներին սպառնացել էր Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման չգնալ: Օձունում Տեր-Պետրոսյանը գյուղացիներին մի քանի բառ ասաց ընդամենը՝ փոխանցել «Ալաբաշին», որ նա փետրվարի 19-ից հետո դատվելու է, եթե խելքը գլուխը չհավաքի:

ՀՀ առաջին նախագահն իրեն ուղեկցող թիմով Վանաձոր հասավ մեկուկես ժամ ուշացումով: Այդուհանդերձ, Վանաձորի կենտրոնում, որտեղ ջերմաստիճանը -15 աստիճան էր, դեռ 16:30-ից արդեն մի քանի հազար մարդ էր հավաքվել: Տեր-Պետրոսյանն իր ելույթում այստեղ եւս կոչ արեց փետրվարի 19-ին գնալ ընտրությունների՝ գիտակցելով, որ այս երկրի տերը իրենք են՝ ժողովուրդը, որ այդ ընտրությունները լինելու են ժողովրդի հաղթանակը:

Այս եւ առաջիկա հանգստյան օրերին Տեր-Պետրոսյանի կատարելիք այցերի մասին ավելի մանրամասնորեն կարդացեք մեր հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել