Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՏ ՎԱՏ ՀՈՏ

Փետրվար 02,2008 00:00

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելել է Նոր Նորքի զանգվածում կառուցված պաշտպանության նախարարության նոր շենք: Այցից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին ելույթներից մեկում արված այն հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանի համար արտաքին աշխարհ դուրս գալու հիմնական ուղին է, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Կարծում եմ՝ աշխարհագրությունից շատ մշուշոտ պատկերացում պետք է ունենաս այդպիսի հայտարարություն անելու համար: Ուղղակի բացեք քարտեզը եւ նայեք. իր աշխարհագրական դիրքով Ադրբեջանը չի կարող մեզ համար այդպիսի նշանակություն ունենալ»: Հավելել է. «Սա նաեւ ցույց է տալիս, որ մարդիկ չեն տիրապետում Հայաստանի այսօրվա արտաքին առեւտրի կառուցվածքը»: Ռոբերտ Քոչարյանը խորհուրդ է տվել նման հայտարարությունները նաեւ այլ տեսանկյունից դիտարկել. «Հիմա ընթանում է բանակցային գործընթաց Ղարաբաղի հարցի շուրջ: Ադրբեջանական կողմը որոշակի «գլխապտույտ» ունի՝ կապված նավթային գործոնի հետ, եւ ելնելով նավթային սպասելիքներից, իհարկե, փորձում է կոշտացնել իր դիրքորոշումը: Հիմա՝ Հայաստանի առաջին նախագահը հայտարարում է, որ Ադրբեջանը ոչ միայն նավթային առավելություն ունի, այլեւ դիրքային, հիմնական ելքն է Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ: Եթե Ադրբեջանում աշխարհագրական գիտելիքները նույն մակարդակի լինեն, ապա հասկանալի է, որ անպայման կփորձեն եւս առավել կոշտացնել իրենց դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ»: Ըստ նրա՝ «Ընդհանրապես Լեւոն Տեր-Պետրոսյանի սերը դեպի Ադրբեջան, այդ վերաբերմունքը հիվանդագին բնույթ է սկսում կրել, նույնիսկ շատ ու շատ հարցեր է իմ մոտ առաջացնում եւ կասկածներ, որոնցից շատ վատ հոտ է գալիս»:

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ նախընտրական շրջանում կալանավորվում են ընդդիմադիրներ, եւ նկատեց, որ դրանք հաջորդել են Թալինում տեղի ունեցած միջադեպին. «Բոլորը պետք է գիտակցեն, որ ընտրությունների ժամանակ «Քրեական օրենսգիրքը» չի սառեցվում: Ճիշտ հակառակը՝ այս օրերին իրավապահ մարմինները ավելի խիստ պետք է լինեն: Եվ սանկցիաներ կիրառելու ժամանակ, այսպես ասենք, սանկցիաների ամենից խիստ շեմը իրենք պետք է փորձեն կիրառել: Եվ դա պետք է արվի հենց նրա համար, որ ընտրությունների ընթացքում, այս նախընտրական տրամադրությունների պատճառով, մենք ավելի մեծ խնդիրներ չունենանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել