Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶՄԱԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՀՈՒՍԱԽԱԲ ԵՆ ԱՆՈՒՄ

Փետրվար 02,2008 00:00 Share

\"\"Ղազարյանների 46 հոգանոց ընտանիքն այլեւս որեւէ թեկնածուի խոստումներին չի հավատում

Ամեն ընտրություններից առաջ համայնքապետի, պատգամավորի եւ նախագահի թեկնածուներն ընտրողների քվեները կորզելու համար իրենց նախընտրական ծրագրերում շեշտը դնում են սոցիալական խոստումների վրա: Հաշվի առնելով, որ աղքատ բնակչությունը մեր երկրում շատ է, խոստանում են կենսաթոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել, հիվանդներին անվճար բուժել, ծնելիությունը խթանել, բազմազավակ ընտանիքներին էլ ապահովել բնակարանով ու ավտոմեքենայով: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ դրանք ընդամենը նախընտրական դատարկ խոստումներ են մնում, որոնց «խերը» ժողովուրդն այդպես էլ չի տեսնում: Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ թե՛ դաշնակցության, թե՛ մյուս անցնող կուսակցությունների նախընտրական ծրագրերում բազմաթիվ խոստումներ կային՝ աջակցելու բազմազավակ ընտանիքներին: Ընտրություններից մոտ 1 տարի է անցել, սակայն բազմազավակներն այդպես էլ որեւէ էական աջակցություն չեն տեսել: Անթառամ Կիրակոսյանի ու Մամիկոն Ղազարյանի՝ 46 հոգանոց ընտանիքը դրա վառ ապացույցն է: Նրանք տասնյակ ընտրություններ են տեսել ու բազմաթիվ խոստումներով խաբվել:

Անթառամ Կիրակոսյանը Հայաստանում միակ բազմազավակ մայրն է, որն ազգին 17 երեխա է պարգեւել՝ 8 տղա, 9 աղջիկ: Ընտանիքն օր օրի մեծանում է, իսկ բնակարանի խնդիրն օրհասական է դառնում: Անթառամն ու Մամիկոնն իրենց 6 աղջիկներին արդեն ամուսնացրել են, իսկ տղաներից հասցրել են ամուսնացնել միայն երկուսին, մնացածը թեեւ արդեն ամուսնանալու տարիքի են եւ ուզում են ընտանիք կազմել, սակայն բնակվելու տեղ չունեն եւ հարս բերելը նրանց ընտանիքի համար մեծ հոգս է:

Որքան էլ Անթառամի ընտանիքն իրենց հոգսերի մասին դիմումներ է գրել նախագահին, նախկին ու ներկա վարչապետներին, Ազգային ժողովի պատգամավորներին ու համայնքապետին, որեւէ մեկը չի ցանկացել աջակցել ընտանիքին: Վարչապետին ուղղված դիմումը, որտեղ ընտանիքը խնդրել է իրենց ապահովել բնակարանով, հասցեագրվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Աղվան Գրիգորյանին, վերջինս էլ պատասխանել է. «Ուզում ես՝ Պուտինին գրի, հնարավորություն չկա ձեզ բնակարան տալու, բնակֆոնդի խիստ սղություն է»:

Այս օրերին նախընտրական քարոզչության ժամանակ ՕԵԿ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը խոստանում է 6 երեխա ունեցող ընտանիքներին բնակարան եւ ավտոմեքենա տալ: Նա ԱԺ նախագահ էր եւ հնարավորություն ուներ բազմազավակներին օգնելու, սակայն նրան հասցեագրված դիմում-խնդրանքներն էլ, Անթառամ Կիրակոսյանի հավաստմամբ, մնացել են անպատասխան. «Դրանք լրիվ օդի մեջ խոստումներ են»:

Վերջին տարիների ընթացքում Ղազարյաններին իշխանությունների առաջարկած միակ օգնությունը եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը՝ դիմումին. «Կարող ենք տրամադրել 50 հազար դրամ օգնություն»: Սակայն տիկին Անթառամի խոսքերով՝ 50 հազար դրամը իրենց ընտանիքի երկու օրվա «մատնաքաշի» փողն է: Վիրավորական համարելով այդ օգնությունը՝ ընտանիքը դրանից հրաժարվել է:

Տիկին Անթառամի ներկայացմամբ՝ պաշտոնյաները մեծ մասամբ բնակարան չտալը պատճառաբանում են, թե նա ընդամենը 4 անչափաս երեխա ունի. «Մենք հո չե՞նք խնդրում փող տան, գոնե մի 1000 մետր հող տան, մենք քիչ-քիչ մի բան կսարքենք: Քաղաքի մեջ չեն կարող տալ՝ գոնե քաղաքամերձ վայրում: Հենա, Արգավանդում կազինոների համար տեղ տալիս են, թող մի փոքր տեղ էլ մեզ տան: Էս հանրապետությունում ընդամենը մի 50 բազմազավակ ընտանիք կա, իսկ մեր պետությունը դրանց էլ չի օգնում, բա էլ ո՞ւմ վրա հույս դնենք: Չորս տղաներս այս պետության համար բարեխղճորեն ծառայել են բանակում, իսկ այսօր պետությունը մեզ համար ոչինչ չի անում»:

Չնայած նրա ընտանիքի տրամադրության տակ է երկու երկուսենյականոց բնակարան, սակայն սենյակներն այնքան փոքր են, որ անգամ մահճակալ չեն կարողանում տեղադրել: Տղաներն այս ցրտին ստիպված հատակին են քնում: Տիկին Անթառամի պատմելով՝ մինչ աղջիկների ամուսնանալը, երեխաները քնում էին մի քանի հարկանոց մահճակալների վրա: Ընտանիքի հայրը՝ Մամիկոն Ղազարյանը մշտական աշխատանք չունի, նա սառնարաններ է վերանորոգում. պատվերը կլինի՝ գումար կվաստակի, չէ՝ կմնա անգործ: Տղաները, ճիշտ է, աշխատում են, բայց նրանց վաստակածը հազիվ բավականացնում է միայն օրվա ապրուստին, իսկ բնակարան գնելու համար միջոցներ չունեն: Ներկայումս բանկվարձի եւ աղբահանության համար մոտ 300.000 դրամ պարտք ունեն: Ա. Կիրակոսյանի խոսքերով՝ ի տարբերություն խորհրդային տարիների, այսօր մեր պետությունը բազմազավակ մայրերին ոչ մի արտոնություն չի տալիս, ընդամենը մի քանի հազար դրամ նպաստ, անգամ, որպես արտոնություն, ժամանակից շուտ թոշակի չեն ուղարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել