Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնավաճառում նորից ճնշում են

Փետրվար 02,2008 00:00 Share

\"\"Սերժ Սարգսյանի այցը Հարավ-արեւմտյան թաղամաս՝ նրանց վրա թանկ է նստել

Երեկ ժամը 13.30-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի արձանի մոտ, պետք է քարոզչություն աներ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Չնայած համայնքի պատասխանատուները՝ թաղապետ Աղվան Գրիգորյանի ղեկավարությամբ, վաղ առավոտից համայնքում «մարդ հավաքելու» գործով են զբաղվել, սակայն մինչեւ թեկնածուի ժամանելը՝ նրանց չի հաջողվել ապահովել «բազմահազարանոց» լսարան, ինչպես որ Ս. Սարգսյանի այցի ժամանակ լինում է այլ համայնքներում: Ուստի Մալաթիայի հագուստի տոնավաճառի տնօրեն Ռադիկ Սարգսյանը տոնավաճառի առեւտրականներին է ստիպել գնալ թեկնածուի հետ հանդիպման: Երեկ «Առավոտի» խմբագրություն էին զանգահարում բազմաթիվ վաճառականներ ու խնդրում այցելել տոնավաճառ՝ տեսնելու, թե ինչ դաժան մեթոդներով, ծեծով ու ջարդով է Ռադիկ Սարգսյանն իրենց «քշում» Անդրանիկի արձանի մոտ: «Մեզ լրիվ անասունի տեղ է դրել, թույլ չի տալիս մեր օրվա հացը վաստակենք, ասում է՝ ով չգնա հանդիպման՝ թող փասափուսեն հավաքի ու էլ ստեղ չերեւա: Մենք տեղի վարձ ենք տալիս, իր հաշվին չենք գալիս տոնավաճառ: Չի նայում ոչ կին, ոչ տղամարդ, աշխարհի վերջին հայհոյանքները տալիս է ու սպառնում»,- բողոքեցին առեւտրականները՝ խնդրելով իրենց անունները չհրապարակել:

Թե ինչպես է ընդհանրապես Ռադիկ Սարգսյանը վարվում տոնավաճառի աշխատակիցների հետ՝ «Առավոտն» արդեն մի քանի անգամ հրապարակել է («Առավոտ», 21.03.07թ., 24.03.07թ., 03.04.07թ.): Վաճառականների պատմելով՝ այդ հրապարակումներից հետո տնօրենը սկսել է ավելի դաժան մեթոդների դիմել. եթե նախկինում ձմռանը օդակարգավորիչներ էր միացնում, որոնց գումարը, ի դեպ, հավաքել են հենց տոնավաճառի աշխատակիցներից, այս ձմռանը Ռադիկ Սարգսյանը թույլ չի տվել օդակարգավորիչները միացնել: «Մենք 25 աստիճան ցրտին ստիպված էինք առավոտյան ժամը 9-ից մինչեւ 7-ը սառցակալած կանգնել: Երբ տնօրենին ասում էինք, որ մրսում ենք, խնդրում ենք կոնդիցիոներները գոնե մի ժամով միացնել, նա մեզ պատասխանում էր՝ հա, ի՞նչ անեմ, իմ տղերքն էլ էնտեղ՝ հողի տակ են մրսում»: Նշենք, որ Ռ. Սարգսյանի երկու որդիները տարիներ առաջ մահացել են: Ըստ առեւտրականների, ամեն մի կորստից հետո նա իր ամբողջ ցավն ու վիշտը թափել է իրենց վրա ու սկսել վերջիններիս պատժել ավելի խիստ մեթոդներով:

Ներկայումս այդ տոնավաճառի առեւտրականները հանգստյան օր չունեն, ինչը «Աշխատանքային օրենսգրքի» խախտում է: Նրանք պարտավոր են ամեն օր առավոտյան ժամը 9-ին տաղավարի մոտ լինել, հակառակ դեպքում՝ կտուգանվեն: Հունվարի սկզբի ցուրտ օրերին, երբ վաճառականները տոնավաճառի տնօրինությունից խնդրել են մի քանի օրով հանգիստ տալ իրենց, մանավանդ որ ոչ մի գնորդ չեն ունեցել, նրանց պատասխանել են՝ «վարձերը բերեք-մուծեք՝ կուզեք ամիսներով մի մտեք տոնավաճառ»: Յուրաքանչյուր 1 օրվա համար առեւտրականները տնօրինությանը վճարում են 8-10 հազար դրամ:

Երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալն էլ առեւտրականների վրա առնվազն 8-հազարական դրամ է արժեցել: Այդ է պատճառը, որ վաճառականները չեն համաձայնել իրենց գրպանի հաշվին Սերժ Սարգսյանի քարոզչությունը լսել, մանավանդ որ, իրենք տոնավաճառում հազիվ կարողանում են օրվա հացի փող աշխատել: Շատերն այնտեղ վերավաճառողներ են, որոնք մեկ օրում կարողանում են 500-1000 դրամ վաստակել:

Նկատենք, որ չնայած առեւտրականների բողոքներին, նրանք Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ շատ ակտիվ «երկրպագու» էին ձեւանում, անընդհատ վանկարկում էին՝ «Առաջ, Հայաստան», «Կեցցե Սերժ Սարգսյանը» եւ այլն: Երբ մոտենում էի ամբոխի մեջ հավաքված առեւտրականներին ու հարցնում՝ ձեր կամքո՞վ եք եկել, թե՞ պարտադրաբար, շատերն աչքով-ունքով հասկացնում էին, որ սարգսյանականների գնալուց հետո միայն ինֆորմացիա կտան: Վախենալով իշխանական թեկնածուի եւ նրա վաղեմի ընկեր Ռադիկ Սարգսյանի հնարավոր ճնշումներից, նրանք բարձրաձայն վստահեցնում էին, որ Սերժ Սարգսյանին են ընտրելու եւ բացի նրանից ավելի լավ թեկնածու չեն ճանաչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել