Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ է, ասելու են՝ քարոզչություն է»

Փետրվար 02,2008 00:00

\"\"Երեկ ԵՊՀ-ում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը

Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շնորհանդեսը, որը նախաձեռնել էր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ն: Հիշեցնենք, որ վերջինիս նախագահը Սերժ Սարգսյանին զանազան ծառայություններ մատուցելու համար՝ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի պաշտոնով պարգեւատրված Արսեն Քարամյանն է:

Ծրագրի շրջանակներում Ավան համայնքի Ծարավ աղբյուրի 55ա հասցեին հարող տարածքում՝ Բուսաբանական այգու հարեւանությամբ կկառուցվի 2-4 սենյականոց բնակարաններով 9 հարկանի բնակելի շենք: Շինարարությունը կսկսվի 2008-ի մարտին եւ կտեւի 18-20 ամիս: Ա. Քարամյանը նշեց. «Ոչ կորմերցիոն բնույթի այս ծրագիրը ԵՊՀ-ում աշխատելը դարձնում է գրավիչ նաեւ սոցիալական խնդիրների լուծման առումով: Երեկ հանդիպել ենք բոլոր 150 շահառուների հետ: Վերջիններս բնակարանները ձեռք կբերեն 1 քմ-ի համար վճարելով 170 հազար դրամ, ինչը ավելի քան 50 տոկոսով պակաս է Երեւանում գործող շուկայական գներից»: Շենքի նախագիծը ճարտարապետ Դավիթ Միրզոյանինն է: Շինարարական աշխատանքներն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Էդուարդ Մելիքյանն էլ տեղեկացրեց. «Բնակելի համալիրը բաղկացած է լինելու երկու 9 հարկանի մասնաշենքից, որոնք ընդհանուր առմամբ ունենալու են 264 բնակարան: Շենքը շահագործման կհանձնվի 2010 թվականի առաջին կիսամյակում»: Միջոցառմանը երեկ ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ նրա՝ ԵՊՀ գալու պատվին մեկ օր առաջ բուլդոզերներով ու մարդկային ռեսուրսների ջանքերով մաքրվել էր բուհի ողջ շրջակայքի սառույցը, որը դժվարացնում էր համալսարանականների տեղաշարժը: «Կարծես սովորական մահկանացուներս արժանի չէինք, որ բակն ավելի շուտ մաքրվեր, անպայման պիտի վարչապետը գար»,- դժգոհեց մի դասախոս՝ հայտնելով, որ բոլորին հրահանգել են անպայման ներկա գտնվել վարչապետի հետ հանդիպմանը:

Միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը այսպես սկսեց խոսքը. «Ես առանձնապես ասելիք չունեմ, մեկ է՝ ինչ էլ անեմ, ասելու են՝ նախընտրական քարոզչություն է անում: Բայց նաեւ ձեզ հավաստիացնում եմ, որ այս ծրագրի վրա վաղուց էինք աշխատում: Նպատակն այն է, որ կարողանանք ապահովել շատ թե քիչ նորմալ պայմաններ, որպեսզի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը կարողանա ուսանողներին գիտելիք մատուցել: Թե ուրիշներն ինչ կասեն՝ իրենց գործն է, Աստված վերեւից ամեն ինչ տեսնում է»:

Տեղեկացնենք, որ արդեն քննարկվում են նմանատիպ եւս 2 շենք կառուցելու ծրագրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել