Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԳԱՎԱՃԱԹԱՓ» ՄԱՐԱԼԻԿՈՒ՞Մ

Փետրվար 02,2008 00:00

ԲՀԿ-ի 40 անդամներ օրերս դուրս են եկել կուսակցությունից՝ պատրաստակամություն հայտնելով սատարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Գագիկ Ծառուկյանի նախկին կուսակիցների մեկնաբանելով՝ նման կտրուկ քայլ կատարելու պատճառն այն է, որ իրենք նեղսրտած են կուսակցության՝ Սերժ Սարգսյանին աջակցելու որոշումից: Իսկ նրանց որպես օրինակ ծառայել է ԲՀԿ Մարալիկի կառույցի նախկին ղեկավար Բաբկեն Ուռուտյանի՝ կուսակցության շարքերից հեռանալը: «Լինելով սպորտսմեն ու հարգելով Գագիկ Ծառուկյանին՝ 2006թ.-ին մտել եմ կուսակցության շարքերը, իհարկե՝ «Բարգավաճի» ծրագրին ծանոթանալուց ու հավանություն տալուց հետո: Տեսել եմ, որ այն լրիվ ընդդիմություն է ՀՀԿ-ին ու ինձ միշտ թվացել է, թե այդպես էլ շարունակվելու է: Դեռեւս նույն թվից ես հետաքրքրվում էի, թե նախագահական ընտրություններին մենք ունենալո՞ւ ենք մեր թեկնածուն: Եթե ԲՀԿ-ն իր թեկնածուին առաջադրեր, միգուցե ես չլքեի կուսակցության շարքերը: Ընդ որում, իմ քայլին հետեւում են ոչ միայն 40-ը, այլեւ կողքի գյուղերից ենք արձագանքներ լսում, ցանկություն են հայտնում կուսակցությունից դուրս գալու ու մեզ միանալու»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբկեն Ուռուտյանը, ով, ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածքային շտաբի պատասխանատու Հարություն Ուռուտյանի որդին է: Գրեթե նույնը կրկնեց նաեւ ԲՀԿ-ի շարքերից հեռացած մեկ այլ անդամ՝ Ռոման Բարսեղյանը, ով իր հետ հանել է նաեւ իր ընտանիքի չորս անդամներին: «Ես ոչ մեկի ազդեցության տակ չեմ ընկել, դժգոհ եմ, որ ոչ մի ժողով չանցկացնելով, տարածքային կառույցների անդամների կարծիքը բացարձակապես հաշվի չառնելով՝ իրենք իրենց ինքնագլուխ որոշեցին սատարել Սերժ Սարգսյանին, ես էլ ընթերցելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը, ավելի շատ հավանություն տվեցի նրա մտքերին»,- ասաց Ռոման Բարսեղյանը: ԲՀԿ-ականներից իրենց նեղացած լինելը ավելի ակնառու դարձնելու նպատակով նրանք տարածել էին քաղաքական հայտարարություն, ուր շարադրված է. «Ես՝ լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, տեսնելով, որ կուսակցությունը իր առաջ դրել է Սերժ Սարգսյանին սատարելու խնդիր, չհամաձայնվելով՝ մեծ սիրով, հոժար կամքով դուրս եմ գալիս կուսակցությունից ու սատարում եմ ՀՀ առաջին եւ երրորդ նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանին, որի համար ստորագրում եմ»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ հատկապես այս պահին որոշեցին լքել կուսակցությունը, չէ՞ր կարելի դա անել մեկ կամ երկու ամիս առաջ, երբ արդեն իսկ հստակ էր ԲՀԿ-ի դիրքորոշումը: «Մեզ ժամանակ էր պետք բոլոր նախագահների ծրագրերին ծանոթանալու»,- պատճառաբանեցին նախկին ԲՀԿ-ականները: Այս հարցի կապակցությամբ պարզաբանումներ ստացանք նաեւ Մարալիկի ԲՀԿ կառույցի ղեկավար Արտակ Ավդալյանից, ով հերքեց 40 անդամների՝ կուսակցության շարքերից դուրս գալը: «Մեզ որեւէ մեկը գրավոր դիմում չի ներկայացրել իր դուրս գալու մասին, իր անդամատոմսը չի հանձնել, իսկ ձեզ՝ 40 հոգու անունից ներկայացրած հայտարարության ստորագրությունները կեղծ են: Մեզանից դեռ դժգոհող մարդիկ չկան, ընդհակառակը՝ «Բարգավաճի» անդամների թիվը Մարալիկում գնալով ավելանում է, այստեղ կուսակցությունը ակտիվանում է: Իսկ ինչ վերաբերում է ՀՀՇ-ական Հարություն Ուռուտյանի ընտանիքի անդամներին, նրանց՝ թվով հինգ հոգու, մենք ենք հեռացրել կուսակցությունից, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ նրանք չեն սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Չգիտենք նաեւ, թե ինչպե՞ս է ՀՀՇ-ականի ընտանիքը հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում, ամենայն հավանականությամբ՝ շահի համար»,- ասաց պրն Ավդալյանը: Մեր այն դիտարկմանը, թե կուսակցությունից հեռացածների ցանկում կան նաեւ մի քանի Լոռեցյաններ, ԲՀԿ-ի ղեկավարը պատասխանեց, որ նրանք Ուռուտյանների բարեկամներն են: Եթե ի նկատի ունենանք, որ այդ ցանկում կան միայն 7 Ուռուտյան, 4 Լոռեցյան, 4 Բարսեղյան, արդեն իսկ հեռացածների մեծ թիվ է գոյանում: Նկատենք, որ Ուռուտյանի որդին էլ պնդում էր, թե ինքը տասը հոգու հետ՝ մնացածների անուն-ազգանուններն էլ ձեռքերին, ներկայացել են ԲՀԿ ու տեղեկացրել վերջինիս շարքերից դուրս գալու մասին: Իսկ որոշ անդամների անդամատոմսերը կուսակցությանը հետ չվերադարձնելու պատճառն այն է, որ ժամանակին ոչ բոլորին է կուսակցական տոմսեր հասել:

Ի դեպ, Մարալիկում ականատես եղանք մի շատ հետաքրքիր փաստի, Վիճակագրության եւ պետռեգիստրի Անիի տարածքային բաժանմունքի շենքում տեղակայված ՀՀՇ-ն ու ՀՅԴ-ն սկսել էին մտերմիկ հարեւանություն, ՀՅԴ-ի սեղանին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիրն էր, իսկ ՀՀՇ-ի սեղանին՝ Վահան Հովհաննիսյանինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել