Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնահատեք ու ընտրեք ինձ»

Փետրվար 02,2008 00:00 Share

Մյուս թեկնածուների պես Կարապետիչն էլ ինքնագովազդով զբաղվեց

«Ընտրե՛ք ապագան… ձեր ապագան ես եմ»,- երեկ Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: «Ընտրություններին կաշառում են, հետո էլ իրենց գործած մեղքերի համար ասում՝ մեզ ներեք: Դե թող ժամանակին չխախտեին, որ հիմա էլ չասեին՝ եկեք մաքուր ընտրություն անենք: Բա 96-ին, 98-ին, 2003-ին ո՞ւր էին այդ քաղաքական գործիչներն ու ուժերը… ախր մեկը մյուսի շարունակությունն է»,- հայտարարեց նա: Թեկնածուի հետ հանդիպումը բազմամարդ չէր, ինչպես ակնկալում էր Կարապետիչը:

Ներկաների մի մասը բողոքեց, որ դպրոցում, մանկապարտեզում աշխատողները կամ սեփական խանութ ունեցողները վախեցել են գալ հավաքին, որովհետեւ մոտակայքում տեղակայված են ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները: Նրանց պնդմամբ, այդ շտաբներում կան հատուկ մարդիկ, ովքեր հետեւում են, թե որ արմավիրցին որ թեկնածուի հետ է հանդիպման գնում: Արդյունքում՝ մարդիկ ազատվում են աշխատանքից կամ նրանց խանութները փակվում են: Մի միտինգավոր էլ նշեց, որ վախենում է խառնվել քաղաքական անցուդարձին, որովհետեւ. «Օրական տասը հոգու խփում են, բա էլ ի՞նչ ազատ երկիր է սա»: Տ. Կարապետյանը արմավիրցիներին խորհուրդ տվեց վստահել իրեն. «Եկեք հավատանք այն մարդկանց, որոնք մշտապես ընկերություն են անում ժողովրդի հետ, այլ ոչ թե երեկվա «ռոբերտականներին»: Իհարկե, սրիկայություն է, որ ժողովրդավարություն քարոզելով՝ մարդկանց իրենց կողմնորոշման համար աշխատանքից հեռացնում են, վախեցնում»: Թեկնածուն այս մարզում էլ խոստացավ լուծել ավանդների, բարձր կենսաթոշակի, ոռոգման ջրի ու գյուղացիների մնացած խնդիրները: Նրա խոսքերով, իշխանությունները ոչ թե պետք է փող շորթեն, այլ պայմաններ ստեղծեն, որ մարդիկ կարողանան տնտեսվարել ու ոտքի կանգնել. «Իշխանավորը պետք է մտածի ոչ միայն ռազմավարական, այլեւ առօրյա խնդիրների մասին: Այսօր ձեզ մթերումների համար փող չեն տալիս, ասում են՝ գնացեք, հետո կտանք, կամ հասցնում են այն աստիճանի, որ ձեր բերքը դառնա կոպեկանոց»:

Կրկին միայն իրեն նկատի ունենալով՝ Կարապետիչն ասաց. «Իշխանության մեջ պետք է լինեն նոր դեմքեր՝ մարդիկ, ովքեր մտածում են ժողովրդի մասին, ոչ թե 16 տարի շարունակ ընտրությունից ընտրություն իրար մեջ ստից մրցակցություն ստեղծեն, որ ժողովուրդը մի բեւեռից մյուսը գնա: Չի կարելի ժողովրդին դարձնել բեւեռացված, ախր ժողովուրդը կենտրոնամետ է: Քաղաքական ուժերը թող չձգտեն իզուր տեղը փոշիացնել ձայները: Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր ընտրած նախագահը իրեն երաշխիքներ պետք է տա: Իսկ ես կտամ ձեզ համապատասխան երաշխիքներ»: Նա նորից ու նորից հնչեցրեց այն միտքը, որ ինքը միակ այլընտրանքային թեկնածուն է, որն ամեն ինչ ունի ու ցանկանում է ծառայել ժողովրդին. «Իսկ վերնախավի մեջ դուք ծառաներ տեսնո՞ւմ եք: Ո՞ր մեկը կծառայի ժողովրդին: Նրանք հազիվ շքերթներով,150 մեքենայով ու տելախրանիտելներով գալիս են, ծափ տվողներին, «նախագահ» գոռացողներին ու ծեծողներին էլ հետները բերում…Իսկ ես ոչ մեկին չեմ բերում հետս, տեսեք` մենակ եմ, դե՛ գնահատեք»:

Տ. Կարապետյանը ժողովրդին հարցրեց. «Ո՞վ է այսօր մտածում ձեզ աշխատատեղերով ապահովելու մասին: Ո՞ւր են ձեր աշխատատեղերը, որը այս 16 տարիների ընթացքում օդանավակայան ու բջջային կապ առնողը պիտի ապահովեր…»: Հանդիպման վերջում Կարապետիչի ընտրողները մոտեցան նրան ու խնդրեցին ինքնագիր թողնել իրենց մոտ եղած բուկլետների վրա: Նրա համակիրներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ թեկնածուն արմավիրցիների աչքին բարձրացել է հատկապես «Կենտրոն» TV-ով հեռարձակվող «Ուրվագիծ» հաղորդաշարից հետո, որի թողարկումներից մեկի ժամանակ Կարապետիչը «Ուրվագծի» վարող եւ հեղինակ Պետրոսին «տեղն է դրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել