Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախուստ բանտից»՝ ձմեռվա «հիթը»

Փետրվար 02,2008 00:00

Երեւանի վաճառակետերում ամենալավը սպառվում են կրիմինալի մասին ֆիլմերը

Հայտնի է, որ DVD-ները ամենամեծ սպառումն ունեն հենց ձմռանը: Որ դա այդպես է, հաստատվեց տեսա եւ ձայներիզների 40-ից ավելի վաճառակետերում մեր այցելությունների ժամանակ՝ ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների հետ զրուցելու ընթացքում: «Հիմնական հետաքրքրությունը ռուսական այն ֆիլմերի նկատմամբ է, որոնք պատկերում են հանցաշխարհի էլիտային՝ օրենքով գողերին, նրանց ֆինանսական համակարգը, չգրված օրենքները»,- ասում է վաճառակետերից մեկի աշխատակիցը: Նրա դիտարկմամբ, գնորդի տարիքը տատանվում է 17-60 տարեկանի սահմաններում: «Լինում է, որ ընդունում ենք պատվերներ, քանի որ պահանջարկը մեծ է, իսկ տեսականին պահելը՝ դժվար»,- ասում են մեկ ուրիշ վաճառակետում:

«Ինչո՞վ է բացատրվում նմանօրինակ ֆիլմերի պահանջարկի աճը» «Առավոտի» հարցին էլ պատասխանում է մասնագիտությամբ իրավաբան ներկայացած, գնորդ Հարություն Սարգսյանը. «Նախ, դարն այդպիսին է, իր հարաբերություններով: Եվ երկրորդ, կա լուրջ իրավաբանական մշակույթ: Այս պահին, ինչպես տեսնում եք, ես գնել եմ ռուս ժողովրդական երգիչ Միխայել Կրուգի մասին «Կյանքը եւ մահը» ֆիլմը: Այն հետաքննություն է չբացահայտված սպանության, որը տեղի ունեցավ 2002թ. հուլիսին: Բանտային ռոմանսների երգչի տուն մտան երկու դիմակավորված անձինք, որոնք թաքնվելով նրա խորդանոցում, սպասեցին Կրուգին այնքան, մինչ նա համերգից կվերադառնար տուն»:

Ձայներիզների վաճառակետերում մեզ ասացին, որ «Փախուստ բանտից» ամերիկյան ֆիլմը շուկայում ամենասպասվածն է. «Մենք հեռուստատեսությունից առաջ ենք ընկել»,- ասում է մեկ այլ վաճառող: Նրա տեղեկացմամբ, օրական միայն մի կետում, այն էլ ծայրամասի, այս ֆիլմի 20 օրինակ է վաճառվում: Հետո գալիս են «Կորուսյալները», «Մենթերը», «Արյունոտ շրջան», «Խուլիգանական բեսպրեդել», «Վլադիմիրի բանտը», «Օրենքով գողերը», «Յապոնչիկ», «Ռուսական բանտերը. երեկ եւ այսօր»: Դարակներում տեսանելի էին նաեւ «Քրեական ազարտ» (մոլախաղերի մասին), ինչպես նաեւ «Կրիմինալ կոմեդիաները»: Իհարկե, մեր դիտարկումները չեն նշանակում, թե հայ ժողովուրդը միայն այդ կարգի ֆիլմերին է նախապատվություն տալիս: Կային վաճառակետեր էլ, ուր, իրենց բնորոշմամբ, «Գարունը շուտ էր եկել»: Վաճառվում էին երաժշտական տեսահոլովակներ ու տեղական նշանակության հեռուստասերիալներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել