Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոք՝ գրավի դեմ

Փետրվար 02,2008 00:00

Դատարանը հղում է արել Եվրոպական դատարանի որոշմանը, որը «նախադեպային» չէ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2007թ. հունվարի 11-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զելիմ Թադեւոսյանը: Բողոքն առնչվում է ոստիկանության աշխատակցի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառմանը:

Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Արմեն Ալեքսանյանի կողմից 2007թ. հոկտեմբերի 18-ին՝ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում, պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Արմեն Ալեքսանյանը աշխատել է որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ: Նա 2007թ. հոկտեմբերի 18-ին՝ նույն դասակի հրամանատար Մանուկ Պողոսյանի հետ, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում, Նորիկ Անդրեասյանի կատարած վարչական իրավախախտման (արտաքին թաղանթապատում ունեցող ապակիներով լուսաթափանցելիության սահմանված չափի խախտում) համար նրա «Մերսեդես-Բենց» մակնիշի 06 ԼԼ 808 պետհամարանիշի ավտոմեքենան տարել է ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք (տուգանային հրապարակ) եւ վերջինիս պատկանող 45000 ՀՀ դրամին ապօրինի տիրանալու դիտավորությամբ՝ Երեւանի Թաիրովի փողոցի 14 հասցեում գտնվող իր աշխատանքի վայրում խաբեության եղանակով պահանջել եւ վերջինից առձեռն ստացել է մուգ ապակիներով սահմանված չափի խախտման համար նախատեսված վարչական իրավախախտման տուգանքի՝ 50000 ՀՀ դրամ գումարը: Նա, սակայն, կազմել էր 5000 ՀՀ դրամի տուգանք նախատեսող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Արձանագրության օրինակը վարորդի փոխարեն տարել եւ ներկայացրել էր տուգանային հրապարակում ծառայություն իրականացնող տեսուչին, որից հետո Նորիկ Անդրեասյանն ավտոմեքենան դուրս էր բերել այդտեղից:

Ըստ մեղադրանքն առաջադրող մարմնի, նշված գործողություններով Ալեքսանյանն «էական վնաս էր պատճառել անձի ու պետության իրավունքներին, օրինական շահերին»:

Այս տարվա հունվարի 9-ին Ալեքսանյանը ձերբակալվել է, իսկ հունվարի 11-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 308 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: Նույն օրը որոշում էր կայացվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Գ. Կարախանյանի), քննության առնելով քննիչ Դ. Հարությունյանի հարուցած միջնորդությունը, հաշվի առնելով մեդադրյալին մեղսագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, գտել էր, որ այն հիմնավոր է եւ կիրառել է 2 ամիս ժամանակով կալանավորում:

Միաժամանակ քննության առնելով Արմեն Ալեքսանյանի շահերի պաշտպան Ա. Գրիգորյանի՝ գրավով կալանքից ազատելու հնարավորության մասին միջնորդությունը, դատարանը գտել էր, որ Արմեն Ալեքսանյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ եւ կոնկրետ դեպքում հնարավոր է 50000 դրամ գումար վճարելու պայմանով կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավը, հիմք էր ընդունել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վերլուծությունը՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի դրույթները:

Սակայն, ըստ ավագ դատախազի բողոքի, գրավ կիրառելու վերաբերյալ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ որոշումը «հիմնազուրկ է, չի բխում քրեական գործի փաստական հանգամանքներից, դրանով թույլ է տրվել դատավարական իրավական նորմերի խախտում, հետեւաբար՝ ենթակա է բեկանման»:

Դատարանը մեջ էր բերել Եվրոպական դատարանի կողմից ընդունված մի քանի նախադեպային որոշումներ, սակայն, Զ. Թադեւոսյանի դիտարկմամբ, «որեւէ կերպ չի հիմնավորել, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային կոնկրետ ինչ ակտեր են վերլուծության ենթարկվել կամ բերված մեջբերումները ինչքանով են համահունչ եւ կիրառելի տվյալ գործով»:

Մեր դատարանի որոշման մեջ բերված, ԵԴ-ում քննված «Կաբալերոն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործում խոսք է գնացել 1926թ. ծնված Կաբալերոյի մասին, որը Լոնդոնի քրեական դատարանի կողմից 1987թ. դատապարտվել էր մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործած վիճակում մի կնոջ հետ սեքսուալ հարաբերություններ ունենալու համար, որի ընթացքում կիրառված բռնության հետեւանքով վերջինս մահացել էր: Կաբալերոն զրկված էր եղել մինչդատական վարույթում գրավի դիմաց ազատվելու իրավունքից: Բայց ինչ կապ ունի այս նախադեպը հայ ոստիկանի արարքի հետ՝ դժվար է ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829