Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինիտա լա կոմեդիա»

Փետրվար 02,2008 00:00

\"\"ՄԱԿ-ի սպասելի կողմնորոշումը

Երեկ փակ-գաղտնի քվեարկությամբ Միավորված աշխատանքային կուսակցության քաղաքական ակտիվը որոշեց առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Կամ՝ պաշտոնական ձեւակերպմամբ՝ «քաղաքական ակտիվի մեծամասնությունը՝ 124 մարդ, հավանության արժանացրեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը»: ՄԱԿ-ը կոչ է անում իր շարքերին քաղաքական եւ քաղաքացիական ակտիվություն դրսեւորել եւ պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն այլ դիրքորոշում ունեցող կուսակցականներին կախաղան չի սպառնում: ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ ՄԱԿ-ականները ազատ են իրենց կողմնորոշումներում, ինչի ապացույցը համարում է ակտիվի կամքի ազատ դրսեւորումը եւ հավաստիացնում, որ իր քաղաքական նախասիրությունները չի փաթաթել եւ չի փաթաթելու շարքերի վզին: Այդ պատճառով էլ չի բարձրաձայնում սեփական քաղաքական նախասիրությունները: Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում չի բացառում ավելի առարկայական համագործակցությունը տարբեր ոլորտներում, բայց վստահեցնում է, որ թերացումների դեմ պայքարելու են իրենց քննադատությամբ: «Առավոտի» հարցին՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանին սատարելու գինը ՄԱԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանին Կենտրոնական բանկի նախագահի աթոռը տալն է, Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Միավորված աշխատանքային կուսակցությունն իր որոշումներն ընդունելիս չի զբաղվում բարտերային գործարքներով»:

Իսկ իբրեւ գործարար՝ ինչպե՞ս է վերաբերվում Գուրգեն Արսենյանը գործարար Խաչատուր Սուքիասյանի եւ նրա շրջապատի շուրջ վերջին զարգացումներին. «Տարբեր երկրներում տարբեր իշխանություններ տարբեր կերպ են արձագանքում մարդկանց կողմից իրենց քաղաքական հավակնությունների դրսեւորմանը: Որպես օրինակ կարող եմ բերել ՌԴ-ի օրինակը, երբ Ռուսաստանի իշխանությունը շատ կոշտ արձագանքեց Միխայիլ Խադարկովսկու քաղաքական հավակնությունների դրսեւորմանը: Դա օրինակ է, որը ես միշտ ունեմ իմ աչքի առջեւ: ՀՀ-ն էլ բացառություն չէ, դիալեկտիկ ճանապարհով զարգացող երկիր ենք: Հայաստանում էլ կգա մի օր, երբ մարդկանց կողմից քաղաքական հավակնությունների դրսեւորումը պետության ու իշխանության կողմից կընկալվի որպես, ասենք, ֆոլկլորային երաժշտության նկատմամբ սիրո դրսեւորում: Ես չեմ ողջունում քաղաքական գործունեությանն ուղղված ջանքերի տեղափոխումն այլ դաշտ: Երբ իշխանության մեջ սկսում ես մտցնել այդպիսի անձնավորված մոտեցումներ, չի բացառվում, որ դրանք հետագայում հասարակության համար մուտացիա տան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել