Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՎԵՑԻՆ ԲԱՐՁՐ ՏԵՂԵՐ

Փետրվար 02,2008 00:00

Մեծ Բրիտանիայում ավարտվեց շախմատի «Gibraltar Chess Masters» միջազգային ներկայացուցչական մրցաշարը:Ուժեղագույն գրոսմայստերների խմբում հաղթող դարձավ ամերիկացի Հիկարու Նակամուրան: Նա վերջին տուրից հետո Չինաստանը ներկայացնող Բու Քսիանջիի հետ միասին վաստակեց 8,0 միավոր: Համաձայն մրցաշարի կանոնակարգի, հաղթողին որոշելու համար կազմակերպվեց արագ շախմատի երկու պարտիա, որոնցում հաջողությունն ուղեկցեց Նակամուրային:ՑՋիբրալթարում հաջող հանդես եկան նաեւ հայ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանը: Տիգրանը տարավ 6 հաղթանակ, արեց 2 ոչ-ոքի, կրեց նույնքան պարտություն, իսկ Վարուժանը 7 պարտիա գրանցեց իր օգտին եւ կրեց 3 պարտություն: Այս երկու գրոսմայստերներն էլ վաստակեցին 7-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով Վարուժանը գրավեց 10-րդ, իսկ Տիգրանը՝ 16-րդ տեղը: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում էր 204 շախմատիստ:

ԿԽԱՂԱ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻ» ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Վեյկ ան Զեե քաղաքում անցկացված «Corus» գերմրցաշարում հաղթելով, նաեւ սեպտեմբերի 2-17-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչին մասնակցելու իրավունք է ստացել: Բիլբաոյում հանդես են գալու նաեւ Մորելիա/Լինարեսի, Սոֆիայի եւ Մեխիկոյի մրցաշարերի հաղթողները, ինչպես նաեւ հրավիրված երկու գրոսմայստերներ:Արոնյանի համար մրցաշրջան 2008-ը ծայրաստիճան հագեցած է լինելու: Նա հրավիրված է մասնակցելու տարվա ընթացքում անցկացվելիք գրեթե բոլոր խոշորագույն մրցաշարերին եւ ընդունել է հրավերները: Միակ միջազգային մրցաշարը, որտեղ հանդես գալուց նա կտրականապես հրաժարվել է, ապրիլին Բաքվում կայանալիք միջազգայինն է:

ԿԽԱՂԱՆ «MOSCOW OPEN-2008»-ՈՒՄ

Այսօր Մոսկվայում մեկնարկում է «Moscow Open» միջազգային 4-րդ մրցաշարը: Այն բաղկացած է չորս առանձին մրցումներից՝ «A», սա գլխավորն է, «B»՝ սիրողական, «C»՝ կանանց եւ «D»՝ պատանեկան:Հայաստանի շախմատիստները մասնակցելու են բոլորին: «A» խմբում (այստեղ հայտավորված շուրջ 300 շախմատիստների 1/3-րդը գրոսմայստերներ են) հանդես կգան Վլադիմիր Հակոբյանը, Հայաստանի չեմպիոն Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը: «C» խմբում մեր միակ ներկայացուցիչը Էլինա Դանիելյանն է: «B» խմբում, ըստ մրցաշարի պաշտոնական կայքէջի, Հայաստանից մասնակցության հայտ ներկայացրել է 11 շախմատիստ, իսկ «D» խմբի ցուցակում գրված է միայն Սրբուհի Պետրոսյանի անունը:«Moscow Open»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը 5 միլիոն ռուբլի է:

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ՝ ՆՈՐ ԴԵՐՈՒՄ

Գերմանիայի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ միջին քաշային կարգում (մինչեւ 72,6 կգ) IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ներկայումս մարզում է «Միսս Գերմանիա-2008» մրցույթի մասնակիցներին: Նրան հանձնարարված է եղել կազմակերպել Եգիպտոսում սկսված հաղթողի հավակնորդ 22 գեղեցկուհիների ֆիզիկական դիմացկունության մարզումները:Մրցույթը կայանալու է այսօր եւ սպասվում է, որ Աբրահամը կլինի ժյուրիի կազմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել