Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՆՖԼԻԿՏԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՆՔ, ՈՉ ԹԵ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ»

Փետրվար 08,2008 00:00

\"\"Երեկ Հայաստանում կայացած միջազգային գիտաժողովին հայտարարեց ադրբեջանցի լրագրող Զուլֆուգար Ֆարզալիեւը:

Երեկ մեկնարկեց Հայերի համաշխարհային կոնգրեսի կազմակերպած «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Մասնակցում էին ներկայացուցիչներ Ավստրիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ այլ երկրներից: Փորձագետները զեկուցումներ կարդացին եւ բանավիճեցին «Ազգային էլիտաների նոր սերունդը գլոբալացման ճանապարհին», «Միջպետական խնդիրներին խաղաղ կարգավորում՝ չկա այլընտրանք» եւ այլ թեմաներով: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային գործընկերության մասին խոսելիս նշեց. «Անհրաժեշտ է գտնել այն իրական մեխանիզմը, որը պիտի կողք կողքի բերի այս տարածաշրջանում գտնվող երկրների շահերը: Սա բարդ խնդիր է: Անհրաժեշտ է ձեւավորել նաեւ այն արժեքային համակարգը, որը պիտի դրվի այդ հարաբերությունների հիմքում: ԵՄ ամրությունն ու հեռանկարներն էլ հենց ընդհանուր արժեքային համակարգի վրա են հիմնված: Ցավոք, դեռ նման հնարավորություններ մեր երկու տարածաշրջաններում դժվար է նկատել, ավելի շատ են բաժանիչ գծերն ու գաղափարները»: Իսկ եվրաինտեգրման մասին պրն Թորոսյանն ասաց. «Չնայած բոլոր երկրները խոսում են եվրաինտեգրման մասին, սակայն տարածաշրջանային ինտեգրացիա այդպես էլ չի կայանում»:

Փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը նկատեց. «Հնարավոր չէ խոսել որեւէ երկրի անվտանգության եւ արդյունավետ զարգացման մասին, առանց հարեւանների անվտանգությունը հաշվի առնելու»:

Ի տարբերություն նախորդ գիտաժողովի, որին չէր մասնակցում Ադրբեջանից հրավիրված ներկայացուցիչը, այս անգամ ներկա էր ադրբեջանցի լրագրող Զուլֆուգար Ֆարզալիեւը: Նրա՝ «Մշակույթի դերը ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում» թեմայով ելույթը բավականին հուզական բնույթ ուներ, եւ այնտեղ հղումներ կային Գրիգոր Նարեկացուն: «Երկու տարում եղած փոփոխություններն աշխարհում անդրադարձել են նաեւ մեր տարածաշրջանի վրա, ինչի ապացույցն է իմ ներկայությունը: Տարածաշրջանային խնդիրների լուծման համար շեշտը պիտի մշակույթի վրա դրվի: Այն մշակույթը, որը Կովկասի ազգերը ստեղծել են ողջ քաղաքակրթության համար՝ այսօր կարող է իրենց փրկությանն ու անվտանգությանը ծառայել: Ներկայումս գլոբալ զարգացումները ստեղծել են միատարր մշակույթ, ինչը վերացնում է ավանդույթները: Մուհամեդի ծաղրանկարները, վերջերս ավստրալիական թատրոնում բեմադրված ներկայացումը, որտեղ Քրիստոսն ու առաքյալները հոմոսեքսուալներ են ներկայացված, դրա ապացույցն են»,- ասաց նա: Հետո էլ Զ. Ֆարզալիեւը անդրադարձավ ղարաբաղյան խնդրին. «Պիտի հոգեւոր մշակույթի վրա հիմնված փոխհամաձայնության կամուրջ ստեղծենք: Այդ հարցում մեծ դեր կարող են խաղալ Իրանը եւ Ռուսաստանը: Մշակույթի վրա հիմնվելը, եթե խթանվի մեր երկրների պետական այրերի կողմից, կդառնա ամեն մարդու սրտի թելադրանք: Այն կհաղթահարի նաեւ գոյություն ունեցող հոգեբանական բարդույթը: Ամեն ինչ պիտի անենք, որ ղարաբաղյան կոնֆլիկտը լուծենք մեր կյանքի ընթացքում, ոչ թե թողնենք սերունդներին: Ամեն վերականգված դամբարան, տաճար, փրկված գիրք՝ խաղաղության ապահովման ավելի նյութական ազդակ կարող են լինել, քան Մինսկի խմբի բազում այցելությունները տարածաշրջան: Պիտի ամեն բան սկսենք մեր հասարակություններից»: Հետո էլ ադրբեջանցի լրագրողը նկատեց. «Ընդունենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի համար տարածքային ամբողջականություն ապահովելու համար խոչընդոտ է, իսկ Ադրբեջանը՝ Ղարաբաղի համար միջազգային ճանաչման հասնելու հարցում: Մշակութային ծրագրերի իրագործումը թույլ կտա ժամանակավորապես քաղաքական խնդիրները երկրորդ պլան մղել՝ հանուն համամարդկայինի՝ վստահության, հարաբերությունների վերականգնման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել