Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԳԻՆԸ ՌԴ-Ի ՀԵՏ ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

Փետրվար 08,2008 00:00

Գտնում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը

– Երեկ մեկնարկել է Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի պաշտոնական այցը Հայաստան: Ո՞րն է այդ այցի հիմնական նպատակը:

– Նպատակը հասկանալի է. Հայաստանում նախընտրական քարոզարշավ է ընթանում, փետրվարի 19-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ ընտրություններում Ռուսաստանը ցանկանում է ընդգծել, որ հանդես է գալիս Հայաստանի հետ բարեկամական, գործընկերական հարաբերություններին կողմ: Այս կերպ մենք քաղաքական աջակցություն ենք ցուցաբերում բոլոր կողմերին, որոնք մասնակցում են նախագահական ընտրարշավին եւ տրամադրված են Ռուսաստանի հետ համագործակցությանը կողմ, մենք նրանց ազդանշան ենք հղում, որ մենք նրանց կողքին ենք, որ ընտրություններից հետո բարդ իրավիճակ ստեղծվելու դեպքում մենք նրանց չենք լքի/թողնի, եւ որ Ռուսաստանը երկարաժամկետ համագործակցություն է ակնկալում:

– Սակայն ըստ էության, Ռուսաստանը սատարում է իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանին:

– Պաշտոնապես մենք ոչ ոքի չենք սատարում: Իսկ անձնական տեսանկյունից յուրաքանչյուրն իրավունք ունի սատարել նրան, ում նախընտրում է: Չէ՞ որ Պուտինը չի հայտարարել, որ մենք նրան ենք սատարում:

– Ասացեք խնդրեմ, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման ի՞նչ սցենարներ են հնարավոր Սերժ Սարգսյանի հաղթանակի, եւ ի՞նչ սցենարներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթելու դեպքում:

– Անկեղծ ասած, չեմ կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ կտանի: Սակայն եթե վերացական դատենք, ապա Սերժ Սարգսյանի դեպքում հարաբերությունները կշարունակեն զարգանալ այնպես, ինչպես վերջին մի քանի տարիներին էր, այսինքն՝ կլինի դրական դինամիկա, տնտեսական, ռազմաքաղաքական համագործակցության հետագա խորացում: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս կողմնակից է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների զարգացմանը, սակայն նա մի թույլ տեղ ունի. նա ցանկանում է ամեն կերպ ճեղքել Հայաստանի մեկուսացումը: Դրա համար նա ստիպված կլինի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում, այսինքն՝ ընդունել Արեւմուտքի պահանջները: Այդ ժամանակ Արեւմուտքը կսկսի ճնշում գործադրել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, որպեսզի վերջիններս հանեն շրջափակումը: Սակայն շրջափակումը վերացնելու գինը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն են լինելու: Այստեղ այսպիսի համակարգ է գործում. կոշիկիդ ծայրը մտցրեցիր փոսը, այդ ծայրից բռնած քեզ կքաշեն այդ փոսի մեջ: Ժամանակին Գորբաչովը գնաց Արեւելյան Եվրոպայի որոշ պետություններ հետ վերադարձնելու ճանապարհով, իսկ հետո ձնագնդի պես մեծացող այդ գործընթացն այլեւս հնարավոր չէր կանգնեցնել: Ինչպես ասում են, դժվարը սկսելն է, այնուհետեւ դոմինոյի սկզբունքը կսկսի աշխատել: Այս առումով շատ կարեւոր է, որ Հայաստանը ԼՂ հարցի շուրջ ունենա կոշտ դիրքորոշում, որպիսին ունի հիմա: Եվ ցանկացած զիջում կնշանակի վերջ տալ Լեռնային Ղարաբաղին, վերջ տալ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքին եւ Հայաստանը վերածել Արեւմուտքի արբանյակի:

– Ասացեք, խնդրեմ, հաղթելու ինչպիսի՞ հնարավորություններ ունեն մյուս թեկնածուները:

– Կարծում եմ, իրատեսորեն Սերժ Սարգսյանին հաղթելու հավանականություն ունի միայն մեկ թեկնածու՝ ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանը, սակայն դրա համար նա պետք է երկրորդ փուլ անցնի: Ընդհանուր առմամբ, այժմ Հայաստանում կա 4 հիմնական թեկնածու՝ Արթուր Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վահան Հովհաննիսյանը, ինչպես նաեւ հենց Սերժ Սարգսյանը: Ընդ որում, Արթուր Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վահան Հովհաննիսյանը մոտավորապես նույն քանակի ձայներ են հավաքում, եւ ընդհանրապես հնարավոր չէ կանխատեսել, թե նրանցից ով կանցնի երկրորդ փուլ: Սակայն այս ամենը այն դեպքում, եթե երկրորդ փուլ ընդհանրապես լինի: Եթե կողմնորոշվելու լինենք ըստ հասարակական կարծիքի անաչառ եւ ոչ թե պատվիրված հարցումների, ապա Սարգսյանի վարկանիշը տատանվում է 50%-ի շուրջ:

– Դուք հիշատակեցիք ընտրությունների արդյունքների պատճառով հնարավոր հուզումների մասին: Ըստ Ձեզ, որքանո՞վ է դա հավանական:

– Կարծում եմ, եթե Սերժ Սարգսյանը առաջին փուլում հաղթի ձայների ոչ մեծ տարբերությամբ, ապա հնարավոր է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բողոքի զանգվածային ակցիա կազմակերպի՝ ձայների վերահաշվարկի պատրվակով: Սակայն դժվար է ասել, թե ինչ զարգացում կունենա նմանօրինակ սցենարը: Չեմ կարծում, որ Սարգսյանը կզիջի իշխանությունը: Նա բավականին կոշտ մարդ է եւ զիջումների չի գնա, այնպես որ՝ գունավոր հեղափոխություն չի լինի: Ամեն դեպքում, այդօրինակ հուզումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել