Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենի արկածները շարունակվում են

Փետրվար 08,2008 00:00

Շուշիում բնակվող ֆրանսահայ Արմենի (Օլիվեր Ռակեդջյան) մասին նյութը տպագրվել է «Առավոտում» (10.01.08թ.)։ Արմենի պատմությունը մեծ արձագանք է ունեցել եւ՛ LՂ-ում, եւ՛ նրա սահմաններից դուրս:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2004-ին Արմենը Փարիզից տեղափոխվել է Շուշի, որտեղ շրջանի վարչակազմի եւ քաղաքապետարանի թույլտվությամբ երեք տարածք է գնել եւ բացել համակարգչային ծառայությունների կենտրոն, անշարժ գույքի գործակալություն եւ հուշանվերների խանութ: Սակայն որոշ ժամանակ անց, ինչպես Արմենն է պատմում, նրան լուրջ խոչընդոտների առաջ են կանգնեցրել ու սկսել են ետ վերցնել իր տարածքները: Համապատասխան մարմինների հետ երկար բանակցություններից հետո նա փորձել է իր իրավունքները դատարանի միջոցով պաշտպանել, բայց՝ ապարդյուն: Արմենի տարբեր բողոքներից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակից եւ մամուլի հրապարակումներից հետո այդ հարցով սկսել է զբաղվել ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը: Ծառայության պետ Հովիկ Ջիվանյանը պարզաբանումներ է տվել «Հետքին»:

Շուշիի Պռոշյան փող. թ.1 շենքի 1-ին հարկում տեղակայված 121,34 քմ տարածքի վերաբերյալ «Անթառամ» ԱԿ-ի փայատերերի հետ սեփականության իրավունքի վեճ է տեղի ունեցել: Անհամաձայնություն է եղել նաեւ Արմենի ու հարկային ծառայության մարմինների միջեւ՝ կապված վերջինիս կողմից Արմենին պատկանող «Շուշի Գրուպ» ՍՊԸ-ում կատարված ստուգումների արդյունքների հետ: Վերահսկողական ծառայության կողմից կազմված տեղեկանքի համաձայն՝ Արմենը կարող է 2 մասով էլ իր իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան, չնայած որ առաջին հարցով արդեն կան առաջին ատյանի եւ գերագույն դատարանների վճիռները: Ինչպես նշել ենք, ըստ Արմենի՝ իրեն հրավիրել են Շուշիի քաղաքապետարան եւ Ազրյան փողոցի 6 ա հասցեում գտնվող տարածքը վերագրանցելու համար առաջարկել են երկու դիմում գրել՝ տարածքից հրաժարվելու եւ վերագրանցելու մասին։ Առաջինը բավարարել են, իսկ երկրորդը՝ ոչ։ Ավտոմատ ստացվել է, որ Արմենը կամավոր հրաժարվել է մի տարածքից, որը, ըստ առաջնային պայմանագրի, իրեն է տրամադրվել 99 տարով։

Այդ փաստի վերաբերյալ, ըստ վարչապետի վերահսկողական ծառայության պետի, պարզվել է, որ Շուշի քաղաքի քաղաքապետ Ֆելիքս Հակոբյանը խախտել է քաղաքացիների դիմում-բողոքների արձագանքման կարգը՝ գրավոր կերպով Օ. Մ. Ռակեդջյանին տեղյակ չպահելով ընդունված որոշման, այն է՝ երկրորդ դիմումը չբավարարելու մասին: Արմենը 2008-ի հունվարի 16-ին նորից է դիմել Շուշիի քաղաքապետին՝ վերոնշյալ տարածքը վերադարձնելու եւ իր անունով գրանցելու խնդրանքով, բայց քաղաքապետարանը պատասխանել է, որ այդ տարածքն արդեն տրամադրվել է «Գարդման» ՓԲԸ-ին: Արմենի համար դեռեւս անհասկանալի է, թե քաղաքապետի սխալը հաստատելուց հետո ի՞նչ ճակատագիր կունենա այդ տարածքը:

Վերահսկողական ծառայության պետ Հովիկ Ջիվանյանի խոսքերով՝ «համայնքի ղեկավարն էլ այդ հարցում մեղքի իր բաժինն ունի»: «Համապատասխան եզրակացությունը մենք արել ենք, ու համապատասխան միջոցներ անպայման կիրառվելու են: Դրանք վերաբերում են եւ՛ համայնքապետին, եւ՛ նոտարին, եւ՛ կադաստրին, եւ՛ այն մարմիններին, որոնք թույլ են տվել խախտումներ»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշել է Հ. Ջիվանյանը: Ծառայության տեղեկանքում խոսք է գնում նաեւ Արմենի բնակարանի մասին, որը նրան տրամադրվել է 2004 թվականին: «Շուշիի քաղաքապետարանի որոշմամբ՝ ծառայողական նպատակով «Շուշի Գրուպ» ՍՊԸ-ին հատկացված Ա. Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի բնակարանի սեփականաշնորհման հետ կապված տարաձայնության հարցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ առ այսօր Դուք գրավոր չեք դիմել Շուշի քաղաքի քաղաքապետարան»,- նշվում է տեղեկանքում:

Այստեղ նույնպես հուշվում է, որ նման կարգի գործարքները կատարվում են գրավոր դիմումի հիման վրա, սակայն Արմենը մինչեւ հիմա չի դիմել քաղաքապետարան՝ զուտ այն պատճառով, որ այդ հարցում էլ կան անսպասելի խոչընդոտներ: Բնակարանը սեփականաշնորհելու համար, ըստ կարգի, անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանքներ, որ տվյալ բնակարանի վրա պարտքեր չկան։ «Որտեղ գնում եմ, որ տեղեկանք վերցնեմ՝ պարտքեր չունենալու մասին, ինձ ասում են, որ գրանցում չունեմ: Բոլոր վճարները՝ եւ՛ լույսի, եւ՛ ջրի, եւ՛ հեռախոսի, եւ՛ տան՝ իմ անունով եմ մուծում, բայց տեղեկանք, միեւնույն է, չեն տալիս»,- զարմանում է Արմենը:

Այժմ Արմենը Շուշիում ոչ մի սեփականություն չունի: Նա ասում է, որ մտադրություն չունի Ղարաբաղից հե

ռանալու: Ավելին՝ պատրաստվում է դիմել դատարան՝ «որոշ պաշտոնյաների իրենց սխալների համար պատասխանատվության ենթարկելու պահանջով»: Եվ փաստաթղթեր է պատրաստում քաղաքացիություն ստանալու համար։ Սակայն սա դեռ վերջը չէ: Արմենի նկատմամբ քրեական հետաքննություն է վարվում: Նրա խոսքերով՝ Շուշիում բնակվող Արմեն Բեգլարյանը, որից նա գնել էր ինտերնետ-սրահը ու հետագայում ֆինանսական ինչ-որ խնդիրներ է ունեցել, երկար ժամանակ Շուշիի բազմաթիվ բնակիչների մոտ իրեն խաբեբա է անվանել: «Դա այն դեպքում, երբ մենք լրիվությամբ լուծել էինք մեր ֆինանսական խնդիրները: Սակայն նա շարունակում էր ինձ խաբեբա անվանել, իսկ ես ոչ մի պատասխան չէի տալիս: Բայց անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին հերթական անգամ ինձ այդպես դիմեց, ու ես չհամբերեցի՝ շրջվեցի եւ խփեցի»,- այսպես է նկարագրում կատարվածը ֆրանսահայ երիտասարդը: Հետաքննությունը դեռ շարունակվում է, եւ պարզ չէ՝ այս հարցով դատախազությունը կհարուցի՞ քրեական գործ: Թերեւս, դա կախված կլինի Արմենի «հնազանդությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել