Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂՈՒԹԸ ԵՐԵԽԱՅԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ ԿՈՏՐՈՒՄ Է

Փետրվար 09,2008 00:00

Գաղութում գտնվող անչափահասներն ասում են, որ գաղութի պայմանները շատ լավն են, ու չնայած իրենք ոչ մի բանի կարիք չունեն, բայց ավելի լավ է օրերով սոված իրենց տանը նստեն, քան կուշտ փորով՝ ազատությունից զրկված ապրեն:

«Ամենից շատ ամաչում եմ մորս աչքերին նայեմ: Մենակ էն, որ ես հիմա իմ ընտանիքի հետ չեմ, կամ փոքր եղբայր ունեմ, որին ես շատ պետք եմ, բայց իրա մոտ չեմ՝ ինձ համար շատ դժվար ա: Իսկ որ մտածում ու գիտակցում եմ, որ էդ ամենը իմ կատարած սխալի պատճառով ա, միայն էդքանը հերիք ա, որ ես արդեն սկսեմ ուրիշ ձեւ մտածել ու ամեն մի արարքիս ավելի ուշադրություն դարձնել»,- «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) մեր այցելության ժամանակ պատմեց անչափահաս դատապարտյալ Դավիթ Ծատուրյանը: Տաքսու վարորդի վրա ավազակային հարձակում գործելու համար նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նրա խոսքերով, բանտում հայտնվելը թյուրիմացություն չի եղել, ինքը շատ լավ գիտակցում է, որ իսկապես հանցանք է գործել: Ըստ Դավիթի, բանտի պայմանները շատ լավն են, նույնիսկ ավելի լավը, քան դրան արժանի է հանցանք գործած մարդը: Դ. Ծատուրյանը Երեւանի Ճարտարապետաշինարարական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետի ուսանող է եղել, սակայն հենց առաջին կիսամյակն ավարտելուց հետո անմիջապես բանտում է հայտնվել: Դավիթը պատմում էր, որ գաղութում էլ կյանքն ընթանում է այնպես, ինչպես դրսում, սովորականի նման՝ նախաճաշում են, զբոսնում, կարդում, անգամ ազատազրկված երեխաների ծնունդներն են մեկ առ մեկ նշում: Դավիթի ծննդյան օրը դեկտեմբերի 21-ին է, ու քանի որ նույն ամսվա 23-ին եւ 24-ին էլի ծնունդներ են ունեցել, մի օր են որոշել ու միասին տոնել: Չնայած Դավիթն ընդամենը մի քանի ամիս է գաղութում եւ առաջիկա 5 տարիներն էլ այնտեղ է անցկացնելու, սակայն արդեն ապագայի հետ կապված ծրագրեր ունի. բանտից դուրս գալուց հետո նա որոշել է խորացված անգլերեն սովորել ու համակարգչային դասընթացների գնալ, հետո էլ կմեկնի արտասահման՝ Ամերիկա կամ Ռուսաստան, բարեկամների մոտ:

Գաղութի դատապարտյալներից մեկն էլ՝ 16-ամյա Վահե Ղալթախչյանը, աջ ձեռքին կարմիր թանաքով գրել էր անգլերեն «Freedom» բառը ու ասում էր, որ ժամանակին դպրոցում անգլերեն լավ է սովորել ու գիտի, որ այդ բառը նշանակում է ազատություն: Իր ներկայացմամբ, ամեն մի վայրկյանը հաշվում է՝ այդ բառի իսկական իմաստը սեփական մաշկի վրա զգալու համար: 3 ամիս է, որ Վահեն գաղութում է, ու այդ մի քանի ամսվա մեջ նա հասցրել է շատ բան սովորել ու վերլուծել: Նա պատմում էր, որ անչափահասը գաղութում շատ շուտ է հասունանում ու վստահ է, որ դուրս գալուց հետո իր տարեկից տղաներից բոլորովին տարբեր մտածելակերպ է ունենալու: Նրա խոսքերով. «Էստեղ երեխու տեղ չի, որովհետեւ երեխեն բանտում հոգեբանորեն ճնշվում ու կոտրվում ա: Ասենք, ոնց որ կյանքը մի թել ունի, չէ՞, մի օր էդ թելը կտրվում ա ու կյանքդ պրծնում, տենց էլ մի բան էստեղ հոգեբանությանդ մեջ ա փշրվում ու մարդկայնորեն քեզ կոտրված ես զգում»: Մեզ հետ զրույցում Վահեն պատմում էր, որ սիրած աղջիկ ունի, ամեն օր հիշում ու կարոտում է նրան, բայց շատ անհանգիստ է, որովհետեւ սիրած աղջիկը Կիեւում է ապրում ու դեռեւս չգիտի, որ ինքը գաղութում է:

Վահեն գողության համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Նա ասում էր, որ գողությամբ ձեռք բերած փողերը շռայլում էր ընկերուհու եւ իր հաճույքների համար: Նա հպարտորեն պատմում էր, որ իր սիրած աղջիկը՝ Սվետլանան, երբեք որեւէ բանի պակաս չի ունեցել, ինքը նրա համար մշտապես շքեղ նվերներ է գնել ու քաղաքի ամենալավ «կաֆեներն» ու օբյեկտներն է տարել: Հիմա նա միայն հույս է փայփայում, որ իր վիճակի մասին իմանալով՝ սիրած աղջիկն իրենից չի հիասթափվի ու կշարունակի սիրել իրեն: Վահեն դեռ չի որոշել, թե գաղութից դուրս գալուց հետո ինչով է զբաղվելու:

Դատապարտյալ անչափահասներից մեկն էլ՝ Վահագ Խաչատուրովը, երազում է հնարավորինս շուտ «ազատվել» գաղութից ու իր երազանքն իրականություն դարձնել: Նա ուզում է ճանաչված ֆուտբոլիստ դառնալ ու Հայաստանի հավաքականում խաղալ այնպես, ինչպես «Ռեալ Մադրիդի» աշխարհահռչակ ֆուտբոլիստներն են խաղում: Նա 7 տարի ֆուտբոլ է խաղացել «Շիրակ» ֆուտբոլային թիմի կազմում: ՔԿՀ մեր այցելության պահին Վահագը տույժ ուներ, այսինքն պատժվել էր, ինչպես ինքն էր ասում՝ «մի թեթեւ վիճաբանության համար»: Հարցին, թե ինչի՞ համար եք վիճում իրար հետ, Վահագը պատասխանեց. «Դե, կարող ա, ասենք, մեկի ասածը մյուսին էնքան էլ դուր չգա ու մի թեթեւ լարված վիճակ լինի: Իսկ ընդհանրապես իրար հետ շատ համերաշխ ենք: Մանր-մունր բաներից էլ խոսակցություններ չենք սարքում, ասենք՝ ուտելու կամ քնելու տեղի համար կռիվներ մեզ մոտ չեն լինում: Գործ էլ որ լինում ա՝ հերթով ենք անում, ասենք՝ ձյունը մաքրելու համար 5 հոգի մարդ ա պետք, մի անգամ կեսն են գնում, մյուս անգամ էլ մնացածները՝ հերթով: Ոչ մեկն էլ իրեն կողքինից բարձր չի դասում»: Գաղութի պայմաններից ու վերահսկող անձնակազմից էլ դժգոհություններ չունի, ասում է, որ իրենց հանցագործի աչքերով չեն նայում: Վահագը նույնպես սիրած աղջիկ ունի՝ Ագապի անունով: Նրա հետ 1 տարի ընկերություն է արել ու չնայած հիմա նրան շատ է կարոտում, բայց չի թողնում, որ իրեն այցելության գա՝ պատճառաբանելով՝ «դե էստեղ իրա գալու տեղը չի, էդ ինձ համար սիրուն բան չի»:

17-ամյա դատապարտյալ Արտաշ Պողոսյանն էլ գողության համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Նա կարծում է, որ որքան էլ գաղութի պայմանները լավը լինեն ու տղաներն էլ իրար հետ համերաշխ, միեւնույն է՝ միայն այն, որ իրենք ազատությունից զրկված են ու 4 պատի արանքում են գտնվում, դա արդեն անտանելի դժվար է. «Շատ եմ փոշմանել, որ էստեղ եմ: Բայց մինչեւ գալս չէի հասկանում, որ ավելի լավ ա շաբաթներով սոված լինեմ, բայց տանը քնեմ, քան թե կուշտ լինեմ, բայց մեր տնից հեռու»: Արտաշը պատմում էր, որ նախքան գաղութում հայտնվելը՝ աշխատել է ավտոլվացման կետում, իսկ դուրս գալուց հետո էլ ընկերները խոստացել են, որ նրան աշխատանքով կապահովեն: Մինչ այս բռնվելը Արտաշը 2 անգամ էլ է գողություն արել ու բռնվել, բայց նկատի ունենալով, որ անչափահաս է, նրան պայմանականորեն ազատ են արձակել: Արտաշն ասում էր, որ բնակարանի գողությունից ձեռք բերած փողերը տուն չի տարել ու իր ընտանիքի համար երբեք չի օգտագործել, նա իր հետ կապված ֆինանսական խնդիր է ունեցել ու հենց այդ նպատակով էլ այդ քայլին է դիմել: Արտաշը վստահեցնում էր, որ գաղութում օրերը շատ դժվար են անցնում, բայց ամենադժվարն առաջին օրերն են լինում, մի տեսակ ճնշված ու շփոթված վիճակի մեջ ես հայտնվում, չնայած տղաները բոլորն էլ հասկանում են իրար ու մանր-մունր բաներից «կռիվ-ղալմաղալ» չեն սարքում: Նրա խոսքերով. «Մենք ընդհանուր մեր մեջ ներքին կարգով դասավորել ենք ու թույլ չենք տալիս, որ մեկն ու մեկը ստեղ իրան բարձր զգա, մյուսը՝ ցածր: Ու ամենակարեւորն էն ա, որ ոչ ոք չի հիշում մյուսների կատարած հանցանքների մասին: Մեծերի գաղութում ուրիշ ա, մեզ մոտ՝ ուրիշ»: Արտաշի ներկայացմամբ, իրենք փորձում են ժամանակն այնպես տնօրինել, որ հետո չափսոսան դրա համար՝ շաշկի են խաղում, գիրք են կարդում: Հարցին՝ չե՞ս ցանկանա գաղութից դուրս գալուց հետո մի տեղ սովորել, Արտաշը պատասխանեց. «Ես արդեն սովորել-պրծել եմ: Մինչեւ 8-րդ դասարան ավարտել եմ: Էլ չեմ ուզում սովորեմ»: Արտաշն ասում էր նաեւ, որ գաղութում գտնվելու 1 տարվա ընթացքում նույնիսկ գիրք է կարդացել՝ Զորի Բալայանի «Բանկի կողոպուտը»: Արտաշը եւս սիրած աղջիկ ունի ու ասում էր, որ վստահ է՝ այդ աղջկա համար իր վիճակը «եղանակ» չի փոխել ու նա էլի առաջվա նման սիրում է իրեն: Չնայած ինքը շատ է ուզում նրան տեսնել, բայց երբեք չի թողնի, որ իր սիրած աղջիկն իր մոտ գա: «Ամսվա մեջ մի անգամ մերս ու ախպերս են գալիս ինձ տեսնելու: Չեմ թողում, որ ընկերուհիս գա էստեղ»:

Ծնունդով արթիկցի 17-ամյա դատապարտյալ Գեւորգ Խարախանյանի խոսքերով էլ. «Ոչ մի բանի դժգոհություն չունեմ, ամեն ինչ նորմալ է, սնունդն էլ է լավը: Մենակ թե տարբերությունն էն է, որ տանը ինչ կուզեինք, էն էլ կուտեինք, էստեղ ինչ կտան՝ էն էլ սուսուփուս կուտենք»: Արդեն 7 ամիս նա բանտարկված է: Գեւորգն ասում էր, որ մինչեւ «Աբովյան» ՔԿՀ-ում հայտնվելը, դրսում շատ հետաքրքիր կյանք է ունեցել՝ լավ շրջապատ, կարգին ընկերներ ու անհոգ կյանք. «Տանը քուր, ախպեր չունեմ, բայց երբեք մենակ չեմ եղել: Ես ընդհանրապես միշտ ինձանից տարիքով մեծերի հետ եմ շփվել, որովհետեւ իրենք կյանք տեսած տղերք են»: Գեւորգը պատմում է, որ չնայած ընտանիքում երբեք ֆինանսական խնդիր չեն ունեցել, բայց ինքը միշտ էլ ձգտել է շատ ավելի շքեղ կյանքով ապրել, նախանձել է շքեղ մեքենաներ ունեցող ու ճոխ կյանքով ապրող երիտասարդներին: Այդ պատճառով էլ ընկերներով մտածել ու գտել են շուտ հարստանալու ամենակարճ ճանապարհն ու գործի են անցել: Երբ բանտ է եկել, դատապարտյալներն իրեն շատ լավ են դիմավորել, իսկ կարեւոր հարցերում էլ ուղղություն են տվել: Կիսատ մնացած ուսումը նա շարունակում է գաղութին կից դպրոցում: Իր խոսքերով՝ «Պարտականություն կատարելու համար չեմ գնում դպրոց: Գնում եմ հաճույքով: Եթե դպրոցն ինձ համար անհետաքրքիր լիներ՝ դրսում էլ չէի գնա՝ կփախնեի: Գիրք էլ եմ սիրում կարդալ, բայց հայ գրողներին չեմ կարդում, ռուսներից էլ Պուշկինին եմ սիրում»: Գեւորգն ասում էր, որ սիրած աղջկան շատ է կարոտում, բայց դե իր մյուս ընկերների նման, նա էլ է արգելել իրեն տեսակցության գալ: Նա վստահ է, որ սիրած աղջիկը մինչեւ գաղութից իր դուրս գալը հավատարիմ սպասելու է: Գեւորգի խոսքերով, իր մայրիկին խնդրում է, որ ամեն տեսակցության գալու ժամանակ սիրած աղջկա նկարներից իր հետ բերի:

Գեւորգը հույս ուներ, որ շքեղ կյանքով ապրելու իր երազանքներին այս անգամ հալալ աշխատանքով կհասնի: Նա պատմում էր, բոլոր տղաների հետ էլ լավ հարաբերությունների մեջ է, բայց ամենամտերիմը գաղութում իր 10 տարվա ընկերն է, ով բռնվելու պահին իր կողքին է եղել. «Մինչեւ բռնվելը ոչ մի բանից երբեք վախ չեմ ունեցել, բռնվելուց հետո արդեն ամեն ինչին ուրիշ ձեւ ես նայում»:

«Աբովյան» ՔԿՀ-ի պետ Էդուարդ Հովհաննիսյանի ենթակայության տակ է գտնվում նաեւ անչափահասների գաղութին կից կանանց գաղութը: Սակայն «Առավոտի» հետ զրույցում պարոն Հովհաննիսյանը պատմում էր, որ անչափահասների հետ աշխատելն անհամեմատ ավելի դժվար է, քանի որ նրանք դեռեւս չձեւավորված ու կյանքի փորձ չունեցող մարդիկ են, որոնց հանդեպ պետք է անընդհատ ուշադիր ու զգոն լինել: Ըստ Է. Հովհաննիսյանի, նրանք շատ անկանխատեսելի են ու ամեն պահի կարող են իրենց անցանկալի արարքներ թույլ տալ: Նրա խոսքերով՝ «Եթե տեսակցության օր է նշանակված ու մեկ էլ իմանում է, որ մայրը տեսակցության չի եկել, մեկ էլ տեսնում ես՝ հոնգուր-հոնգուր լացում է: Երեխաների հետ հատկապես պետք է զգույշ լինել: Կարող է դրսից ընտանիքի կամ ընկերների վերաբերյալ մի տեղեկություն ստանան, ասենք՝ իմանան, որ սիրած աղջիկն ամուսնացել է, նրանք արդեն շատ անհանգիստ ու նեղված են լինում: Ամեն դեպքում երեխաներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել