Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՆՈԼԻՏ՝ ՄՈՆՈԼԻՏԻ ԴԵՄ

Փետրվար 12,2008 00:00

Առաջիկա նախագահական ընտրություններն ավարտվելու են ոչ թե ծրագրերի, ոչ թե գեղեցիկ խոսքերի ու խոստումների հաղթանակով, այլ՝ հնարավորությունների:

Դրա պատճառը 2005 թվականին ՀՀ սահմանադրության մեջ կատարված փոփոխություններն են, որոնք բարձրացնելով վարչապետի դերը՝ համապատասխանաբար նվազեցրել են նախագահի նշանակությունը: Այս հանգամանքը հաճախ է շահարկվում, եւ ամենից շատ՝ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից: Ընտրազանգվածին հուսահատության մատնելու նպատակով նրանք մի հանգի ասում են, թե նոր նախագահը, միեւնույն է, չի կարողանալու կառավարություն ձեւավորել, եւ թե ավելի լավ է Սերժ Սարգսյանը լինի նախագահ, որ խորհրդարանական մեծամասնության հետ հակասություններ չունենա:

Ասել, թե սրա մեջ չկա ռացիոնալ հատիկ՝ սխալ կլինի: Բայց ճիշտ չի լինի նաեւ չհասկանալը, որ մոնոլիտ, անհավասարակշիռ քաղաքական համակարգը՝ վերարտադրության ձգտող իշխանության հիմքն ու հենարանն է: Ի վերջո, այն, ինչ ունենք այսօր եւ անվանում ենք «ավազակապետություն», կայացել է դե-ֆակտո մոնոլիտ համակարգի առկայության պայմաններում: Սերժ Սարգսյանը եւ նրա թիմակիցները մեկ նպատակ են հետապնդում՝ իրավականորեն ամրագրել համակարգի մոնոլիտությունը եւ տանիք դարձնել իրենց եւ իրենց փոքրաթիվ մերձավորների կապիտալի համար:

Բարեբախտաբար, սա հասկանում են շատերը: Շատերն են այսօր խոսում քոչարյանական համակարգի վերարտադրությունը կանխելու անհրաժեշտության մասին, սակայն դեռ ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչպե՞ս եւ ո՞վ կարող է դա անել: Կա նախագահի ութ ընդդիմադիր թեկնածու, սակայն ժողովուրդը սպասելիք ունի միայն երկուսից: Մասնավոր հարցումների ընթացքում տրվում է երկու անուն՝ Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Արթուր Բաղդասարյան: Որոշակի համակրանք կա նաեւ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի նկատմամբ, սակայն վերջինի դեպքում վերապահությունները լուրջ են եւ հիմնավոր:

Այժմ քննարկելի է միայն երեք տարբերակ՝ նախագահ է դառնում Սերժ Սարգսյանը, նախագահ են ընտրվում Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Արթուր Բաղդասարյանը: Առաջինի հետեւանքը չփոփոխությունն է այն հինգ երեւույթների, որոնք ընտրազանգվածի դժգոհության ամենամեծ պատճառներն են՝ անհավասար պայմաններ, խոսքի ազատության սահմանափակում, տնտեսական մրցակցության բացակայություն, քաղաքական, տնտեսական ու սոցիալական ինքնադրսեւորման անհնարինություն եւ, վերջապես՝ անպաշտպանություն: Ընտրազանգվածի համար կարեւոր այս հինգ հիմնական պատճառները կամ դրանցից որեւէ մեկն առանձին չեն վերացվելու Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում, ավելին՝ ինչպես վերեւում ասացի, ամրագրվելու են իրավականորեն: Միամիտ կամ մանկամիտ պետք է լինել՝ հավատալու համար, որ Սերժ Սարգսյանը կարող է ազատություն տալ ԶԼՄ-ներին, կարող է հավասար պայմաններ ստեղծել, ապահովել պաշտպանվածություն կամ մրցունակություն: Եթե անգամ տեսիլք ունենա կամ աստվածային շնորհ ստանա, նրան սատարող ուժերը, որոնք հիմնականում անարդար կապիտալի ոլորտից են, թույլ չեն տա որեւէ փոփոխություն անել: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է եւ քննելու կամ ապացուցելու կարիք չունի:

Նախագահի բարձր պաշտոնի հավակնորդներից մեկն էլ Արթուր Բաղդասարյանն է: Նրա այդ հնարավորությունն արժե քննարկել: Երիտասարդ, խոստումնալից, կարիերիստի՝ ժողովրդի համար ընդունելի համբավ ունեցող, պոպուլիզմի տեխնիկային լավ տիրապետող այս գործիչը կարող է հայտնվել Բաղրամյան 26 հասցեում միայն այն դեպքում, եթե Քոչարյան-Սարգսյան զույգը պարտության ավելի վատ տարբերակից խուսափելու նպատակով զիջի իշխանությունը: Նա ունի կամ այս տարբերակը, կամ պատվավոր երկրորդ տեղը ստանալու հեռանկարը: Մինչեւ առաջին տարբերակին անցնելը՝ ասենք, որ երկրորդը եւս երաշխավորում է նրա «կենսունակությունը»՝ ընդդիմադիր լիդերի կարգավիճակ եւ ներկայություն ԱԺ առնվազն առաջիկա երկու գումարումներում: Վատ հեռանկար չէ մի մարդու համար, ով ընդամենը 40 տարեկան է:

Առաջին տարբերակում (իշխանության զիջում) Բաղդասարյանի քաղաքական կյանքն ավելի դանդաղ եւ անհետաքրքիր կլինի: Հանրապետական մեծամասնությունը ցույց կտա նրա համեստ տեղը ԱԺ-ում (8 պատգամավոր) եւ ինքնուրույն կձեւավորի կառավարություն՝ ներգրավելով նաեւ ՕԵԿ-ականների: Բաղդասարյանը կդառնա բարձրաստիճան հյուրեր ընդունող եւ ԱԺ ընդունած որոշումները վավերացնող ձեւական մի ֆիգուր, որին թույլ կտրվի որոշ ոչ էական փոփոխություններ կատարել օրենքներում եւ մասնակցել բացման կամ փակման հանդիսավոր արարողությունների: Այս դեպքի նկարագրությունը բավական մեղմ ստացվեց, քանի որ դեռ ոչ ոք պատկերացում չունի, թե ինչո՞վ է զբաղվելու թոշակի անցնել չցանկացող Քոչարյանը:

Համենայնդեպս, երկու տարբերակներն էլ Բաղդասարյանի համար ձեռնտու կլինեն, եւ դա է պատճառը, որ նա, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, խոսում է ոչ թե համակարգային փոփոխությունների անհրաժեշտության, այլ առանձին թերացումների վերացման մասին: Մաքսային վարչության պետ Արմեն Ավետիսյանին ուղղված մեղադրանքը վտանգավոր չէ: Գործող նախագահի ու վարչապետի համար վտանգավորը համակարգի մերկացումն է, որտեղ Արմեն Ավետիսյանը կամ, ասենք, Հովիկ Աբրահամյանը ոչ թե առանձին մասնիկներ են, այլ՝ մոնոլիտը պահող ամրաններ: Ի վերջո, Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանին պատասխանելիս կարող է խոստովանել, որ մի կամ մի քանի առանձին ոլորտներում բացթողումներ կան, որ դա ինքն էլ է նկատել եւ խոստանալ նախագահ դառնալուց հետո շտկել դրանք: Իսկ համակարգին ուղղված մեղադրանքին նա կգերադասի չպատասխանել կամ պատասխանել նույն Արթուր Բաղդասարյանի շուրթերով, որպեսզի շփոթմունք չառաջացնի իր շրջապատում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը չի կարող ասել՝ այո, ես էլ եմ տեսնում, որ Հայաստանում ձեւավորվել է ավազակապետական բուրգ, եւ չի կարող խոստանալ շտկել այդ «բացթողումը»:

Վերադառնալով Բաղդասարյանի՝ նախագահ դառնալու հեռանկարին, ասեմ, որ դժգոհության հինգ հիմնարար պատճառները չեն վերացվի, որովհետեւ կառավարություն ձեւավորող կապիտալիստական մեծամասնությունը թույլ չի տա ո՛չ խոսքի ազատություն, ո՛չ տնտեսական մրցակցություն, ո՛չ ազատ ինքնադրսեւորման իրավունք, ո՛չ հավասար պայմաններ, ո՛չ էլ հասարակ ժողովրդի պաշտպանվածություն:

Հայաստանում արմատական փոփոխության կարող է հասնել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ բոլոր թեկնածուներից միայն նա է պատերազմ հայտարարել վերջին տասը տարում ձեւավորված համակարգին, որովհետեւ.

ա) Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյան-Սարգսյան զույգի մեջ տասը տարի առաջ ծագած գաղափարական հակասությունը չի կորցրել իր ակտուալությունը, քանի որ նրանք տասը տարում այդպես էլ չկարողացան ապացուցել իրենց տեսակետների ճշմարտացիությունը: Ավելին՝ այսօր կան իրողություններ, որոնք վկայում են հակառակի մասին:

բ) Հիմնականում կա երկու տեսակի մամուլ՝ իշխանամետ եւ ընդդիմադիր, որը կարելի է անվանել «լեւոնական»: Այլ տիպի լրատվամիջոցներ, ասենք՝ «վազգենական», «գեղամյանական», «բաղդասարյանական», չկան: Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քարոզչություն անող միակ հեռուստաընկերությունը՝ Գյումրիի «ԳԱԼԱ»-ն, այսօր պետական տարբեր մարմինների կողմից ենթարկվում է ճնշումների:

գ) Այս կամ այն կուսակցությունից հիասթափված մարդիկ միանում են ընդդիմադիր թեկնածուներից միայն Տեր-Պետրոսյանին:

դ) Մեծ թվով կուսակցություններ ու կազմակերպություններ համախմբված են այս թեկնածուի շուրջ:

ե) Միայն Տեր–Պետրոսյանին է հաջողվել ճեղքել տեղեկատվական շրջափակումը՝ DVD-ներով տեղ հասցնելով իր խոսքը:

զ) Բազմահազարանոց հավաքներ ու երթեր կազմակերպել հաջողվում է միայն այս թեկնածուին:

է) Եվ, վերջապես՝ ամենակարեւորը. գործող իշխանության առաջին դեմքը՝ Ռոբերտ Քոչարյանը, վերջին երեք ամսում արձագանքել եւ թունոտ մեկնաբանություններ է տվել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներին:

Սա հայտարարված մի պատերազմ է, որի հաղթական ավարտը լինելու է իրավիճակի արմատական փոփոխությունը: Պատերազմ հայտարարած քաղաքական այս գործիչը չի կարող գործարքի մեջ մտնել, առավել եւս՝ ունենալ երկրորդ պատվավոր տեղը գրավելու նպատակ: Պատերազմը նա հայտարարել է ժողովրդի անունից, բոլոր նրանց անունից, ովքեր շատ պարզ հասկանում են, թե ինչ է կատարվել վերջին տասը տարում եւ ինչ կկատարվի հաջորդ տասնամյակում, եթե արմատական փոփոխություն չլինի: Տեր-Պետրոսյանի ներդրումը միայն «ավազակապետություն» ձեւակերպումն է, ինչը թիրախը դարձնում է առավել տեսանելի եւ որոշակի: Միայն ժողովրդային մոնոլիտ շարժումը կկարողանա փլուզել իշխանության մոնոլիտ բուրգը: Միայն այս դեպքում խորհրդարանական մեծամասնությունը կհրաժարվի իր ժամանակավոր տիրոջից ու կգնա ընտրյալ նախագահի հետ համագործակցության՝ բանականորեն եւ տրամաբանորեն վերաբաշխելով իշխանությունը:

Հարգելի են բոլոր նրանք, ովքեր հավանում են Արթուր Բաղդասարյանի ծրագիրը, ովքեր համակրում են նրան որպես երիտասարդ, խոստումնալից գործչի, բայց պետք է հասկանալ, որ փետրվարի 19-ին ծրագրերի եւ անձերի մրցություն չի լինելու: Փետրվարի 19-ը ճակատամարտի օրն է, երբ դեմ-դիմաց պիտի կանգնեն ժողովրդային մոնոլիտ շարժումն ու իշխանական մոնոլիտ բուրգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829