Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ

Փետրվար 12,2008 00:00

Քաղաքապետ Երվանդ Զախարյանի հավաստմամբ՝ ակնհայտ է վարչապետի ներդրումը քաղաքային տնտեսության զարգացման գործում:«Երեւանի քաղաքապետարանի 2007 թ

վականին կատարած աշխատանքներում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությունն ակնհայտ է՝ ինչպես ծավալային, այնպես էլ ժամկետային առումով, որովհետեւ կար մշտական վերահսկողություն, մշտական պահանջ: Դրանով էր պայմանավորված նաեւ, որ ժամանակին կարողացանք ավարտել այդ բոլոր աշխատանքները: Իսկ վերելակների վերանորոգման, կաթսայատների վերականգնման, ինչպես նաեւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման կարեւորագույն ծրագրերը՝ ՀՀ վարչապետի անմիջական նախաձեռնությունը, աջակցությունը եւ հանձնարարությունն են»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Այն քաղաքացիները, ովքեր տարբեր պատճառներով իրենց կողմից տասնամյակներով օգտագործվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք չունեն՝ նման հնարավորություն են ստանում: Քաղաքացիների իրավունքները կվերականգնվեն հետեւյալ հերթականությամբ՝ 2008-ի առաջին եռամսյակ՝ Ավան, Նորք-Մարաշ համայնքներում, երկրորդ եռամսյակում՝ Կենտրոն համայնքում, երրորդ եռամսյակում՝ Շենգավիթ համայնքում, չորրորդ եռամսյակում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: 2009 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակներում՝ Էրեբունի համայնքում, երրորդ եռամսյակում՝ Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր համայնքներում, չորրորդ եռամսյակում՝ Քանաքեռ-Զեյթուն եւ Նուբարաշեն համայնքներում: Ընդհանուր առմամբ, ծրագրի արդյունքում իր սեփականության իրավունքը կվերականգնի 10 հազար մարդ: 2009-ին՝ վարչապետի հանձնարարականով ճանաչվելու են նաեւ իրացման գոտի համարվող տարածքների քաղաքացիների սեփականության իրավունքները: Սույն գործընթացը սկսված է եւ կավարտվի 2009-ի դեկտեմբերի 31-ին: Այս տարածքներում սեփականության իրավունքի ճանաչման ծրագրերի ավարտից հետո՝ կիրացվեն նաեւ Կրկեսին, Գինու գործարանին, Հանրապետական մարզադաշտին, Ճարտարագիտական համալսարանին, Մաշտոցի պողոտայում գտնվող շուկային հարող տարածքները, Ֆիրդուսի, Կոնդ, Կոզեռն: Քաղաքապետը հիշեցրեց նաեւ, որ դեռ 2007-ին վարչապետ Սերժ Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը 3 միլիարդ դրամ հատկացրեց մայրաքաղաքի վերելակային տնտեսության հիմնանորոգման նպատակով: Այդ միջոցներով մայրաքաղաքում նախատեսված է վերանորոգել 2464 վերելակ, որից 400-ն արդեն անցյալ տարի հիմնանորոգվել է:

Իսկ 2008-ի ծրագրերի առումով, քաղաքապետ Երվանդ Զախարյանը կարեւորեց դպրոցների եւ մանկապարտեզների համար լոկալ կաթսայատների կառուցումը: Ծրագրի համար 2008-ին նախատեսված է 1,7 միլիարդ դրամ: Քաղաքապետը խոստանում է, որ մոտ ապագայում մայրաքաղաքում «ցուրտ» դպրոցներ չենք ունենա: Նա հայտարարեց, որ կլուծվի նաեւ երրորդ եւ չորրորդ կարգի վթարային շենքերի խնդիրը: Չորրորդ կարգի վթարայինների համար անցած տարի կառուցվել է 6 նոր շենք, այս տարի կկառուցվի եւս երկուսը: Մայրաքաղաքում կա չորրորդ կարգի վթարային երեք հանրակացարան. դրանք ուսումնասիրման փուլում են, եզրակացությունները կտրվեն փետրվարի վերջին: Կամրացվի 10 երրորդ կարգի վթարային, կմնա 54-ը: 2008-ին 100 հեկտարով կավելանան նաեւ մայրաքաղաքի կանաչ տարածքները. 30 հա-ն՝ «Անտառտնտեսության», 70-ը՝ քաղաքապետարանի եւ համայնքապետարանների միջոցներով: 2,4 միլիարդ դրամ կծախսվի մայրաքաղաքի փողոցների վերանորոգման վրա: Երեւանի 27 խաչմերուկներում կտեղադրվեն նոր լուսացույցներ, 83 կանգառասրահներ, կներկրվի 150 ավտոբուս, կվերականգնվի փողոցների լուսավորության համակարգը, Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան այգու պանթեոնի մոտակայքում կկառուցվի հետիոտն վերգետնյա անցում, ավարտին կհասցվեն 2007-ի շինարարական աշխատանքները: Նախատեսվում է վերանորոգել նաեւ հին ստորգետնյա անցումները: 2007-ին մայրաքաղաքի կառուցապատման համար կատարված 22 միլիարդ դրամի ներդրումների չափը, քաղաքապետի համոզմամբ, այս տարի էլ չի նվազի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829