Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂ՝ ՄԵԿ ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ

Փետրվար 12,2008 00:00

Երեկ ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի առաջադրված-գրանցված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր-ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Ռուբիկ Թորոսյանը ներկայացրին նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր այն անհաղթահարելի խոչընդոտները, որոնք անհավասար իրավիճակում են դրել իրենց թեկնածուին:

Համաձայն ՍԴ մասին ՀՀ օրենքի 75 հոդվածի 4-րդ կետի, անհաղթահարելի ճանաչելու մասին գործով կայացրած որոշումը պետք է կայացվի ՍԴ դիմելուց հետո 4 օրվա ընթացքում: Թեկնածուի լիազոր-ներկայացուցիչները ՍԴ էին դիմել փետրվարի 8-ին:

Այս գործի յուրահատկությունն այն էր, որ դատաքննությունն ընթանում է առանց պատասխանողի, չնայած խոսք էր գնում հնարավոր պատասխանողների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերության «Հ1» լրատվական ծրագրի մասին:

Արտակ Զեյնալյանը կոչ արեց ՍԴ-ին նախադեպ ստեղծել, անհաղթահարելի ճանաչել պետական մարմինների կողմից քարոզարշավի ընթացքում իրենց թեկնածուի նկատմամբ կիրառված հակաիրավական գործողությունները, հակաքարոզչությունը, անհավասար պայմանները, դատական մարմինների կողմից դրանք չվերացնելը: Նա ասաց, որ ապատեղեկատվության, պատկան մարմինների անգործունակության համար դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ եւ վարչական դատարաններ: Սակայն պատասխաններ չեն եղել, իսկ վարչական դատարանը, ըստ լիազոր-ներկայացուցչի. «Մատչելի չի, թեկնածուի կամքից վեր է»: Այս դատարանում վարույթ չեն ընդունում գործերը՝ անգամ պետտուրք չմուծելու պատճառաբանությամբ: Մինչդեռ, ըստ Ա. Զեյնալյանի, իրենց ապացույցները ոչ հերքվում են, ոչ պատասխանվում՝ «ԿՀԸ-ի եւ մյուսների դրսեւորած ցինիզմով»:

Ռ. Թորոսյանը ներկայացրեց անցյալ տարվա նոյեմբերից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից սկսած ժամանակահատվածը, մասնավորապես, հեռուստաընկերությունների լուսաբանման ընթացքը: Ռ. Թորոսյանը ուշադրություն հրավիրեց «Հայլուրի» փետրվարի 8-ի ժ.13-ից հետո թողարկմանը, բառացի մեջբերելով. «Հայլուրը» տեղեկատվություն տարածելով ՍԴ դիմելու մասին, միաժամանակ «ՀՀ ԿԸՀ» խորագրով ներկայացրեց հետեւյալ տեղեկատվությունը. ԿԸՀ տարածած հայտարարությունը նշում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը չի դիմել ԿԸՀ-ին՝ փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններին, իր թեկնածությունը հանելու նպատակով: ԿԸՀ սահմանված ժամանակացույցի համաձայն, նախագահի թեկնածուների ինքնաբացարկի վերջնաժամկետը լրանում է փետրվարի 9-ին, ժ.18.00-ին: ԿԸՀ-ի հայտարարությունը նշում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՀՀ ՍԴ՝ փետրվարի 19-ին ընտրությունների նրա մասնակցության ճանապարհին առաջացած խոչընդոտները անհաղթահարելի ճանաչելու պահանջով: Դիմումում նշվում է, մեջբերում եմ. Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով առաջացած խոչընդոտները անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ընտրական գործընթացներին»: Ռ. Թորոսյանն ասաց, որ ընթերցված հայտարարությունը «Մեդիամաքսին» էր տրամադրել ԿԸՀ մամուլի ծառայությունը: Ըստ Ռ. Թորոսյանի «Հանրային հեռուստատեսության միջոցով ակնհայտ փորձ է արվել ապատեղեկատվություն տարածել, մասնավորապես, տպավորություն ստեղծելով, իբր Տեր-Պետրոսյանը պատրաստվում է դուրս գալ ընտրապայքարից»: Ռ. Թորոսյանը ասաց, որ ԿԸՀ-ն որեւէ հայտարարություն չի ընդունել այդ կապակցությամբ. «Հայլուրի» հիշյալ խորագիրը կեղծիք է»: Տեղեկատվական բոլոր գործակալությունները ՍԴ վարույթ ընդունելու մասին որոշումը ստացել են ժ.14-ին («Հայլուրինը» եղել էր ժ.13-ին): «Տեր-Պետրոսյանի ինքնաբացարկի մասին» տեղյակ է եղել ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու՝ Արտաշես Գեղամյանը, ով, ըստ Ռ. Թորոսյանի, «Հանրային հեռուստատեսությամբ իրականացնում է հակաքարոզչություն Տեր-Պետրոսյանի դեմ»: Ռ. Թորոսյանը միջնորդեց, որպեսզի «Հայլուրը» երեկվա թողարկման ժամանակ հաղորդագրություն տարածի ԿԸՀ հիշյալ հայտարարության ապօրինության մասին, ԿԸՀ-ից պահանջել «Հայլուրին» տրամադրված հիմքերի մասին, վկա հրավիրելով Հանրայինի պատասխանատու Ալիկ Հարությունյանին եւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին:

ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը հրապարակեց իրենց պաշտոնական կայքով տարածված հաղորդագրությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը վարույթ ընդունելու մասին. «Լրատվամիջոցներից ով ինչ ձեւով է ներկայացրել, օրենքով սահմանված կարգով կողմը կարող է վիճարկել»:

Դիմումատուները հրապարակեցին բոլոր այն վիրավորական արտահայտությունները եւ քարոզարշավի ընթացքում նախագահի այլ թեկնածուների կողմից հակաքարոզչական գնահատականները, որոնք շարունակական բնույթ են կրել:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ մինչեւ ժ. 24-ը որոշում կայացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829