Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլը բեւեռացված է

Փետրվար 12,2008 00:00

\"\"Երեկ փաստեցին տարբեր ուղղվածության թերթերի խմբագիրները

«Ուրբաթ» ակումբում հրավիրված երեկվա ասուլիսին ներկա էին «Ազգ» օրաթերթի, «Երկիր» շաբաթաթերթի խմբագիրներ Հակոբ Ավետիքյանն ու Սպարտակ Սեյրանյանը, ինչպես նաեւ «Հայք» եւ «Տարեգիր» թերթերի խմբագիր Վասակ Դարբինյանը: Հանդիպման թեման էր՝ ԶԼՄ-ներում նախընտրական քարոզչությունը: Վ. Դարբինյանի կարծիքով, իր խմբագրած թերթերը այն բացառիկ ազատ լրատվամիջոցներից են, որոնք գործում են Հայաստանում: Նա հերքեց «Հայքի»՝ ՀՀՇ-ին պատկանելն ու վերջինիս պաշտոնաթերթը լինելը. «Հայքը» ազատ է ՀՀՇ-ից: Ու վերջինս ոչ մի բանում չի միջամտում»: Խոսելով տպագիր մամուլի մասին, պրն Դարբինյանն ասաց. «Ակնհայտ է, որ քարոզչությունը՝ մեկնարկից սկսած, ընթանում է անհավասար պայմաններում ու գնալով այդ պայմաններն ավելի են կոշտանում, ինչը արտահայտված է թերթերում եւս»: Վ. Դարբինյանը թվարկելով իր նկատած անհավասարությունները, նշեց. «Կա մեկ թեկնածու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի դեմ աշխատում են մնացած բոլոր թեկնածուները: Ասվածիս արտահայտությունն են՝ օրինակ, Տիգրան Կարապետյանի գովազդային հոլովակը, Գեղամյանի քննադատությունների հստակ ուղղվածությունը, Արամ Հարությունյանի խայտառակ հոլովակը եւ այլն: Այս պայմաններում խոսել հավասարակշռության մասին՝ ուղղակի ծիծաղելի է»:

Հ. Ավետիքյանի խոսքերով, չնայած թերթերը չեն կարող համեմատվել TV-ների հետ, բայց նախընտրական շրջանում իրենք էլ ունեն բավականին մեծ լսարան: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր թերթի մեկ օրինակը ընթերցվում է մի քանի անձի կողմից: Ստացվում է, որ մեր տպագիր օրգանն ունի 120-130 հազար ընթերցող… Թերթ կարդում է հասարակության առավել ակտիվ շրջանակը, իսկ 120-130 հազար հոգին Հայաստանի համար փոքր թիվ չէ»: Դառնալով թերթերի ծայրահեղականությանը, Հ. Ավետիքյանը փաստեց. «Թերթերը բաժանվում են երկու ճամբարների: Մի մասը միանշանակ պաշտպանում է Սերժ Սարգսյանին, մյուսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն, բարեբախտաբար, արանքում ունենք ինչ-որ երանգներ, որտեղ ավելի հանդուրժող մոտեցում կա մյուս թեկնածուների նկատմամբ»: Վ. Դարբինյանի խոսքերով էլ՝ TV-ները գնալով բեւեռացվում են ու ավելի կենտրոնանում միայն մեկ թեկնածուի վրա. «Շատ կերազեի, որ TV-ներում լիներ քաղաքակիրթ լուսաբանում: Ինքս էլ իբրեւ լրատվամիջոցի ներկայացուցիչ, կշարժվեի նույն խաղի կանոններով: Սակայն պատկերը բոլորովին այլ է: Այսօր հրապարակում են ինչ-որ թվեր, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի լուսաբանումն ամենաշատ հիշատակումներն է ստացել TV-ներում: Բայց իրականում, երբ մնացած բոլոր թեկնածուները քանիցս տվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, դա են հաշվել ու հայտարարում են, թե նա ամենաբարձր տոկոսն է ստացել: Փաստորեն, Տեր-Պետրոսյանը նշված բարձր տոկոսը ստացել է միայն իր հասցեին հնչած ամենաբացասական շեշտադրումներով հայտարարությունների ժամանակ»: Վ. Դարբինյանի խոսքերով. «Երկու ուժեղ թեկնածուները, որոնք հաղթելու ավելի մեծ հավանականություն ունեն, ըստ էության, լուծում են լինել-չլինելու խնդիր: Սակայն, եթե Սերժ Սարգսյանը լուծում է իր անձնական լինել-չլինելու խնդիրը, ապա Տեր-Պետրոսյանը՝ պետության: Ավելին, Սերժ Սարգսյանը շատ լավ պատկերացնում է, որ եթե չդառնա նախագահ՝ կանգնելու է լուրջ պրոբլեմների առաջ»:

Ս. Սեյրանյանը ձեռնպահ մնալով որեւէ թեկնածուի մասին կտրուկ արտահայտվելուց, ասաց, որ միշտ էլ կարելի է պահպանել լրագրողական էթիկայի կանոնները՝ ունենալով եւ չունենալով որեւէ թեկնածու. «Որեւէ թեկնածուի նկատմամբ կողմնորոշում ունենալը չպետք է անդրադառնա ընդհանրապես քարոզարշավի լուսաբանման վրա»: Խոսելով կոլեգաների մասին էլ, նշեց. «Այսօր կին խմբագիրն ու լրագրողը իրենց այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ նույնիսկ փողոցում չես հանդիպի: Շատերն էլ, «ըստ հավաստի աղբյուրների» արտահայտությունն օգտագործելով՝ կեղծիքներ են տպագրում»: Վ. Դարբինյանն էլ առաջարկեց մոնիտորինգ անցկացնել, պարզելու, թե հատկապես ո՛ր լրատվամիջոցն է ամենաշատ կեղծիքներ տարածում, հետո էլ հավելեց. «Առաջատարը հաստատ «Հ1»-ը կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829