Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՈՐՄԱԼ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՄԻՇՏ ՈՒՆԻ ԿՆՈՋ ԿԱՐԻՔ»

Փետրվար 12,2008 00:00

\"\"Գեղանկարիչ Շոթա Ոսկանյանի ստեղծագործություններում կինն առանձնահատուկ հմայիչ է

Վերջին տարիներին շատ է խոսվում, թե ինչպես միջին սերնդի նկարիչը կարող էր մի ժամանակ սոցռեալիզմ, իսկ հիմա այլ իզմի ներկայացուցիչ լինել: «Առավոտը» այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հանդիպեց ճանաչված գեղանկարիչ Շոթա Ոսկանյանի հետ: Տեղեկացնենք, որ նրա աշխատանքները մշտապես ցուցադրվում են Երեւանի «Արամե» պատկերասրահում, Կանադայում, ԱՄՆ-ում: Իր սերնդակիցներից շատերի նման նա անցել է գեղանկարչության խորհրդային դպրոց՝ ուսանելով Հրաչյա Հակոբյանի արվեստանոցում, այնուհետեւ Մոսկվայի արվեստների համալսարանում: Ինչպես հանդիպման սկզբում հայտնեց Շ. Ոսկանյանը, իր գործերն առաջին անգամ ցուցադրվել են 1980-ականների սկզբներին, դրանք հիմնականում խորհրդային թեմաներով էին՝ շինարար, հողագործ, հեղափոխություն եւ այլն: 1993-ից ցուցադրություններ է ունեցել Ռուսաստանում, Ստոկհոլմում, Երուսաղեմում, Գերմանիայում, Ֆրանսիայում. «2003-ին եւ 2004-ին աշխատանքներս ցուցադրվեցին Նյու Յորքում, վերջին ցուցադրությունը կազմակերպել էր «Արամե» պատկերասրահը: 2005-ին դարձյալ նույն քաղաքում ցուցադրվեցի, այս անգամ հայ գեղանկարչիս ներկայացրել էր Կանադայի «Ֆայն արտ» պատկերասրահը»:

Հասկանալի է, որ ժամանակին սոցռեալիզմը Շ. Ոսկանյանին էլ է թելադրել իրենը, վերջինս էլ, բնականաբար, ենթարկվել է: Դիտելով նրա 1990-ականներից հետո ստեղծած կտավները, տեսնում ենք, որ դրանք ռեալիստական ուղղվածության են: Իսկ թե ինչպե՞ս կատարվեց գեղանկարչի թռիչքը դեպի ռեալիստական եւ արդյոք այսօր կարոտի զգացում չունի՞ սոցռեալիզմի շրջանում ստեղծած իր նկարների հանդեպ, մեր զրուցակիցը չհերքեց, որ ինքն էլ էր պարտադրված ենթարկվել խորհրդային «կանոններին», նույնիսկ առանձնացնելով իր «Շինարար» գեղանկարը, ասաց. «Այս աշխատանքում պատկերված է շինարարը, որը պատշգամբում կանգնած անհագ ծխում է ու նայում իր կառուցած շենքերին: Իսկ անհագ ծխելը նրա անբավարար վիճակից էր գալիս…»:

«Առավոտի» դիտարկմանը, թե նոր ժամանակներում իր գործերի առանցքում միայն կինն է, Շ. Ոսկանյանն ասաց. «Ճիշտ եք, ոնց որ կապերս արձակեին (ծիծաղում է- Ս. Դ.): Իսկ եթե լուրջ՝ դրանում արտառոց ոչինչ չեմ տեսնում: Նորմալ տղամարդը թե կյանքում, թե ստեղծագործելիս ունի կնոջ կարիք»: Անդրադառնալով իր «կապերս արձակվեցին» արտահայտությանը, գեղանկարիչը շեշտեց, որ դրա մեջ էլ վտանգ կա. ամեն ինչ պետք է արվի չափի մեջ. «Որպեսզի չայլանդակես քո՝ արվեստագետի ներքին կուլտուրան»:

Վերջին տարիներին արվեստագետի կրկեսային, թատերական, երաժշտական եւ այլ թեմաներով գործերում՝ դարձյալ իշխողը կինն է, ամեն ինչ նրա իշխանության տակ է. «Կնոջ գեղեցկության կողքին տղամարդը պասիվ է կամ մղվում է երկրորդ պլան: Հիշո՞ւմ եք՝ հին կրկեսում ցանկացած համարից առաջ կիսամերկ կին էր դուրս գալիս արենա՝ իր յուրահատուկ շարժուձեւով բացումը հայտարարելով…Դա է տպավորվել նաեւ: Օրինակ, իմ «Թափառաշրջիկ կրկեսախումբ», «Դիմակներ» եւ մյուս շարքերն էլ գալիս են մանկության հիշողություններից»: Տեղեկացված լինելով, որ գեղանկարչի աշխատանքները այսօր գտնվում են մասնավոր հավաքածուներում, հետաքրքրվեցինք, գնորդները հասկանալո՞վ են նկարներ գնում, թե՞ մոդային տուրք տալով: Շ. Ոսկանյանը պատասխանեց. «Լավ է, որ այսօր Երեւանում էլ կան մասնավոր պատկերասրահներ, որտեղից գնորդը կարող է արվեստի գործ ձեռք բերել, այլ ոչ թե… Ինչ վերաբերում է գնորդներին, նրանք բաժանվում են խմբերի. մի մասը գեղանկարը ձեռք է բերում այնպես, ինչպես, օրինակ, սպասք է գնում: Մի մասը իրոք կարիք ունի այս կամ այն նկարի, որովհետեւ դրանից էներգիա է ստանում, ոմանք էլ պարզապես կապիտալ են դիզում: Համոզված եմ, որ բարձրակարգ գեղանկարը ունի դաստիարակչական մեծ նշանակություն: Իսկ դա արդեն չափազանց լուրջ խոսակցության թեմա է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829