Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մրցանակաբաշխություն՝ հին ավանդույթներով

Փետրվար 12,2008 00:00

Լավագույն ճանաչվելու հերթը Արամեինն էր, իսկ Սիրուշոյին այն կրկնակի անհրաժեշտ էր

Փետրվարի 10-ին, բավական ուշացումով, Ազգային օպերային թատրոնում արդեն 5-րդ անգամ կայացավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որին իբրեւ ՀՀ նախագահ՝ վերջին անգամ ներկա էր Ռոբերտ Քոչարյանը:

Այս մրցանակաբաշխությունը տարբերվում էր նախորդներից թե՛ բովանդակային, թե՛ բեմի ձեւավորման առումով: Ավելին, կազմակերպիչները վերջապես հասկացել էին, որ ազգային երաժշտարվեստը միայն փոփ արվեստը չէ: Ինչպես արդեն նշեցինք, Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն-2007-ը հարստացել էր նոր անվանակարգերով՝ «Տարվա հայտնություն՝ դասական երաժշտության ոլորտում», «Լավագույն ժողովրդական երգիչ» եւ այլն:

«Տարվա հայտնություն՝ դասական երաժշտության ոլորտում» ճանաչվեց Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), որը նաեւ հատուկ մրցանակի արժանացավ: «Լավագույն խումբ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենոիդսը», որն արդեն միջազգային ասպարեզում լուրջ հաջողություններ է գրանցում: Տարվա լավագույն ազգագրական համույթը «Ակունքն» էր, լավագույն ջազ-նախագիծը՝ Հայաստանի պետական ջազ-բենդի 10-ամյակին նվիրված համերգը, լավագույն ժողովրդական ալբոմը՝ Աննա Մայիլյանի «Էթնո վոկալը», լավագույն դասական նախագիծը՝ ՀՊԿՆ-ի համերգն էր Ստեփանակերտում, լավագույն տեսահոլովակը Էմմիի եւ Սուպեր Սաքոյի «Եթե դու գնաս»-ը (ռեժիսոր՝ «Հ1»-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյան): Տարվա հիթը իրապես Սոֆիի «Օրը եւ ներկան» էր, թեեւ այդ անվանակարգում կարող էր հաղթող ճանաչվել նաեւ Արամեի «Արցունքիս մեջ» երգը: Լավագույն ժողովրդական երգիչ դարձավ Արսեն Գրիգորյանը (Մրո), լավագույն ժողովրդական երգչուհի՝ Աննա Մայիլյանը: Հատուկ մրցանակ տրվեց «Շարմ» ընկերությանը՝ «Հատուկ նշանակության երգեր» նախագծի, Շանթ TV-ին՝ «Ժողովրդական արտիստի» համար: Մրցանակներ շնորհվեցին DJ Սեդրակին, «Ջազ թայմ» հաղորդաշարի հեղինակ Արմեն Թութունջյանին (Չիկո): Վերջինս հայտնեց, որ առաջին անգամ իրեն եթեր է տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությունը, հետո արդեն «ԱՐ»-ը եւ «Հ1»-ը: Կանխատեսելի էր, անպայման մրցանակ պիտի ստանար նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, «Հ1»-ի «կաստայի» երգիչ Հայկոն: Նրա «Մի խոսքով» ալբոմը ճանաչվեց տարվա փոփ-ալբոմ: Սկսնակների եւ երիտասարդների հետ այլ անվանակարգում մրցող վաստակավոր արտիստը նաեւ Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակ ստացավ «Հ1»-ի նկարահանած ու բազմաթիվ քննադատությունների արժանացած (այդ թվում՝ Շարժման գաղափարը արժեզրկելու համար)՝ «Մի վախեցիր» ֆիլմի երաժշտության համար:

Բոլորովին զարմանալի չէր, որ 2007թ. լավագույն երգիչ ճանաչվեց Արամեն. այս անգամ նրա հերթն էր, բացի այդ, երգչի պրոդյուսեր եւ ազգական, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հովանավորյալը չէր կարող ձեռնունայն հեռանալ մրցանակաբաշխությունից: Էլ ավելի զարմանալի չէր Սիրուշոյին՝ եւս մեկ անգամ «Տարվա լավագույն երգչուհի» ճանաչելը. նա պետք է առաջիկայում Հայաստանը ներկայացնի «Եվրատեսիլում», իսկ այնտեղ տիտղոսներն ու մրցանակները լավ ֆոն են ստեղծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829