Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԺԿ-ն՝ Տեր-Պետրոսյանի հետ

Փետրվար 15,2008 00:00 Share

«Տրամաբանական շարունակություն»

«Ինչպես եւ կանխատեսվում էր, 2007թ. Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Նոր ժամանակներ» կուսակցության, «Իմպիչմենտ» դաշինքի եւ «Հանրապետություն» կուսակցության համատեղ ջանքերով բարձրացված համաժողովրդական շարժման ալիքը իր տրամաբանական զարգացումը ունեցավ 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում: «Նոր ժամանակներ» կուսակցությունը պաշտպանում է այդ համաժողովրդական շարժումը, որն առաջնորդում է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ հասարակությունն իր մեջ ուժ է գտել եւ ոտքի կանգնել՝ սեփական արժանապատվությունը ոտնահարող բարքերից ձերբազատվելու համար, եւ ՆԺԿ-ն, բնականաբար, ժողովրդի հետ է»: Փետրվարի 12-ին կայացած կուսակցության վարչության նիստը, հենվելով ամսի 9-ին կայացած կուսակցության ակտիվի ժողովի վրա, նման որոշում է ընդունել, որը երեկ լրագրողներին ներկայացրին կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը եւ մամուլի պատասխանատու Մանվել Մարգարյանը: Կուսակցության ղեկավարի բացակայությունը նրանք որեւէ կերպ չպարզաբանեցին: Ավելին, մամուլի պատասխանատուն հայտարարեց, որ հարցուպատասխան չի լինելու եւ անմիջապես հեռացավ: Հրաչյա Սարգսյանն էլ պարզաբանեց, որ նման որոշումը մեծապես պայմանավորված է այն փաստով, որ վերջերս ՀՀ վճռաբեկ դատարանը եւս մերժել է Արամ Կարապետյանի հայցը ընդդեմ ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության: Հիշեցնենք, որ այն վերաբերում էր ՆԺԿ ղեկավարին Հայաստանում 10 տարվա բնակության փաստաթուղթ չտրամադրելուն: Պրն Սարգսյանը կարծում է, որ եթե վճռաբեկը առաջին ատյանի որոշումը նույնը չթողներ, Հայաստանում այլ իրավիճակ կլիներ, մասնավորաբար՝ չեղյալ կհայտարարվեին ընտրությունները եւ նոր ընտրություններ կնշանակվեին: Նա կասկած չունի, որ այդ պարագայում Արամ Կարապետյանը կհասներ իր բաղձալի նպատակին: Բայց քանի որ երազանքն անկատար է մնացել, ՆԺԿ-ին այլ բան չէր մնում, քան այս քայլին գնալ:

ՆԺԿ-ն նաեւ հայտարարում է, որ Հայաստանի ապագայով մտահոգված յուրաքանչյուր ընտրող 2008-ի փետրվարի 19-ին չպետք է քվեարկի իշխանության ներկայացուցիչներին եւ նրանց սատարող ու ծառայող թեկնածուների օգտին: ՆԺԿ-ն նաեւ իր որոշումը հիմնավորում է նրանով, որ իշխանական վերնախավը «մինչեւ կոկորդը կրիմինալի մեջ թաթախված է վարչակարգի հակազգային եւ հակաժողովրդական բոլոր միջոցներով» եւ որ ոչնչի առաջ չկանգնելով՝ ի սկզբանե «լրջագույն հարված հասցրեց այս կարեւորագույն համապետական ընտրության լեգիտիմությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել