Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջատարը Տեր-Պետրոսյանն է

Փետրվար 15,2008 00:00

Ըստ ԵՄԱ դիտարկումների, խոսքը բացասական լուսաբանումների մասին է

Երեկ «Ուրբաթ» ակումբում Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ եւ «Թիմ» հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացրած 8 հեռարձակվող ԶԼՄ-ներում՝ ՀՀ նախագահական ընտրությունների լուսաբանման դիտարկման՝ հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածի արդյունքները: Դիտարկվել են «Հ1», «ԱԼՄ», «Արմենիա», «հ2», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» TV-ները եւ Հանրային ռադիոն: Բ. Նավասարդյանի փոխանցմամբ, առավել ուշադրության արժանացած երկու թեկնածուներից՝ Լ. Տեր-Պետրոսյանից ու Ս. Սարգսյանից բացի, այս օրերին ԶԼՄ-ների ուշադրությանն են արժանացել նաեւ Ա. Բաղդասարյանը, Վ. Հովհաննիսյանը, Տ. Կարապետյանը, Վ. Մանուկյանն ու Ա. Գեղամյանը, իսկ ինքնաառաջադրված Ա. Մելիքյանն ու Ա. Հարությունյանը՝ այդ առումով հետ են մնացել:

Դիտարկման արդյունքների համաձայն, 8 ԶԼՄ-ների կողմից ամենաշատ ուշադրության արժանացել է Լ. Տեր-Պետրոսյանը, հետո միայն Սերժ Սարգսյանը, եւ եթե հաշվի առնվեն՝ Ս. Սարգսյանի վարչապետի պաշտոնում գտնվելն ու այդ «ֆորմատով» լուսաբանումները, ապա վերջինս, որպես նախագահի թեկնածու՝ համախառն եթերաժամանակով հետ կմնա Արթուր Բաղդասարյանից (29 963վ.), Տիգրան Կարապետյանից (25 706վ.) Վահան Հովհաննիսյանից (25 601վ.): Ըստ դիտարկման արդյունքների, այս անգամ եւս Լ. Տեր-Պետրոսյանը առաջատար է միայն 143 բացասական հիշատակումների առումով, առաջին նախագահի համեմատ Ս. Սարգսյանի բացասական լուսաբանումները ընդամենը 24-ն են: ԵՄԱ նախագահը փաստեց, որ այս երկու թեկնածուների լուսաբանումների բեւեռացվածությունը առավել արտահայտված է եղել մասնավորապես «Կենտրոն» TV-ում, որտեղ Ս. Սարգսյանը հիշատակվել է 19 անգամ եւ միայն դրական, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը միայն բացասական՝ 44 անգամ: Դիտարկող խումբը պարզել է նաեւ, որ քարոզչության ընթացքում 7 TV-ների ինֆորմացիոն քաղաքականությունը նույնն է եղել՝ նրանք Ս. Սարգսյանի նախընտրական միջոցառումների մասին ռեպորտաժները հեռարձակել են հաջորդ օրը, իսկ մյուս թեկնածուներինը՝ հենց նույն օրը: Դիտարկողների համոզմամբ, ստացվում է՝ ԶԼՄ-ների մեծամասնությունը ընտրարշավը լուսաբանում է համաձայնեցված կամ ուղղորդված:

Բ. Նավասարդյանը փաստեց նաեւ, որ այս անգամ կրկին բարձր չէր հետազոտվող ԶԼՄ-ների բանավիճային հաղորդումներին՝ նախագահի թեկնածուների մասնակցության ցուցանիշը: Դառնալով քաղաքական գովազդին, դիտարկողները փաստեցին, որ բոլոր թեկնածուներն օգտվում են «Հ1»-ում իրենց հատկացված անվճար եթերաժամանակից, իսկ հետազոտված 20 օրերի արդյունքներով, քարոզչական նյութերի համախառն ծավալով 8 ԶԼՄ-ներում էլ առաջատարը եղել է Վահան Հովհաննիսյանը: Բ. Նավասարդյանը համեմատելով 1996-ի եւ այժմյան քարոզարշավները, ասաց. «Բուն քարոզչության շրջանի առումով՝ 1996 թիվը ավելի վատ տպավորություն էր թողնում, բայց մյուս կողմից՝ 1996թ. ընտրություններին նախորդող 2-3 ամսվա ընթացքում բավականին հանգիստ իրավիճակ էր, իսկ ներկայիս նախընտրական շրջանն աչքի է ընկնում նրանով, որ սեպտեմբերից սկսվել է սուր քաղաքական պայքար: Կարծում եմ, 1996-ից մինչ հիմա պիտի մի քիչ ավելի քաղաքակիրթ երկիր դառնայինք՝ ընտրությունների կազմակերպման առումով, սակայն դա այդպես չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել