Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք մոռացել»

Փետրվար 17,2008 00:00

Վազգեն Մանուկյանը խոստանում է լուծել այսօրվա հարցերը

Նախորդ օրը ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրեց ՀՀ առաջին վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին դավաճանության մեջ՝ հայտարարելով, թե 1998-ին Ռոբերտ Քոչարյանը հաղթել եւ Կարեն Դեմիրճյանը պարտվել է միայն Վ. Մանուկյանի պատճառով, ով առաջին փուլում ստացել էր 13% ձայն, ու եթե նա երկրորդ փուլում իր կողմնակիցներին կոչ աներ ձայները տալ Կարեն Դեմիրճյանին՝ վերջինիս հաղթանակը լիակատար կլիներ, ու Քոչարյանն ընտրությունները կեղծելու արդարացում չէր ունենա. «98-ին Վազգեն Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին՝ այս ավազակապետության հիմնադրին, դարձրեց ՀՀ նախագահ»:

Երեկ Մարտունի քաղաքում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանն ի պատասխան այս առիթով իրեն ուղղված հարցին` ասաց. «Մենք չենք մոռացել, որ 1998 թ. նախագահական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին` որպես օրինական նախագահի: Ես հայտարարեցի, որ լեգիտիմ չի Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, եւ իրականում ընտրվել է Կարեն Դեմիրճյանը: Մենք հիշում ենք, որ այդ ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջ շրջապատը՝ վանոսիրադեղյաններով, արարատզուրաբյաններով, ՀՀՇ-ի հատվածներով եւ այժմ իրեն միացած երկրապահներով, բոլոր օրինական եւ անօրինական ձեւերով պաշտպանում էին Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Եվ, իսկապես, երկրորդ փուլից առաջ ունեցել ենք բանակցություններ Կարեն Դեմիրճյանի հետ: Ես իրեն շատ հստակ ասել եմ, որ առանց մեր միավորվելու էլ դուք կհաղթեք, ժողովրդի 80%-ը ձեր կողմն է, բայց եթե կեղծեն ձայները եւ հաղթանակը տան Ռոբերտ Քոչարյանին՝ բավական է Դուք մի նախադասություն ասեք, որ չեք ընդունում արդյունքները, դրանից հետո ես կվերցնեմ իմ ձեռքն ամբողջ շարժումը, ողջ գործընթացը, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ չդառնա: Ինքը պարտվեց, բայց այդ կոչը չարեց, եւ ես հասկացա, որ մենք ճիշտ արեցինք, որ չմիավորվեցինք, որովհետեւ կլինեինք մի թիմի մեջ, որի նկատմամբ կեղծիք է տեղի ունեցել, բայց ինքը ձայն չի հանել»:

Երիտասարդների հետ զրույցում նախագահի թեկնածուն ասաց, որ ժողովրդավարությունը, ազատ, անկախ Հայաստանը, ազատագրված Ղարաբաղը իր եւ իր սերնդակիցների ուսանողական երազանքներն էին, որոնց մի զգալի մասն այսօր իրականություն է: Նա նաեւ մարտունեցի երիտասարդներին խոստացավ. «Ոնց որ պատերազմի հաղթանակի, անկախության խնդիրները լուծվեցին՝ նույն ձեւով էլ մնացյալ հարցերը կլուծվեն: Մինչեւ դուք մի քիչ մեծանաք՝ մենք այդ հարցերը կլուծենք»: Վազգեն Մանուկյանը նաեւ կոչ արեց՝ չվախենալ եւ քվեարկել սեփական համոզմունքների օգտին: Նա ասաց, որ ինը թեկնածուների մեջ ընտրությունը մեծ հաշվով ընտրություն է, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել յուրաքանչյուր քաղաքացին:

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն էլ երիտասարդներին ակտիվության կոչ արեց. «Մենք վաղ թե ուշ հաջողության կհասնենք: Երկրի պատմությունն է դա պահանջում, եւ ես ուզում եմ դիմել ձեզ, որ ձեր եռանդն ու ջանքերն օգտագործեք, որպեսզի ծանոթ լինեք քաղաքական անցուդարձին, որպեսզի դուք էլ պայքարեք, թույլ չտաք, որ այդ կոմսոմոլատիպ բազեները ղեկավարեն ձեզ: Ակտիվացեք, որովհետեւ վաղ թե ուշ մենք բոլոր լծակները տալու ենք ձեզ՝ ջահելներիդ, որովհետեւ նոր հազարամյակը ձերն է: Դուք եք ղեկավարելու երկիրը, դուք եք որոշումներ ընդունելու: Դուք էլ եք տեսնում, համեմատում եք, եւ երեւի ձեր մեջ էլ կասկած չկա, որ մենք իսկապես մաքուր, անբասիր պայքարել ենք, որ երկիրը երկիր լինի, եւ էլի ենք պայքարելու»: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ խորհուրդ տվեց օգտվել ձայնի իրավունքից՝ այլապես ուրիշները կեղծելու են այն: Ու կոչ արեց քվեարկել Վազգեն Մանուկյանի օգտին, որպեսզի՝ «ինքներդ ձեզանից էլ գոհ լինեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել