Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍՕՐ ՏՂԱՄԱՐԴ ԿԱ»

Փետրվար 17,2008 00:00

\"\"Ասում է Մուշեղ Սաղաթելյանն ու վստահեցնում, որ համաժողովրդական շարժմանը մասնակցում է ոչ թե մեկ, այլ հարյուր հազարավոր տղամարդ:

– Պարոն Սաղաթելյան, երեկ մի պատեհ առիթով նկատեցիք, որ ժողովրդի տրամադրությունները պետք է զգալ ոչ թե միասնական ընդդիմության հանրահավաքներին եկած մարդկանց թվաքանակով, այլ հանրահավաքի վերջին շարքերում կանգնածների բարձրացրած բռունցքներով եւ դեմքերի արտահայտությանը նայելով: Դուք մասնակցել եք Լեւոն Տեր-Պետրոսյանի մարզային քարոզարշավներին, նաեւ երեւանյան հանրահավաքներին: Ի՞նչ տպավորություն ունեք:

– Այո, ես եղել եմ Հայաստանի բոլոր մարզերում, գյուղերում եւ Երեւանում կազմակերպված հանրահավաքներին, եւ ինձ համար պարզ տեսանելի է, որ այնտեղ, որտեղ մարդիկ կան, ովքեր իրոք պայքարում են իրենց ազատությունը ետ բերելու համար, այնտեղ ոգի կա: Հանրահավաքի մասնակիցների՝ հռետորի ելույթին արձագանքներից կարելի է դատել՝ նրանց մեջ ոգի կա՞: Ես նկատել եմ, որ ՀՀ մարզերից եւ գյուղերից կեսից շատում մարդկանց մեջ ամենակարեւորը ոգի կա: Հատկապես ուրախ եմ, որ այդ ոգին կա հանրահավաքներին մասնակցող երիտասարդների մեջ: Ավելի տարեցները հասկանում են, թե ինչ է կատարվում երկրում, բայց ավելի զգուշավոր են՝ վախենում են աշխատանք կորցնելուց, հնարավոր ճնշումներից, հացի վերջին փշրանքից էլ զրկվելուց եւ ավելի զուսպ են, չնայած որ իրենց մեջ էլ ոգին արթնացել է: Ուրախ եմ, որ այդ հանրահավաքներում բռունցք է բարձրանում:

Դա միասնության դրսեւորում է: Համաժողովրդական շարժման արդյունքները ակնհայտ են:

– Այսօր շատերն են թերահավատ, թե, այդուամենայնիվ, միասնական ընդդիմությանը կհաջողվի հաղթել պետական ռեսուրսին տիրապետող իշխանությանը, որ շանս չկա:

– Դա հնարավոր է անել: Դրա մասին խոսելն էլ ավելորդ է, որովհետեւ այսօր արդեն այդ շանսը պարտվողին է պետք՝ Սերժ Սարգսյանին: Ես վստահ եմ, որ մենք հաղթած ենք:

– Դուք ժամանակին եղել եք ՀՀ ՆԳՆ քրեական-հետախուզության վարչության պետ: Ի՞նչ է հուշում ձեր փորձառությունը՝ այսօր, երբ դիմակայությունը մի կողմից՝ վարչական եւ ուժային ռեսուրսների տիրապետող իշխանության, մյուս կողմից՝ հասարակության լայն զանգվածներին համախմբած ընդդիմության մեջ է, ինչի՞ կարող է հանգեցնել եւ ո՞րը կարող է լինել դրա հանգուցալուծումը:

– Այո, իշխանությունները ունեն իրենց առավելությունները, մենք՝ ժողովուրդը, մեր: Ես ընդդիմության համար չեմ պայքարում, ես պայքարում եմ համաժողովրդական շարժման հաղթանակի համար՝ մեր կորցրած ազատությունը ետ բերելու, մեր ժողովրդի արժանավայել ապրելու համար: Իշխանությունն օգտագործելու է ուժ, թեեւ ես համոզված չեմ, թե ուժային բոլոր կառույցների հրամանատարներն են պատրաստ առճակատման գնալ ժողովրդական այս հզոր ալիքի հետ: Տեսնենք, եթե նման իրավիճակ ծագի, մենք նրանց հետ դեմ առ դեմ կկանգնենք ու մարդավարի կխոսենք: Փող, խարդավանք եւ ուժ: Դրան հաղթելը շատ հեշտ է մի դեպքում՝ երբ կա համախմբված հասարակություն: Քոչարյանը մի ժամանակ սխալմամբ ասաց, թե Հայաստանում տղամարդ չկա: Այսօր այն պահն է, որ մենք պետք է ապացուցենք, որ կա: Եթե կա տղամարդ, իսկ ես դրանում չեմ կասկածում, թող գա ու ոչինչ չանի, միայն կանգնի ժողովրդի կողքին եւ Ազատության հրապարակում բռունցք բարձրացնի՝ իշխանությանն ասելով, որ դու ճիշտ չես կառավարում, հեռացի՛ր, եթե պետք է՝ գնա ըմբոստության: Այդ դեպքում կասկած չունեմ, որ իշխանությանը հեռացնելը ընդամենը մեկ ժամվա գործ է: Այսօր ուժը, իսկ ես ուժ եմ համարում այն մարդկանց, ովքեր առանց վախենալու զենքը ձեռքին գնացին կռվելու, ես ուժ եմ համարում ժողովրդին, Տեր-Պետրոսյանի կողմն է: Իսկ իշխանության կողքին այդպիսի ուժ չկա: Քոչարյանն ու Սարգսյանը անգամ ընկերներ չունեն: Այսօրվա իշխանությունում ընկերը միայն փողն է:

– Որպես ուժային համակարգում աշխատած մարդ՝ ի՞նչ եք կարծում, «ուժայինները» ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու պատրա՞ստ են:

– Իմ խորին համոզմամբ՝ ոչ, թեեւ այդ համակարգում էլ կան մարդիկ, ովքեր դա կանեն, բայց դրանք շատ քչերն են լինելու, որովհետեւ այդ համակարգերի միջին եւ ստորին օղակներում աշխատող մարդիկ իրենց կաշվի վրա են զգում այն անարդարություններն ու անհավասարությունը, որոնք կան իրենց եւ իրենց վերադասների, իրենց եւ իշխանության վերնախավի մեջ: Ինչո՞ւ «վերեւներում» մեկի լակոտը մեկ օրում կարող է հազար դոլարանոց շամպայն խմել, իսկ իրենք ամսական ստանան չնչին աշխատավարձ: Ես վստահորեն եմ ասում, որ այդ համակարգերում 80 տոկոսը այս իշխանություններին դեմ է, նրանք վիրավորված ու նեղացած են իրենց վիճակից, նրանք էլ են ճնշված: Ի վերջո նրանք մարդ են, կապույտ համազգեստը չի, որ որոշիչ է:

– Այս ընտրություններում ընտրակաշառքը որոշիչ կլինի՞:

– 90-ից այս կողմ ես շատ ընտրություններ եմ տեսել: Այդ բոլոր ընտրությունները մի ձեռագիր են ունեցել, որոնք չեն կրկնվել՝ լցոնում, կարուսել, նկարում, կաշառում, հրահանգ, ահաբեկում: Այս ընտրությունների բնորոշիչը խարդավանքն է, եւ ընտրակաշառքն էլ այս անգամ այդքան դեր չի խաղալու: Խարդավանքը կատարվելու է անձ, անձնագիր եւ հանձնաժողով եռանկյունում: Իշխանությունը փորձում է գնել ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց: Որոշ դեպքերում դա նրանց հաջողվում է անել: Մենք արդեն գիտենք, թե ովքեր են ծախված եւ որ տեղամասերում: Մենք շատ հստակ պատկերացնում ենք նաեւ այդ կեղծիքների մեխանիզմը եւ դրա «հակազենքը»՝ ի դեմս մեր վստահված անձանց, ունենք, վստահ եղեք:

– Կեղծիքների դեպքում ընդդիմությունն ու ժողովուրդը պատրաստ կլինի՞ պաշտպանել իր քվեն:

– Մեծ մասամբ՝ այո, թեեւ բացառություններ էլ կլինեն: Այս իմաստով ես հատկապես կարեւորում եմ երկրապահների դերը: Նրանք՝ 10 հազար մարդ կանգնած էին լինելու ժողովրդի կողքին՝ անկախ այն բանից, այդ ժողովրդին կառաջնորդեր Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ մեկ այլ գործիչ:

– Ձեր դիտարկմամբ, առաջիկա ընտրությունները քանի՞ փուլով կանցնեն:

– Գիտեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթելու է հենց առաջին փուլում, որովհետեւ արդեն ընտրությունները կանխորոշված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել