Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Փետրվար 20,2008 00:00

\"\"Ըստ ՕԵԿ-ի անցկացրած էքզիթ փոլի՝ Արթուր Բաղդասարյանը ստացել է 35%, իսկ Սերժ Սարգսյանը՝ 33%

Հույսերն ի դերեւ ելան

Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/28 ընտրատեղամասում երեկ առավոտյան քվեարկելուց հետո ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հարցին, թե իր կարծիքով՝ ինչպե՞ս կանցնեն ընտրությունները, պատասխանեց. «Բազմիցս ասել եմ, որ ընտրակեղծիքներով եւ ընտրակաշառքներով ընտրված Հայաստանի նախագահ՝ նշանակում է մեր երկիրը դատապարտել: Ես ցանկանում եմ, որ ընտրությունները անցնեն բաց, ազատ, թափանցիկ, եւ ժողովուրդը կարողանա ընտրել իր երկրի նախագահին»:

Քվեարկությունը դեռ չավարտված՝ ժամը 17-ի սահմաններում, Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը տարածեց հետեւյալ հայտարարությունը. «Փետրվարի 19-ին, ժամը 15.00-ից հետո, հանրապետության տարբեր ընտրատարածքներում սկսվել է մարդկանց ահաբեկման, սպառնալիքների եւ ծեծկռտուքի մթնոլորտ, կատարվել են զանգվածային լցոնումներ եւ այլ ընտրախախտումներ: Դիմում ենք ԿԸՀ-ին եւ իրավապահ մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կանոնակարգելու ուղղությամբ»: Եվ ներկայացված էին մի շարք փաստեր:

«Կարուսել»

ՕԵԿ գրասենյակում գործում էր ընտրական կեղծիքների վերաբերյալ ահազանգեր գրանցող թեժ գիծ: Ըստ ստացված ահազանգի՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքի 3/23 ընտրատեղամասին էին մոտենում ավտոբուսներ, որոնց ուղեւորներին բաժանում էին նախապես լրացված քվեաթերթիկներ:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 179 դպրոցում տեղակայված տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լուսինե Վարդանյանը տեղեկացրել էր, որ ավտոբուսներով մարդկանց բերել են 8/8 եւ 8/9 ընտրատեղամասեր: Մոտ 30-40 հոգու ինչ-որ մարդիկ ուղեկցել են նշված տեղամասեր, որ նրանք նախօրոք քվեարկած թերթիկները գցեն քվեատուփերի մեջ:

9/3 տեղամաս 47 երթուղու միկրոավտոբուսներով բերվել են մարդիկ, որոնք քվեարկել են մի քանի անգամ՝ կազմակերպվել է «կարուսել»:

ՕԵԿ-ը հայտնեց «կարուսելի» դեպքերի մասին նաեւ Աբովյանի թիվ 28/17 տեղամասում, Կոտայքի մարզի Արամուս եւ Նոր Գյուղ համայնքներում:

Լցոնում

7/25 տեղամասից ստացված ահազանգի համաձայն՝ ժամը 14:30-15:00-ի սահմաններում դռները փակվել էին, ու կատարվել էր քվեաթերթիկների լցոնում: Նույն ահազանգը ստացվեց նաեւ Էրեբունի համայնքի 11/6 եւ 13/1 տեղամասերից:

Աբովյանի 28/16 ընտրատեղամասում «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Մարո Մինասյանին դուրս էին հրավիրել, տարել այլ սենյակ, որոշ ժամանակ հետո վերադառնալով՝ նա տեսել էր, որ քվեատուփը լցված է:

Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի տվյալների համաձայն, Գորիսի Կոռնիձոր եւ Ներքին Խնձորեսկ գյուղերում առավոտյան արդեն 8:15-ի սահմաններում քվեատուփը կիսով չափ լցված էր: Եվ Կոռնիձորի գյուղապետ Սուրիկը ինքն էր լրացրել եւ արկղ գցել քվեաթերթիկները:

Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարության համաձայն՝ «Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/17 տեղամասում ծեծի են ենթարկվել վստահված անձինք, կատարվել է քվեաթերթիկների լցոնում: 28/7 տեղամասում ահաբեկել եւ առեւանգել են հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց եւ կատարել լցոնումներ: Թիվ 17 ընտրատարածքում 17/1, 17/2 եւ 17/3 ընտրատեղամասերում կազմակերպված խմբերով մտել են ընտրական տեղամասեր ու կազմակերպել են լցոնումներ»:

Ընտրակաշառք

Ըստ ստացված ահազանգի՝ ՀՀԿ ներկայացուցիչները Գյումրիի 34/20 տեղամասում ժամը «13:05-ի դրությամբ ընտրակաշառք էին բաժանում»: Տարբեր թեկնածուների վստահված անձինք դիմել էին ոստիկաններին, որոնք խուսափել էին միջամտությունից:

Նոր Հաճնում տարածված լուրերի համաձայն՝ փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը 5000-10000 դրամ ընտրակաշառք էր բաժանվել: Այս մասին լուրեր էին հասել նաեւ Նոր Հաճնի 27/1 ընտրատեղամասում Արթուր Բաղդասարյանի վստահված անձ Հարություն Զաինցյանին:

Ճնշումներ

Թիվ 7/5 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահն իր համախոհ մի խումբ անձանց հետ սպառնացել էր ՕԵԿ հանձնաժողովի անդամ Լեւոն Պողոսյանին, ճնշման տակ դուրս հրավիրել ու պահանջել, որ չվերադառնա:

Աբովյանի 28/16 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը սպառնալիքներով եւ ահաբեկմամբ դուրս էր արել լցոնումների դեմ պայքարող ՕԵԿ հանձնաժողովի անդամ Անահիտ Թամարյանին ու պահանջել, որ չվերադառնա:

Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Ներքին Գետաշեն, Ծակքար, Ձորագյուղ գյուղերում նույնպես ճնշումներ էին գործադրվել հանձնաժողովների ՕԵԿ-ական անդամների վրա՝ գործադրվել սպառնալիքներ: Եվ մասնավորապես Ներքին Գետաշենում, ըստ Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանի, ընտրողներին ստիպել էին բաց քվեարկել:

Իրավապահները

հերքում են

Դատախազությունը եւ ոստիկանությունը շտապեցին հերքել ՕԵԿ ներկայացուցիչներից ստացած ահազանգերը: Ասենք, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Ավոյանն ահազանգել էր, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/8 տեղամասում, թիվ 255 մսուր-մանկապարտեզի մոտ, տեղի է ունենում ծեծկռտուք: Գլխավոր դատախազությունը տարածեց, թե «ստուգմամբ ահազանգը չի հիմնավորվել»:

Դատախազության մեկ այլ հաղորդագրություն էլ վերաբերում էր ՕԵԿ շտաբից ստացված ահազանգին՝ թիվ 13/16 ընտրատեղամասում քվեաթերթիկների լցոնման դեպքի վերաբերյալ «որպես տեղեկատվության աղբյուր մատնանշելով թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, ՕԵԿ ներկայացուցիչ Իվան Ասատրյանին: Ահազանգի ստուգման ընթացքում Ի. Ասատրյանը հերքել է լցոնման փաստը եւ Էրեբունի ու Նուբարաշեն համայնքների դատախազության ավագ դատախազ Է. Մարտիրոսյանի հարցմանն ի պատասխան նշել, որ լցոնման մասին հեռախոսով իրեն հայտնել էին «Ժառանգություն» կուսակցության դիտորդները, սակայն հետագայում թիվ 13/16 ՏԸՀ անդամ, ՕԵԿ ներկայացուցիչ Նազիկ Օհանյանի միջոցով պարզել է, որ լցոնման դեպք նշված տեղամասում տեղի չի ունեցել»:

Ոստիկանությունն էլ հերքեց թիվ 7/2 ընտրատեղամասում լցոնումների վերաբերյալ Արտաշես Ավոյանի ահազանգը, նշելով, թե այն չի հիմնավորվել. «Իսկ 28/16 ընտրատեղամասի վերաբերյալ զանգվածային լցոնումների վերաբերյալ Ա. Ավոյանի ահազանգում նշված փաստը ստուգվում է»:

ՕԵԿ-ի exit poll-ը

Ժամը 22-ի սահմաններում Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հայտարարությամբ տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է էքզիթ փոլ՝ շուրջ 50 հազար քաղաքացիների շրջանում, Երեւանում ու բոլոր մարզերում. «Ստացված արդյունքները դասակարգվել են հետեւյալ համամասնությամբ՝ Արթուր Բաղդասարյան-35%, Սերժ Սարգսյան-33%, Լեւոն Տեր-Պետրոսյան- 20,5%, Վահան Հովհաննիսյան-7%: Մյուս թեկնածուները հավաքել են ընտրողների ձայների 4 տոկոսը: Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը տեղեկացնում է, որ արդեն հրապարակված էքզիթ փոլի երկու արդյունքները, ըստ որոնց՝ մի դեպքում Սերժ Սարգսյանն է հաղթել առաջին փուլում, մյուս դեպքում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չեն արտացոլում իրականությունը: Ավելին, իշխանական քարոզչամեքենայի ակտիվ պրոպագանդումը առաջին փուլով ընտրություններն ավարտելու մասին եւս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ ընտրությունների արդյունքում կատարված կեղծիքների եւ զանգվածային լցոնումների նպատակը մեկ փուլով ընտրությունների արդյունքների ամփոփման խնդիր էր հետապնդում: Առաջին փուլով ընտրություններն ավարտելու մասին էր ընտրություններից առաջ խոսում նաեւ մյուս թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հայտարարում է, որ ուշադիր հետեւում է ձայների հաշվման գործընթացին ու դրանց ավարտից հետո նախագահական ընտրությունների առնչությամբ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»:

Հ. Գ. Մի զավեշտ ընտրախախտման էլ ականատես դարձանք մենք, եւ այն արձանագրեցին նաեւ Արթուր Բաղդասարյանի Աջափնյակի շտաբի ներկայացուցիչները: Թիվ 6/10 ընտրատեղամասից, որի դիմաց կանգնած էին «Առաջ, Հայաստան» դրոշով սպիտակ «Նիվաներ»՝ ժամը 13-ի սահմաններում դուրս եկավ մի կին՝ կիսաուշաթափ վիճակում, արտասվելով: Նրան ջուր հասցրին, սակայն կինը չէր հանգստանում: Մեր հարցին, թե ինչ է պատահել՝ կինը խիստ վիրավորված եւ արտասվելով պատասխանեց, թե ինքն ուզում էր քվեարկել Լեռնային Ղարաբաղի անձնագրով, բայց իրեն նկարեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել