Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ Է ՊԱՏՈՒՄ

Փետրվար 20,2008 00:00

\"\"Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահները ընտրախախտողներին թողած՝ լրագրողների դեմ էին արձանագրություններ կազմում:

Էրեբունի համայնքի ընտրատեղամասերում դեռ կեսօրին այնքան ծեծկռտուքներ էին եղել, որ անգամ վստահված անձինք վախենում էին որեւէ դժգոհություն հայտնել:

Թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 ընտրատարածքում, որտեղ նաեւ ծեծի էին ենթարկել «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը նույնիսկ չցանկացավ ներկայանալ ու մեզ հետ զրուցել՝ պատճառաբանելով, որ չի ուզում լրագրողի օրն ընկնել: Վերջինս ընտրատարածքի խախտումների մասին մեզ թաքուն պատմեց. «Քվեատուփի մոտ խրձով թերթիկներ էին թափված, մեկն ուզում էր գցել տուփի մեջ, երբ նկատեցի, հանձնաժողովի նախագահը հրաժարվեց արձանագրություն կազմել՝ ասելով, թե իբր թերթիկները մի պառավի մոտից են ընկել»: Հանձնաժողովի նախագահ Վասիլի Աֆյանը հրաժարվեց «Առավոտին» որեւէ տեղեկություն տալ, խոչընդոտում էին լուսանկարահանմանը: Երբ փորձում էինք նրանից խախտումների հետ կապված պարզաբանումներ ստանալ, վերջինս մի բան էլ մեր վրա արձանագրություն կազմեց՝ իր աշխատանքներին խոչընդոտելու պատճառաբանությամբ: Նա տեղամասի չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էին քվեաթերթիկները, տեղադրել էր հանգստի սենյակում, ինչի իրավունքը չուներ: Երբ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը պահանջում էր, որ պահարանը բերի-դնի բոլորի աչքի առաջ, նա հեգնանքով ասում էր՝ «մեջքս ցավում է, չեմ կարող»:

\"\"Թիվ 13/28 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Կարեն Կարապետյանը նկատել էր, որ քվեարկությանը մասնակցում է անչափահաս տղա:

13/25 ընտրատեղամասում էլ Սերժ Սարգսյանը 2 վստահված անձ ուներ, մինչդեռ ըստ սահմանված կարգի, պետք է ներկա լինի մեկը: Ընտրողներից մեկի՝ Բաբկեն Նազարյանի խոսքերով՝ իր բնակարանի վրա գրանցված են ընդամենը 4 հոգի, իսկ ընտրացուցակներում ներառվել են եւս 4 հոգի:

Արաբկիր համայնքի Հ. Քոչարի փողոցի 18 շենքի առաջին հարկում տեղակայված 4/24 ընտրատեղամասում մեր ներկայության պահին ընտրողներից մեկը քվեախցիկին մոտեցավ 15-16 տարեկան երեխայի հետ: Երբ այս մասին հանձնաժողովի նախագահ Արմեն Մարտոյանի ուշադրությունը հրավիրեցինք, նա արձանագրություն կազմեց, բայց ոչ թե ընտրախախտում անողի դեմ, այլ՝ «Առավոտի» լրագրողի: Արձանագրություն կազմելուց հետո նա մեզ դուրս արեց ընտրատեղամասից՝ ընտրողներին չխանգարելու պատրվակով:

Դավիթաշեն թաղամասի 5/05 տեղամասում ՀՀԿ-ի թեկնածուի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի 3-ական վստահված անձ կար:

Աղբյուր Սերոբի փողոցում գտնվող թիվ 4/28 տեղամասի առջեւ ընտրողների մեծ հերթեր էին գոյացել: Հանձնաժողովի անդամները թույլ էին տալիս խմբերով մտնել ու քվեարկել՝ ասելով. «Հազիվ եկել են, ո՞նց թողնենք գնան»:

Քանաքեռ-ՀԷԿ թաղամասի 4/02 ընտրատեղամասում խոչընդոտում էին մեր լուսանկարահանմանը:

Արաբկիր համայնքի ընտրատեղամասերում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք խուսափում էին լրագրողներին տեղեկություններ տալ՝ ասելով, որ ընտրախախտումների հետ կապված իրենց բոլոր դիտողությունները կանեն երեկոյան ժամը 8-ից հետո:

Որոշ ընտրատեղամասերում կեսօրի դրությամբ ընտրությանը մասնակցել էր 350-400 մարդ: 4/28 տեղամասում 12:30-ին քվեարկել էր 400 մարդ, իսկ 5/18-ում՝ 370:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել