Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 20,2008 00:00

Ընտրական խճանկար

Ծեծել են լրագրողին

Երեկ Էրեբունու թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 տեղամասում ոստիկանության աչքի առջեւ ծեծի է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը, տեղեկացնում է «Ա1 պլյուսը»: Ըստ նույն աղբյուրի, Լ. Բարսեղյանը ընդամենը տեղեկացրել է, որ մի խուրձ քվեաթերթիկ է փախցրել հանձնաժողովի նախագահի սենյակ եւ թաքցրել: Երբ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը եւ հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը պահանջել են արձանագրություն կազմել, հանձնաժողովի նախագահը չի կատարել, «ՀԺ»-ի լրագրողը փորձել է հանձնաժողովի նախագահից ճշտել ինֆորմացիան: Դրան ի պատասխան, հանձնաժողովի նախագահ Վասիլ Աֆյանն ուղղակի ներս է հրավիրել ոստիկաններին, որոնք փորձել են լրագրողին հեռացնել տեղամասից: Այդ ընթացքում Լուսինեն շարունակել է կատարել իր մասնագիտական պարտքը, ինչի արդյունքում տեղամաս ներխուժած մի երիտասարդ նախ լուսանկարել է իրեն, ապա ձեռքից խլել ֆոտոապարատն ու ձայնագրիչը եւ սկսել ոտքերով եւ ձեռքերով հարվածել՝ ոստիկանների ներկայությամբ: «ՀԺ»-ի թղթակիցն «Առավոտին» հայտնեց, որ ծեծկռտուքի պատճառով այժմ ուժեղ ցավեր ունի որովայնի շրջանում. «Ոտքերով ու ձեռքերով ինձ հարվածում էին, դրանց մեջ էր Թոխմախի Մհերի բարեկամը, որն էլ խլեց ձայնագրիչս ու ֆոտոապարատս: Եվ այդ ամենը կատարվում էր Էրեբունու ոստիկանապետի աչքի առաջ»:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Քաշքշել են ու հայհոյել

Ըստ a1plus.am-ի, կեսօրին Զավարյան 6 հասցեում փորձել են կոտրել «Ա1+»-ի տեսախցիկը: Սեւ շորեր հագած մի խումբ հարբած երիտասարդներ մոտեցել են «Ա1+»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանին, նրա՝ մեքենայից դուրս գալու պահին: Նրանք ծեծել են օպերատորին, խլել են տեսաերիզը, կոտրել, հետո փորձել վնասել տեսախցիկը: Ըստ նույն աղբյուրի, երիտասարդներից մեկն էլ, տեսնելով մեքենայում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի բուկլետը, սկսել է հայհոյել: Նա հայհոյանքներ է տեղացել նաեւ «Ա1+»-ի օպերատորի եւ մեքենայում գտնվող «Ժամանակ Երեւան» թերթի լրագրողի հասցեին: «Ա1+»-ից «Առավոտին» հայտնեցին, որ օպերատորը վնասվածքներ չի ստացել:

Ե. Հ.

Սպառնացել են

Ժամը 13-ի սահմաններում Աշտարակ քաղաքի 14/07 տեղամասում՝ շուրջ 40 րոպե 100 հոգանոց մարդկային կուտակումներ են եղել: Երբ վստահված անձինք դժգոհել են հանձնաժողովի նախագահ Էմմա Խաչատրյանին, վերջինս ասել է, որ իբր ինքն է ներս թողել մարդկանց՝ անձրեւից պատսպարվելու համար: Իրականում այդ ժամանակ անձրեւ չի էլ եղել: Կազմվել է արձանագրություն, որի տակ ստորագրել են միայն ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները:

Ժամը 14.30-15-ի սահմաններում նույն ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոնա Մալխասյանին զանգահարել են «փակ» համարից ու սպառնալիքներ հնչեցրել: Ս. Մալխասյանն «Առավոտին» հայտնեց, որ փոխքաղաքապետ Գագիկ Շահազիզյանի կողմից էլ է նման վերաբերմունքի արժանացել: Ինչ վերաբերում է քաղաքապետ Գագիկ Թամազյանին, Մալխասյանի փոխանցմամբ՝ վերջինս իրավունք չունի, սակայն այցելում է ընտրական տեղամասեր եւ յուրօրինակ «ստուգումներ» անցկացնում:

Թալինում

Թալինի Կաքավաձորի բնակիչ Ալվարդ Գագիկյանի անձնագրի 32 էջում երեկ փակցված է եղել 22 էջ գրված թերթիկը: Արձանագրվել է, որ ընտրողները օգտվում են մի քանի գույնի գրիչներից: Մասնավորապես, կապույտով քվեարկել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հայկ Աթանեսյանի կողմնակիցները:

15/14-ում

Թալինի քաղաքապետի փեսան՝ հանձնաժողովի նախագահ Գարեգին Ավդալյանը, որպես լրագրող չէր թողնում, որպեսզի լուսաբանեմ ընտրությունների ընթացքը: Նա պահանջում էր դիտորդի կարգավիճակը խորհրդանշող փաստաթուղթ:

Բարձր ցուցակներ

եւ կուսակցական գրիչներ

Երեկ ականատես եղանք, որ Թալինի 15/15 ընտրատեղամասում ընտրացուցակները 2,5 մ բարձրության վրա են փակցված, եւ ընտրողներին չէր հաջողվում իրենց անունը կարդալ, իսկ Աշտարակի 14/03 ընտրական տեղամասում հանձնաժողովի քարտուղարը «Առաջ Հայաստան» գրիչով էր ցուցադրաբար աշխատում եւ այն գործածում էր ընտրողների մոտենալուն պես:

Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել