Լրահոս
Օրվա լրահոսը

Ոմանց համար մեկ է՝ ով է ՀՀ նախագահը

Փետրվար 21,2008 00:00

Մտավորականների մի մասն էլ թարմ ուժ է ուզում կամ հանճարեղ նախագահ ու ընդդիմությանը զգոնության կոչ է անում:

Ընդունված է, որ երկրի համար բախտորոշ իրադարձությունների ժամանակ անվանի մտավորականներն իրենց ծանրակշիռ խոսքն ասեն: Ցավոք, Հայաստանում նրանք միշտ չէ, որ ցանկանում են արտահայտվել ու զանազան պատճառաբանություններով հաճախ հրաժարվում են կարծիք հայտնել այս կամ այն երեւույթի մասին: Երեկ՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը, «Առավոտը» կապվեց որոշ մտավորականների հետ՝ նրանց տեսակետներն իմանալու ակնկալիքով:

Վարդուհի Վարդերեսյան, դերասանուհի.- Կարծիքս շատ դրական չէ, իհարկե, ցավոք այդպես էլ չկարողացանք քաղաքակրթվել, ազատագրվել… Ուզում ենք Եվրախորհուրդ մտնել, բայց այս ձեւո՞վ, ախր ահավոր բաներ են կատարվում…. Ես շատ վրդովված եմ, մտքերս էլ՝ ցաքուցրիվ, նախօրոք չեմ ուզում ինչ-ինչ եզրահանգումներ անել: Գուցե մի քանի օր սպասեմ… Ինչ վերաբերում է իմ վճռին, ես այն արդեն տվել եմ՝ ուզում էի այս կարգերը վերանան, հարում էի Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ մտածելով, որ նա կկարողանա ինչ-որ բան անել, որովհետեւ փորձ ունի: Մյուս կողմից էլ, Փափազյանն ասել է՝ հաղթանակների հաղթանակը ինքն իրեն հաղթելն է, սեփական սխալը զգալը… Դա ավելի նախընտրելի է, քան այն, որ որեւէ մեկը նոր գա ու սկսի երկիրը ղեկավարել: Մեզ խամ մարդիկ պետք չեն, դժվար է այս երկիրը ղեկավարելը, մանավանդ՝ երբ հավատն է կորել: Տեսեք՝ ովքե՞ր են նախագահի թեկնածուները, չես կարող որեւէ մեկի վրա հենվել: Չկա այն կատարյալ անձը, իսկապես հանճարեղ մեկը, որ երկիրը հանի այս վիճակից: Իսկ մեզ միջակություններ պետք չեն…Անկեղծ ասած, մտավորականներս չէ, որ պիտի խոսենք ընտրական կեղծիքներից, անարդարություններից, մեր գործը ոգեղեն բաներ ասելն է:

Բարսեղ Թումանյան, օպերային երգիչ.- Այս պահին դժվարանում եմ կոնկրետ բան ասել: Նոստրադամուսը հո չես, որ կանխատեսումներ անես: Ես կսպասեի, աշխատանքով կհամոզվեի, թե չէ՝ խոստումներ միշտ էլ շատ են լինում, հետո՝ գնա իմացի… Ինչ վերաբերում է ինձ, ես ընդհանրապես չեմ էլ մասնակցում ընտրությունների: Ինձ համար մեծ հաշվով՝ ով էլ լինի նախագահ, էական չէ, որովհետեւ ես իմ ազգի զինվորն եմ նախեւառաջ ու իրենց (իշխանությունների- Գ. Հ.) հետ մոտիկություն ունենալու խնդիր չունեմ:

Արեւշատ Ավագյան, բանաստեղծ, նկարիչ.- Ընտրություններին, իհարկե, մասնակցել եմ, որովհետեւ շատ կարեւորում եմ երկրում կայունությունը, բայց այդ կայունությունը, հավաքականության մեջ, դժբախտաբար, այսօր աշխարհում էլ ապահովված չէ, ուր մնաց՝ Հայաստանում: Արդար, թափանցիկ ընտրություններ, պետականության պահպանություն՝ սրանք խորը վերլուծությունների տեղիք տվող խոսակցությունների թեմա են, դրա համար չեմ ուզում միակողմանի լինել եւ կտրուկ բաներ ասել, թեեւ իրականությունը կասկածների տեղիք է տալիս… Կողմնակից եմ, որ հանդուրժողականություն, սրտացավություն, ներողամտություն լինի, անկախ նրանից, թե ով է հաղթել: Ընդդիմությունն էլ գործի ավելի կազմակերպված, նպատակամղված, պետականության գիտակցմամբ, բարոյականության չափանիշները պահպանելով, իսկ եթե դրանք չեն պահպանվել՝ իմաստուն քայլեր անի, ոչ թե գնա առճակատումների ու բախումների: Չպիտի ուրախացնենք օտարներին ու թշնամիներին, իսկ եթե ներքին թշնամին կա, հաղթահարենք այն ու անօրինականությանը անօրինականությամբ չպատասխանենք:

Լեւոն Թոքմաջյան, քանդակագործ.- Արվեստագետի հոգեվիճակներն այնքան տարբեր են ու հակասական… Դրա համար կոնկրետ բան չեմ կարող ասել: Ես գնացել եմ ընտրության, հիմա էլ մտորումների մեջ եմ, որովհետեւ հո օդում չե՞մ ապրում… Իմ շրջապատը, իմ ժողովուրդը, իմ պետությունը, իմ իշխանությունները՝ բոլորի տրամադրությունները շատ կարեւոր են ինձ համար: Օրինակ, այս պահին մի կոմպոզիցիայի վրա եմ աշխատում, որը կոչվում է «Փախուստ իրականությունից»: Այսինքն, ես իմ ընդվզումներն ու հոգեվիճակներն արտահայտում եմ իմ գործով, ես չեմ կարող միտինգ անել… Մի կողմից մտածում եմ՝ գուցե լա՞վ է, որ իշխանությունները չեն զիջում իրենց դիրքերը, կարծելով, որ իրենցից լավը չկա, մյուս կողմից էլ՝ բա սերնդափոխություն տեղի չունենա՞ր, վիճակը լավանար… Ես քաղաքական գործիչ չեմ, արվեստագետ եմ, զգացմունքային մոմենտներով եմ ղեկավարվում: Օրինակ, մտածում էի նաեւ՝ մի թարմ ուժ գար, ասենք՝ Արթուր Բաղդասարյանը, որ երիտասարդ է, իսկ երիտասարդությունը չէ՞ որ խիզախություն է:

Նիկոլ Աղաբաբյան, գեղանկարիչ.- Ես միշտ իշխանություններին քննադատաբար եմ վերաբերվել, բայց այս պարագայում ես երկրամետ եմ: Ըմբոստացումներ, բաներ են գնում, ինչը ի շահ մեր երկրի չէ: Ինչ-որ մարդիկ իրենց խնդիրները առաջ տանելու համար ուզում են այս երկիրը խառնել իրար, ինչո՞ւ… ժողովուրդը պիտի հասկանա, որ անհատ մարդկանց համար չի ապրում, այլ երկրի, հայրենիքի: Եվ հետո, եթե Սերժ Սարգսյանը բացարձակ մեծամասնությամբ հաղթել է, ինչո՞ւ ամեն ինչ խառնել իրար: Եկե՛ք երկրին տիրություն անենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել