Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ

Փետրվար 21,2008 00:00

Աշխարհի ութ ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ Մեքսիկայում անցկացվող «Morelia /Linares» 21-րդ կարգի միջազգային գերմրցաշարում Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երկրորդ փայլուն հաղթանակը տարավ:

Չորրորդ տուրում Արոնյանը սեւերով հանդիպեց Ուկրաինայի թիվ մեկ շախմատիստ Վասիլի Իվանչուկին եւ 60-րդ քայլում պարտության մատնեց նրան: Իր անվան դիմաց առաջին հաղթական միավորը գրանցեց Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովը: Նա սպիտակներով առավելության հասավ մրցաշարի առաջատար բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ: Վիշվանաթան Անանդ-Թեյմուր Ռաջաբով եւ Մագնուս Կարլսեն-Պետեր Լեկո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:

1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 2,5 միավոր

2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 2,5

3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 2,5

4. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) 2,0

5. Պետեր Լեկո (Հունգարիա) 2,0

6. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 1,5

7. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 1,5

8. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 1,5

Երեկ կայանալու էր հինգերորդ տուրը՝ հետեւյալ զույգերով. Տոպալով-Կարլսեն, Արոնյան-Շիրով, Լեկո-Անանդ, Ռաջաբով-Իվանչուկ:

Երիտասարդները լավ մարզավիճակում են

Ռուսաստանի մայրաքաղաքում շարունակվում է շախմատի «Aeroflot Open» միջազգային ավանդական մրցաշարը, որի բոլոր չորս առաջնություններին ընդհանուր առմամբ մասնակցում է շուրջ 500 շախմատիստ:

Ուժեղագույնների «A1» մրցաշարում Հայաստանի չեմպիոն Կարեն Ասրյանը 6-րդ տուրից հետո 4,0 միավորով ընթանում է 10-րդ տեղում: Դա այս խմբում մեր հանրապետության ներկայացուցիչների առայժմ լավագույն ցուցանիշն է: Մրցաշարի վերջնամասում սկսել է թափ հավաքել գրոսմայստեր Արտաշես Մինասյանը, որը 3,5 միավորով մրցաշարային աղյուսակում շրջանցեց բոլոր մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող Վլադիմիր Հակոբյանին:

Շարունակում են ուրախություն պատճառել հայաստանցի երիտասարդ շախմատիստները:

«B» խմբում Դավիթ Քալաշյանը յոթ տուրից հետո կորցրել է ընդամենը մեկ միավոր եւ բաժանում է 1-2-րդ հորիզոնականները: Մրցանակային տեղերի հավակնում են նաեւ 5,0-ական միավոր վաստակած Յուրի Համբարձումյանն ու Վահե Բաղդասարյանը: Նրանք լրացուցիչ գործակիցներով, համապատասխանաբար, զբաղեցնում են 10-րդ եւ 19-րդ տեղերը:

Գործերն ավելի լավ են ընթանում «C» խմբում: Այստեղ նույնպես մրցաշարային աղյուսակը գլխավորում է հայաստանցի շախմատիստ: Նա Խաչատուր Մեսրոպյանն է՝ 6,0 միավոր: Եվս չորս շախմատիստներ տեղ են զբաղեցնում 20 առաջատարների շարքում: Նրանք են:

5. Վարդան Խոջայան՝ 5,5

7. Արթուր Ղարագյոզյան՝ 5,5

11. Առնոլդ Մինասյան՝ 5,0

13. Տիգրան Սիմոնյան՝ 5,0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել