Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՆԿԵՐԻ՞Ց ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ

Փետրվար 21,2008 00:00

Ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ, մայրաքաղաքում երթեւեկությունը կաթվածահար վիճակում էր: Հատուկենտ երթուղայիններ էին ուղեւորներին սպասարկում: Հատկապես կենտրոնում երթուղային տրանսպորտ գտնել չէր լինում, որովհետեւ վարորդները հրաժարվում էին երթեւեկել: Այս առնչությամբ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եդիգարյանը «Առավոտին» պարզաբանեց, որ վարորդներն այսօրվա հանրահավաքի պատճառով վախեցած են. «Թիվ 94 երթուղայինի վերջնականգառում մի խումբ երիտասարդներ են լցվել մեքենան ու վարորդին ստիպել, որ քշի Մատենադարանի մոտ: Վարորդը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ իր գիծն այդ կողմ չի գնում՝ էդ լակոտներն էլ ծեծել են նրան: Այդ դեպքն աչքի առաջ ունենալով՝ շատ վարորդներ դուրս չեն գալիս գիծ»: Թիվ 123 երթուղայինները Մալաթիա-Սեբաստիա համայնքից մինչեւ Ջրվեժ են հասնում: Սակայն երեկ կեսօրից հետո այդ երթուղու վարորդներն ուղեւորներին դեռ սկզբնականգառից նախապես զգուշացնում էին. «Մալաթիայի շուկայից հեռու չեմ քշելու, քաղաք չեմ գնալու»: Իսկ թիվ 75, 98, 70, 100, 21, 82 երթուղայինները ժամը 13-ից ընդհանրապես չէին աշխատում: Պրն Եդիգարյանի խոսքերով՝ վարորդները հիմնականում վախենում են, որովհետեւ քաղաքի կենտրոնական մասերում տանկեր կան: «Երեւանտրանսի» տնօրենը «Առավոտին» վստահեցրեց, որ ընկերության բոլոր աշխատակիցներին ուղարկել է վերջնականգառներ, որպեսզի գծի տերերին, դիսպետչերներին եւ վարորդներին համոզեն երթուղին սպասարկել: Նկատենք, որ երթուղային գծերի տերերի մեծ մասը սատարում է Սերժ Սարգսյանին, ուստի, ըստ շրջանառվող լուրերի, գծի տերերը «վերեւներից» հրահանգ են ստացել երթուղիները չսպասարկել, որպեսզի մարդիկ ծայրամասերից չգան ու չմասնակցեն Մատենադարանի մոտ անցկացվող Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Ինչ վերաբերում է նրան, որ ընտրությունների օրն էլ բազմաթիվ երթուղայիններ գծից դուրս են եկել՝ Ս. Սարգսյանի ընտրողներին մատակարարելու համար, պրն Եդիգարյանը պարզաբանեց, որ երթուղիների տերերն իրեն վստահեցրել են, թե ռեզերվային տրանսպորտն են ընտրությունների համար օգտագործել, իսկ գիծը իբր թե նորմալ սպասարկվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել