Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՆ ԷԼ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԲՌՆԵԼ»

Փետրվար 23,2008 00:00

\"\"Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանն իշխանությանը խոհեմության կոչ է անում

– Ինչո՞ւ է Վազգեն Մանուկյանի շտաբը դանդաղում ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտելուց:

– Մեր թեկնածուն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա իմ հաշվետվությունից հետո: Հաշվետվությունը հիմնված է շտաբի վերլուծական աշխատանքների ամփոփման վրա: Աշխատանքները կամփոփվեն, մենք կճշտենք սխալների եւ կեղծիքների սահմանները, կտեսնենք՝ եղե՞լ են էականորեն ազդող ընտրակեղծիքներ, թե՞ ոչ, այդ դեպքում մեր թեկնածուն հայտարարություն կանի: Ինքնին հասկանալի է, որ 1,5 տոկոս հավաքած թեկնածուի շտաբը մտահոգված չէ իր թեկնածուի ձայները շատացնել կամ քչացնելու հարցում: Մենք մտահոգված ենք հանրապետությունում արդարությունը վերականգնելու խնդրով: Այդ է պատճառը, որ ընտրություններն անցել են, եւ մենք բոլորս թողել ենք մեր կարեւոր աշխատավայրերն ու զբաղվում ենք վերջնական վերլուծությամբ:

– Մարդկանց մի ստվար զանգված դուրս է եկել հրապարակ եւ արդարության վերականգնում է պահանջում: Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերն էլ, Արթուր Բաղդասարյանն էլ հայտարարում են, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն: Դուք էլ եք ասում, որ արդարության կողմնակից եք…

– Արդարությունը մի քիչ առաձգական հասկացություն է: Ես չեմ ուզում մեր թեկնածուին օրինակ բերել. եթե ինձ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին համեմատելու լինեք՝ ես արդարության հուշարձան եմ: Ի՞նչ արդարության մասին է խոսքը: Եվ հետո, այդ ժողովուրդը չի հավաքվել Լեւոն Տեր-Պետրոսյան թեկնածուի շուրջ: Նրանք համախմբվել են այդ թեկնածուի շուրջ՝ վերականգնելու, իրենց կարծիքով, կորսված արդարությունը՝ օգտագործելով այդ մարդուն որպես գործիք, որը եւ նա իրեն առաջարկել էր:

– Վազգեն Մանուկյանին սատարող ուժերը չե՞ն փորձելու փողոցում, հարթակներում իրենց պատկերացրած արդարությունը վերականգնել:

– Վազգեն Մանուկյանին սատարող ուժերը միշտ էլ եղել են հարթակում, գրասենյակում, ռազմի դաշտում, խրամատում: Միշտ էլ արդարության պաշտպանի առաջին եզրագծում:

– Նախորդ օրը, մինչեւ ուշ երեկո, Վազգեն Մանուկյանին սատարող կուսակցությունների առաջին դեմքերը ԱԺՄ գրասենյակում հավաքվել եւ քննարկում էին: Ի՞նչ էին քննարկում եւ ի՞նչ որոշվեց:

– Վազգեն Մանուկյանի շտաբին զուգահեռ՝ գործել եւ գործելու է այն ուժերի խորհուրդը, որը մտադիր է հիմնադրել ազգային ժողովրդավարության շարժումը եւ դաշտ ստեղծել: Հավաքում դիտարկվում էր եւ այդ խնդիրը՝ այս օրերի զարգացումների կոնտեքստում եւ մեր դիրքորոշումը մեր թեկնածուի առումով: Բայց թեկնածուն ինքը հայտարարություն կանի: Մենք ընդամենը խորհրդականներ ենք:

– Հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական այնպիսի զարգացումներ, որոնք կբերեն բախումների:

– Միանշանակ՝ այո, որովհետեւ երկու կողմերն էլ շատ կոշտ դիրքորոշում են բռնել եւ գտնվում են անհամաձայնության դաշտում: Եթե ժամանակին ժեստ արվեր իշխանությունների կողմից եւ հնարավորություն ընձեռվեր այդ պայքարը տեղափոխել ավելի քաղաքակիրթ դաշտ՝ մենք այսօր այս վիճակում չէինք լինի: Բայց այսօր էլ ուշ չէ, կարծում եմ՝ դեռ կարելի է համաձայնության գալ եւ նոր ընտրություններ նշանակել: Կարծում եմ, դա նաեւ պատիվ կբերեր Սերժ Սարգսյանին եւ հնարավորություն կտար նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մարդկանց, ՀՅԴ-ին, Բաղդասարյան Արթուրին՝ շատ ավելի հանգիստ սրտով գնալ նոր ընտրությունների, որովհետեւ կլիներ փոխհամաձայնության դաշտ: Եվ այդքան էլ ծախսեր չէին անի: Միլիոններով փող գնաց՝ անիմաստ տեղը: Այդ գումարը կդնեին մի լավ գործի, մի նոր նախաձեռնության: Ունենք մտավոր ներուժը, մենք կիրառականը չունենք. այդ գումարը հերիք էր՝ հինգ տարի ֆինանսավորելու զարգացող եւ պահանջարկ ունեցող որեւէ գիտական ճյուղ: Ժողովուրդն էլ կգնար, առանց կաշառքի նախագահ կընտրեր: Եթե ոչ մեկը գումար չտա՝ ժողովուրդն էլ կհասկանա, որ այս անգամ խղճով է ընտրում: Էնպես են սովորեցրել, որ ժողովուրդը զարմանում է՝ առանց փողի է՞լ են ընտրում:

– Աստված մի արասցե, բախումների դեպքում ի՞նչ կեցվածք կընդունի Վ. Մանուկյանի շտաբը:

– Ես իմ անունից կարող եմ ասել՝ ես միշտ ժողովրդի հետ եմ, եթե նա նույնիսկ սխալ է: Բայց ժողովրդի հետ լինել չի նշանակում նույն սխալը կրկնել:

– Ժողովրդի մասին էլ չե՞ք մտածի:

– Ժողովուրդն իր մասին այնքան լավ է մտածում, որ կարիքը չունի իմ մտածելու: Ինչ ասում ես՝ համառորեն հակառակն են անում: Ասում ենք՝ ընտրակաշառք մի վերցրեք, գնում՝ վերցնում են, ասում ենք՝ ընտրեք ճիշտը, որը գտնում եք՝ գնում վատը կամ ավելի վատն են ընտրում: Ես արդեն համոզվել եմ, որ ժողովրդին տալու բան չունեմ: Ինչ առաջարկում եմ, ասում են՝ ապրես, լավ ա, բայց…

– Ընտրություններից երկու օր առաջ Վազգեն Մանուկյանին սատարող ուժերը «Հաղթանակին ընդառաջ» խորագրով եւ տրամաբանությամբ հավաք էին կազմակերպել: Ընտրություններից երկու օր անց կարելի՞ է պարտություն արձանագրել:

– Դուք նկատի ունեք մեր հավաքած ձայնե՞րը… Ես այսօր համալսարան էի գնացել՝ զրույցներում պարզվեց, որ ամենալավ թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Ես ստիպված եղա մի քանի դասախոսի բացատրել, որ ընտրություններն ավարտվել են, եւ ժողովրդի կարծիքով՝ ամենեւին էլ Վ. Մանուկյանը չէ: Ասում են՝ դա ի՞նչ կապ ունի: Ես դա չեմ հասկանում: Ասում են՝ լավը սա է, բայց ընտրում ենք այն վատին: Երեւի մեր ժողովրդի տեսակն է՝ իր հետաքրքիր մտածողությամբ, որը կարիք ունի գիտական ուսումնասիրության: Հայագիտության նոր ճյուղ է պետք ստեղծել՝ ժամանակակից մտածողությունը հասկանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել